11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԵՄ հետ Թուրքիայի «ավելի սերտ կոորդինացիան» կարո՞ղ է հասցնել …

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին: Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ-ը ծանուցել է Nsosyal հարթակում:

Ինչպես փոխանցել է «Անադոլու» պետական գործակալությունը, հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել: Ըստ այդմ, ընդգծվել է, որ Թուրքիան պահպանում է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը:

Ֆիդանը և Կոսը ընդգծել են «աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավիճակում Թուրքիայի և Եվրամիության ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը՝ ի շահ տարածաշրջանային և տնտեսական կայունության»:

Կողմերն ընդգծել են, որ անցյալ տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա ձևաչափով կայացել է բարձր մակարդակի հինգ հանդիպում, ինչը «նպաստել է փախստականներին ժամանակավոր ապաստան տրամադրելու և Շենգենյան գոտի Թուրքիայի քաղաքացիների մուտքի հասանելիության պարզեցման գործընթացներում Եվրամիության կողմից Թուրքիային ցուցաբերվող աջակցության շարունակականության ամրապնդմանը»:

Ֆիդանը և Կոսը կարևորել են Եվրամիության «տնտեսական համակարգին Թուրքիայի ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»:

Թուրքիա-Եվրահանձնաժողով հայտարարության ամենաուշագրավ արձանագրումը, թերեւս, այն է, որ Ֆիդանը և Կոսը ընդգծել են կողմերի միջև «ավելի սերտ կոորդինացիայի կարեւորությունը», որպեսզի «ձևավորվի տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգ, որ կընդգրկի էներգետիկան, տրանսպորտը, թվայնացումը և առևտուրը՝ նպատակ ունենալով աջակցել Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունության և կայուն զարգացմանը» և այդ համատեքստում ընդգծել են այն դերը, որ խաղում է Թուրքիան «որպես աշխարհաքաղաքական կենտրոնական խաղացող»:

Եվրամիությունն, այսպիսով, Սևծովյան-Կասպյան և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների «աշխարհաքաղաքական գլխավոր դերակատար է ճանաչում Թուրքիային: Ընդսմին, ընդգծվում են համագործակցության ոլորտները՝ էներգետիկա, տրանսպորտ, թվայնացում և առևտուր, իսկ ԵՄ-Թուրքիա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա փոխկապակցվածությունը գնահատվում է որպես «կայունության և կայուն զարգացման երաշխիք»:

Անդրադառնալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները դիտարկել են, որ ԵՄ-ն «վերածվել է Ռուսաստանին թշնամի ռազմաքաղաքական դաշինքի»:

Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի Եվրամիություն-Թուրքիա «ավելի սերտ կոորդինացիայի» այս հռչակագրմանը: Թուրքիան, թեև ՆԱՏՕ-ի անդամ, բայց Ռուսաստանի կողմից «թշնամի» չի ճանաչվում: Ավելին, Ուկրաինայի հարցում Ռուսաստանը գլխավոր հակառակորդ է դիտում Եվրամիությանը:

Նույն օրը, երբ կայացել է Ֆիդան-Կոս հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Լյայենը անոնսավորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթը ընդունելու մտադրության մասին:

ԵՄ հետ Թուրքիայի «ավելի սերտ կոորդինացիան» կարո՞ղ է հասցնել նրան, որ Անկարան նույնպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի: Եվրամիության հետ «ավելի սերտ կոորդինացված» Թուրքիան և ԵՄ անդամության ձգտող Հայաստանը կունենա՞ն ընդհանուր շահեր: