11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները Ալիևի համար են աշխատում

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների համակարգող կենտրոնը դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին: Այդ մասին ֆեսբուքի անձնական էջում գրառում է կատարել լրագրող Աֆղան Մուխթարլին:

«Ադրբեջանում ներկայումս հարյուրավոր անձինք, այդ թվում՝ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ և առաջնորդներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղհասարակության այլ ներկայացուցիչներ քաղաքական մոտիվացիա ունեցող մեղադրանքներով զրկված են ազատությունից»,- ասված է դիմումի նախաբանում:

Հեղինակներն այնուհետև Միացյալ Նահանգների փոխնախագահին առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկայում սպասվող հանդիպմանը բարձրացնել մարդու իրավունքների, մասնավորապես՝ «խղճի կալանավորների» հարցը «անհապաղ օրակարգ բերել»: Որպես նախադեպային՝ նրանք վկայակոչել են Բելառուսում և Վենեսուելայում քաղբանտարկյալների հարցի «մասնակի լուծումը»:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահը Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ժամանակ «բացահայտ կբարձրացնի քաղբանտարկյալներին առանց նախապայմանի ազատ արձակելու անհրաժեշտությունը»:

Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիությունը համախմբող այդ կառույցն ստեղծվել է աքառասունչորսօրյա պատերազմից հետո և առնվազն և աչքի ընկել, մեղմ ասած, ոչ այնքան ադեկվատ կեցվածքով: Մասնավորապես, կառույցը երկու դիմում է հղել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին և բողոքել «մարդու իրավունքների պաշտպանության հարցում երկակի ստանդարտներ կիրառելու դեմ»:

Ադրբեջանցի քաղվտարանդիների գնահատմամբ՝ «Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի պահանջը խոչընդոտում է ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման ջանքերին, քանի որ ադրբեջանական հանրությունը հայերի նկատմամբ բացասաբար է տրամադրված»:

Այդ առթիվ ժամանակին նկատել ենք, որ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հետ գրեթե նույնական դիրքորոշում ունի: ԱՄՆ փոխնախագահին հասցեագրված դիմումը, կարծես, ամրապնդում է այդ գնահատականը:

Տպավորություն է, որ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը տեղեկացված է Վենս-Ալիև բանակցություններում հայ գերիների և պատանդների հարցով քննարկման հավանականությունից և օրակարգ բերելով ադրբեջանցի քաղբանտարկյալների «առանց նախապայմանների ազատ արձակման անհրաժեշտությունը», պարզապես ԱՄՆ փոխնախագահին «հասկացնում է», որ Ալիևի համար «չափազանց ծանր կլինի» ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձության մասին որոշում կայացնելը: