Օմանի մայրաքաղաք Մասկատում փետրվարի 6-ին մեկնարկած իրանա-ամերիկյան բանակցությունները նույն օրն ավարտվել են: Չնայած ավելի վաղ արված կանխատեսումներին, երկկողմ ուղղակի քննարկումներ չեն կայացել:
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ:
Քննարկումների մասին չափազանց սուղ տեղեկատվությունից հասկացվում է, որ Օմանի արտաքին գործերի նախարարը իրանցի պաշտոնակցին ներկայացրել է «գործարքի» ամերիկյան նախագիծը, ապա ԱՄՆ նախագահին փոխանցել Իրանի դիրքորոշումը:
Ըստ թուրքական աղբյուրների, «նույն օրը պատվիրակությունները Մասկատից մեկնել են հայրենիք»: Միակ տեղեկատվությունը, որ հայտնի է դարձել մամուլին, այն է, որ միջնորդավորված բանակցությունների «հաջորդ փուլի ժամկետները հստակեցված չեն, բայց հնարավոր է երկկողմ հանդիպում, եթե կողմերի մայրաքաղաքներում քննարկումների արդյունքը փոխադարձաբար ընդունելի լինի»:
Ըստ այդմ, պատվիրակությունները Վաշինգտոնում և Թեհրանում պետք է ներկայացնեն հակառակ կողմի դիրքորոշումը, այն համադրեն իրենց պաշտոնական մոտեցումներին, և եթե այդ «փորձաքննությամբ հատման կետեր» գտնվեն, ապա բանակցությունները կշարունակվեն:
Ուշագրավ է, որ, ըստ մամուլի, Իրանին ներկայացված «ամերիկյան վերջնագիրը» մշակվել է Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի մասնակցությամբ: Իրանը մերժում է քննարկել երեք հարց՝ հրթիռային ծրագրի սահմանափակում, Մերձավոր Արևելքում ոչ կառավարական զինված կազմավորումներին աջակցության դադարեցում և ներքին բարեփոխումներ:
Թեհրանը գտնում է, որ բալիստիկ հրթիռների ծրագիրը «Իսրայելի հարձակումներից պաշտպանվելու արդյունավետ միջոց է», տարածաշրջանում դաշնակիցներ ունենալու իրավունքը քննարկման ենթակա չէ, իսկ բարեփոխումների պահանջը որակում է «ինքնիշխան երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն»:
Ի՞նչ է սպասվում Իրանին և Մերձավոր Արևելքին, որտեղ Միացյալ Նահանգները ռազմական ահռելի միջոցներ և կենդանի ուժ են կենտրոնացրել: Որոշ աղբյուրներ հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջին պահին Մասկատ է գործուղել նաև ԱՄՆ CENTCOM-ի հրամանատար Բրեդ Կուպերին: Վերջինս հունվարի վերջին օրերին գտնվել է Իսրայելում և հանդիպումներ ունեցել իսրայելցի բարձրաստիճան զինվորականների հետ:
Անցյալ շաբաթ Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը փոխայց է կատարել Վաշինգտոն: Տպավորություն է, որ Բրեդ Կուպերի Մասկատ գործողումը խորհրդանշական ուղերձ է, որ եթե Թեհրանը չընդունի «գործարքի» ամերիկյան նախագիծը, ապա ռազմական գործողությունները անխուսափելի կլինեն:






Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը խոստանում է ավելի ուժեղ միասնական շուկա և ավելի քիչ բյուրոկրատիա
Մոսկվային պետք է ստիպել իրական զիջումների գնալ․ Կալլաս
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում