11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ախթալայի ֆաբրիկայի տնօրինությունը գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել

Ախթալայից տեղեկացանք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում 50 հանքափորների՝ մոտ 20 օր ընթացող գործադուլը դեռ շարունակվում է։

Հրապարակ թերթը գրել է․ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Ախթալայից ասացին, որ վերջին 2-3 օրերին գործադուլավորների եւ  կոմբինատի տնօրինության միջեւ բանակցություններ են ընթանում։

Ֆաբրիկայի տնօրինությունը գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել, որոնք, սակայն, հանքում չեն աշխատել, հեռացել են։ Կոմբինատի  ղեկավարությունը Սոթքի հանքի նախկին բանվորներին է բերել Ախթալա, որոնց մի մասն աշխատում է հանքում։

Այժմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում Սոթքից 7-8 բանվոր է աշխատում։

Ախթալայի բնակիչ, Ալավերդու նախկին փոխքաղաքապետ Սասուն Վարդումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հանդիպել է կոմբինատի ղեկավարության հետ, իրեն ասել են, որ կոմբինատը տարբեր դժվարություններ ունի, այդ թվում` պոչամբար կառուցելու խնդիր, բայց պատրաստ են կատարել գործադուլավորների պահանջները, մասնավորապես` լրացուցիչ աշխատանքի դիմաց վարձատրություն սահմանել, եւ մի քանի ամիս ժամանակ են խնդրել։

Վարդումյանը նաեւ շեշտել է, որ իշխանությունից եւ պատկան մարմիններից ոչ ոք այս ընթացքում չի հանդիպել գործադուլ անող հանքափորների հետ: Նրանք տրամադրված են վճռական` գնալ մինչեւ վերջ: