19/02/2026

Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը» ռուս – ուկրաինական բանակցություններում

Rus Ukr

Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները փետրվարի 18-ին կշարունակվեն, բայց, հավանաբար՝ «տեխնիկական օրակարգով»:

Քաղաքական քննարկումների փուլն ավարտվել է նախօրեին: Եվ հիմնական արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են դրանց մասին տեղեկացնել «իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը՝ համաձայնագրի կնքմանը հասնելու ուղղությամբ»: Այս մասին մամուլին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը:

Ուշագրավ է, որ նա ամերիկյան ներգրավվածությունը ոչ թե «միջնորդություն» է անվանել, այլ՝ «մոդերատորություն»: Ուիթկոֆը կարևորել է նախագահ Թրամփի դերը, ում «հաջողվել է երկու կողմերին նստեցնել նույն բանակցային սեղանի շուրջ, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի»:

Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը», Ուիթկոֆը որևէ կերպ նույնիսկ չի ակնարկել «միայն հպարտացել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո աշխատում է «սարսափելի հակամարտության ընթացքում սպանությունները դադարեցնելու նպատակով»:

Ռուսաստանը որևէ պաշտոնյայի կամ բանակցային թիմի անդամի մակարդակով ժնևյան բանակցությունների մասին տեղեկություն դեռևս չի հայտնել: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ առաջին օրվա մասին տեղեկություն չի լինի:

Նա հրապարակայնացրել է, որ պատվիրակությունը ցուցումներ ստացել է անմիջապես Վլադիմիր Պուտինից, ով «մշտական շփումներ ունի նրա հետ»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պատվիրակությունը, ի տարբերություն նախորդ երկու հանդիպումների, գլխավորում է Պուտինի օգնական Մեդինսկին:

Վերջինս մասնագիտությամբ պատմաբան է և, ինչպես արեւմտյան մի դիվանագետ է Reuters-ին ասել, «բոլորին ձանձրացնում է Ռյուրիկների մասին մտավարժանքներով»:

Ժնևում Ռուսաստանի պատվիրակության հետ շուրջ չորս ժամ տևած քաղաքական բանավեճից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը սոցիալական X հարթակում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ավարտել է ԱՄՆ և եվրոպական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ հանդիպումը:

«Կարևոր է պահպանել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ընդհանուր տեսլականը և գործողությունների կոորդինացիան: Կա արդյունքի համար ընդհանուր պատասխանատվության ըմբռնում: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Ումերովը:

Որքանո՞վ է իրականությանը մոտ Ումերովի լավատեսությունը, շատ կասկածելի է: Նույն օրը Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական ժողովուրդը չի ընդունի այն համաձայնությունը, որ կենթադրի ամբողջ Դոնբասից զորքերի դուրս բերում, բայց կընդունի շփման գծով պատերազմի դադարեցումը: