11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար

Սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանի Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է։

Մարտիրոսյանի փոխարեն դատարանի նախագահի պաշտոնում կնշանակվի վերջին շրջանում աչքի ընկած երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանին։ Եւ, ահա, տեղեկացանք, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը Հանրապետության նախագահին է առաջարկել Ժ․ Չիչոյանի թեկնածությունը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար։ Չիչոյանի անունը ԲԴԽ-ում վերջին ամիսներին քննարկվել է: ԲԴԽ-ն բացառել է այլ անձի թեկնածություն, բացի նրանից։

Ժորա Չիչոյանը, հիշեցնենք, առավել հայտնի դարձավ նախորդ տարվանից, երբ դատարանի նախագահի պարտականություններն էր կատարում` արձակուրդ գնացած նախագահի փոխարեն եւ իրար ետևից սրբազանների, ընդդիմադիրների վերաբերյալ կալանավորման միջնորդությունները ձեռքով մակագրում էր իշխանությունների սրտի դատավոր Մասիս Մելքոնյանին։

Բացի սրանից, նա «բանտ ուղարկեց» Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ըստ էության, նրա ծառայություններն իշխանությունը գնահատեց եւ հիմա որոշել է ապահովի նրա առաջխաղացումը։

Նշենք, որ ըստ լուրերի՝ Ժորա Չիչոյանի հովանավորը ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն է։ Բացի այդ, Չիչոյանն ընդգրկված էր նաև քաղաքացիների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների ցանկում։

Չիչոյանի հորեղբայրը դատավոր Սերգեյ Չիչոյանն է, հայրը` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, հորեղբոր փեսան էլ՝ Անուշավան Մուշեղյանը, նույնպես դատավոր է։ Չիչոյանների ողջ գերդաստանով, ըստ էության, ծառայում են իշխանություններին: