Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հերթական ռեզոնանսային հայտարարությունն է արել:
Նա հանդես է եկել Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան եռյակ դաշինք կնքելու առաջարկությամբ և հիմնավորել, որ դա «չարիքի առանցքին՝ ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերությանը, հակակշռելու միակ հնարավորությունն է»:
Պատասխանելով հարցին, թե Բահչելիի առաջադրած հեռանկարին ինչպես է վերաբերվում, Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել է, որ ինքը «դեռևս լիովին ծանոթ չէ» Բահչելիի գաղափարին:
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» և Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցությունները կոալիցիոն գործընկերներ են: Էրդողանի կառավարության քաղաքական հենարանը խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունն է:
Վերջին երկու տարիներին Թուրքիայի ներքին օրակարգի առանցքային՝ «Քրդական բանվորական կուսակցությունը» լուծարելու և քրդական զինված խմբավորումները ցրելու, հարցում իշխանությունը վայելում է «Ազգայնական շարժում» կուսակցության կատարյալ աջակցությունը:
Այդ իրողությունը հաշվի առնելով, դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական ընտրության հարցում Բահչելին «ինքնագործունեությամբ է զբաղվել»: Էրդողանի խուսափոխական պատասխանը, որ «դեռևս լիովին ծանոթ չէ» Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան եռյակ դաշինքի մասին Բահչելիի գաղափարին, վկայում է, որ այդ հայտարարությունը նրա եւ թուրք ազգայնականների առաջնորդի միջև համաձայնեցված է:
Ըստ երևույթին, պատահական չէ ընտրված նաև գաղափարի հանրայնացման ժամանակը: Բաքվի իշխանական լրատվամիջոցի ձևակերպմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան և Բաքու այցը «ոչ թե սոսկ ազդակ է կամ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության ցուցադրում, այլ՝ Հարավային Կովկասի նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցման որակական առաջընթացն արձանագրելու փորձ»:
Նույն տեղում քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն միանշանակորեն պնդել է, որ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության «էջը փակված է, և ոչ մի հերոս այն վերստին բացել չի կարող»:
Անկարա-Բաքու վերջին օրերի շփումներից, բայց մանավանդ արտգործնախարարներ Ֆիդանի և Բայրամովի հեռախոսազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայում «զգուշանում են ԱՄՆ ազդեցությամբ Ադրբեջանը կորցնելուց» և փորձում են Բաքվում «զարկերակ շոշափել»:
Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան եռյակ դաշինքի գաղափարի հրապարակային ակտուակացումը վկայում է, որ Էրդողանը վստահ չէ, որ Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության հաստատմամբ Թուրքիան աշխարհաքաղաքական կորուստներ չի ունենա:
Պետք է, թերևս, նաև դիտարկել, որ Հայաստանի ընդդիմադիր մի քանի գործիչներն պնդում են TRIPP նախագծին Ռուսաստանի և Չինաստանի ներգրավվածության կարևորությունը: Տարբերությունն այն է, որ Բահչելին «չարի առանցք» է անվանում ԱՄՆ-Իսրայել դաշինքը, իսկ Հայաստանի ընդդիմությունը՝ Միացյալ Նահանգներ-Թուրքիա գործընկերությունը:
Բայց արդյոք դա սկզբունքային տարբերությո՞ւն է, թե՞ թուրք ազգայնականները նույնպես Մոսկվայից են «կառավարվում»:






Բաց մի թողեք
Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
ՌԴ համար ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյե՞կտ» է
ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»