11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին. Լուսանկար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին։

Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին:

Քննարկվել են՝ խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև՝ ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին, գենդերային հավասարության ապահովմանը, ազգային փոքրամասնությունների հարցերին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:

Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:

Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը: