«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը գյուղի կենտրոնում պատրաստվում է ավազի հանքը շահագործել։
Ղուլունցի վաղեմի հակառակորդ, համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մանրամասնեց․ «Մի քանի ամիս առաջ ավազահանք կար, որի հետ կապված՝ քրեական գործ կա հարուցված։ ՊԵԿ-ը տուգանել է 63 միլիոն դրամով, ու, չգիտես ինչպես, էս վերջերս հանրային լսում են անում, զանգում եմ համայնքի ղեկավարի տեղակալին, հաստատում է՝ հանրային լսում եղել է, իրենք տեղյակ չեն, շրջակա միջավայրի նախարարությունն է արել: Զանգում եմ նախարարություն, ասում եմ՝ դուք տեղյա՞կ եք, ասում են՝ մենք տեղյակ ենք, որ ինչ-որ փորձաքննություն է գնում: Ասում եմ՝ իսկ դուք տեղյա՞կ եք, որ տվյալ տարածքը քրեական գործի մեջ է, ասում են՝ ո՞նց, ասում եմ՝ տենց։ Հետո իրենք, չգիտես ինչպես, բանից անտեղյակ, հանրային լսում են անում։ Նախ, առաջին վտանգն այն է, որ 22, 23, 24 փողոցները հայտնվում են սողանքի տակ՝ այդ հանքը շահագործելու դեպքում։ Երկրորդ․ շրջակա միջավայրի նախարարությունը, Երեւանում նստած, տեղյա՞կ է՝ այդ հանքը որտեղ է, ինչ վնաս կարող է հասցնել։ Օդի աղտոտվածությունից են խոսում, դրա պատասխանատուն ո՞վ է։ Մի անգամ էլ փորձ են արել՝ 4,7 հեկտար տարածքն աճուրդի հանել 331 հազար դրամով, կա ավագանու որոշում կամ քարտեզը։ Մենք ո՛չ որպես բնակիչ, ո՛չ ավագանու անդամ տեղյակ չենք այդ հանրային լսումներից։ Օրենքի շրջանակում, եթե դնում են հանրային լսում, պետք է ունենան ձայնագրություն, թող ցույց տան, ու մեկ էլ արձանագրություն` չգիտես ինչպես: Իրենց մնացել է մի քանի ամիս, վերջնականապես ուզում են այդ հանքն էլ առնեն»։
Հիշեցնենք, որ Տեղ համայնքն առաջիկայում խոշորացվելու է` միանալով Գորիսին: Մասիս Զեյնալյանն ասաց, որ, իր տեղեկություններով, հանքի շահագործմամբ ուզում է զբաղվել կա՛մ Դավիթ Ղուլունցը, կա՛մ էլ նրա եղբայրը․ «Իրենք դրել են բետոնի արտադրման գործարան՝ էլի գյուղի մեջ, շրջակա միջավայրի նախարարությունը ո՞նց է թույլատրել, այդ հողը կոպեկներով աճուրդի են դրել, ուրիշի անունով է: Չգիտես՝ սեփականատերը ոնց է դարձել համայնքի ղեկավար, որտեղ է լցվում այդ բետոնաջուրը։ Տներից մի քանի մետր հեռու է, գյուղատնտեսական հողը դրել են աճուրդի` գյուղարտադրական նշանակությամբ, բայց դարձել է շինարտադրական, ու, չգիտես ոնց, իրենք են դարձել սեփականատերը։ Վերջնականապես ուզում են հանքն էլ առնեն, պրծնեն։ Հասկացանք՝ ՔՊ-ից են, բայց դա թույլ չի տալիս, որ ինչ ուզեն, անեն»։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դավիթ Ղուլունցից։ «Ես անկեղծ եմ ասում` մի ծաղիկը սարքել եք ծաղկի փունջ, խնդրում եմ՝ ինձ չանհանգստացնեք, հաջողություն, լավ մնացեք»,- կարճ պատասխանեց նա եւ անջատեց հեռախոսը։
Նշենք, որ Դավիթ Ղուլունցը պարբերաբար սկանդալներում է հայտնվում, վերջինն այն էր, որ 2024 թվականին ձերբակալվել էր զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով։






Բաց մի թողեք
Սեղանի ոտքի տակից հանել է շպարգալկան, աշակերտները նկատել են
Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում․ Լուսանկար
ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»-ի տնօրենին. Լուսանկար