19/02/2026

Դիլիջանի նոր թունելի նախագիծը՝ Ավստրայից, ֆինասավորումը՝ Ասիական բանկի կողմից

Antar

Նախորդ ամիս տեղեկացանք, որ պատրաստվում են Դիլիջան-Սեւան ավտոճանապարհային նոր թունել կառուցել։ Փետրվարի 11-ին հարցում եմ ուղարկել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանին։

Հրապարակ թերթը գրել է․ Հետաքրքրվել եմ, թե որ կազմակերպությունն է կազմել նոր թունելի նախագիծը, ինչքան գումար է  հատկացվել նախագծի ստեղծման համար, ինչ միջոցներից է  ֆինանսավորվելու այդ նախագիծը։ Փետրվարի 16-ին ստացել եմ  Ա․ Չերչինյանի պատասխանը․ «Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային նոր թունելի նախագծի հեղինակն ավստրիական BERNARD  gruppe ZT GmbH եւ ACTES bernard GmbH համատեղ ձեռնարկությունն է։ Նախագծի ստեղծման համար հատկացվել է  963,96 հազ․ եվրո՝ Ասիական զարգացման բանակի հետ դեռեւս 2016թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված 3449-ARM վարկային համաձայնագրի խնայված միջոցներից»։

Հարցին, թե Դիլիջան-Սեւան թունելը որտեղ, գործող թունելից որքան հեռավորությամբ է կառուցվելու, Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը պատասխանել է․ «Նոր թունելը կառուցվելու է գործող թունելի ձախ կողմում (Սեւան-Դիլիջան ուղղությամբ): Նոր թունելի ճակատամուտքերը գտնվելու են գործող թունելի ճակատամուտքերից շուրջ 50 մ հեռավորության վրա»։ Ինչ վերաբերում է թունելի շինարարության արժեքին, եւ թե որ աղբյուրից է շինարարությունը ֆինանսավորվելու, տնօրենը հայտնել է․ «Դիլիջան-Սեւան նոր թունելի շինարարության արժեքը շուրջ 80 մլն եվրո է։ Շինարարությունը ֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ ներկայում նախապատրաստվող վարկային համաձայնագրի շրջանակներում»։ Այսինքն, վարկ են վերցնում՝ գործող թունելին զուգահեռ նոր թունել կառուցելու համար:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենին հարցրել էի նաեւ, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել նոր թունել կառուցել, եւ նորի կառուցումից հետո հին թունելն ի՞նչ նպատակների է ծառայելու։ Չերչինյանը պատասխանել է․ «Նոր թունելի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով․ հիմնվելով թունելի հետազոտության արդյունքների վրա եւ վերլուծելով մի շարք նմանատիպ թունելների վերակառուցման տվյալները՝ նախագծողը թունելի ԵՄ հրահանգների պահանջներին հնարավորին չափ համապատասխան վերակառուցման եւ արդիականացման շինարարական աշխատանքների մոտավոր արժեքը գնահատել էր 47,5-ից մինչեւ 63,0 մլն եվրո, իսկ տեւողությունը՝ շուրջ 2,5 տարի։ Ընդ որում, շինարարության ընթացքում թունելով երթեւեկությունն ամբողջովին դադարեցվելու էր, եւ պետք է կազմակերպեր թունելը շրջանցող /Մ4/-Սեմյոնովկա-/Մ4/ ճանապարհով, որի տեխնիկական պարամետրերը թույլ չեն տալիս ապահովել թունելով անցնող երթեւեկությունը։ Հետեւաբար, նախքան թունելի վերակառուցման աշխատանքները սկսելը անհրաժեշտ էր լինելու վերակառուցել շրջանցիկ ճանապարհը, ինչի համար կպահանջվեր շուրջ 2 տարի եւ շուրջ 163 մլն եվրո ներդրում։

Ընդ որում՝ շրջանցիկ ճանապարհով երթեւեկությունը ենթադրում է մեքենաների լրացուցիչ 4,4 կմ վազք, ինչը թունելի 2,5 տարի տեւող շինարարական աշխատանքների ընթացքում կհանգեցնի լրացուցիչ շուրջ 3,7 մլն լիտր վառելիքի (չհաշված ոլորաններում  եւ ձմեռային պայմաններում դանդաղ ընթացքի ժամանակ ծախսի ավելացումը)`մոտավորապես 4,37 մլն եվրո արժեքով։ Այսինքն՝ Դիլիջանի թունելի վերակառուցման եւ արդիականացման, շրջանցիկ ճանապարհով անխափան եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու համար կպահանջվեին շուրջ 4,5 տարի ժամանակ եւ մոտավորապես 68,17-ից 83,67 մլն եվրո ներդրումներ։ Հարկ է նշել, որ Սեւան-Դիլիջան գործող թունելի վերակառուցումը միայն մասամբ կարող էր ապահովել Եվրամիության՝ թունելների անվտանգությանն ուղղված հրահանգների պահանջները։ Նախագծողը դիտարկել էր նաեւ այլընտրանքային տարբերակ, այն է՝ կառուցել ԵՄ հրահանգների պահանջներին բավարարող նոր թունել, որից հետո գոյություն ունեցող թունելում վերանորոգման աշխատանքներ կատարելով՝ այն վերածել տարհանման թունելի։ Վերլուծելով մի շարք նմանատիպ թունելների կառուցման տվյալները՝ նախագծողն այս տարբերակի մոտավոր արժեքը, ներառյալ գոյություն ունեցող թունելը տարհանման թունելի վերածելու որոշակի շինարարական աշխատանքները, գնահատել է 70,3-ից մինչեւ 82,0 մլն եվրո, իսկ տեւողությունը՝ 4,5 տարի։ Քանի որ երկու տարբերակն էլ  ունեին միեւնույն տեւողությունը եւ մոտավորապես նույն արժեքը, որոշվեց ընդունել նոր թունելի կառուցման տարբերակը՝ հաշվի առնելով նաեւ դրա հետեւյալ առավելությունները՝

ա) գոյություն ունեցող թունելը նոր թունելի շինարարության ողջ ընթացքում կպահպանվի եւ բաց կլինի երթեւեկության համար՝ խուսափելով շրջանցիկ ճանապարհից օգտվելու հետ կապված վերոհիշյալ եւ հնարավոր այլ խնդիրներից

բ) նոր թունելը լիովին կհամապատասխանի Եվրամիության՝ թունելների անվտանգությանն ուղղված հրահանգների պահանջներին։

Հին թունելը, որոշակի վերանորոգումից հետո, արտակարգ իրավիճակների դեպքում ծառայելու է որպես տարհանման թունել»։

Հարցին, թե երբ է սկսվելու Դիլիջան-Սեւան նոր թունելի շինարարությունը, քանի տարում է այն կառուցվելու, երբ է նախատեսված թունելի շինարարության համար մրցույթ հայտարարել, Ա․ Չերչինյանը հայտնել է․ «Սեւան -Դիլիջան նոր թունելի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027թ․ երկրորդ կիսամյակում՝ կախված Ասիական զարգացման բանկի հետ նոր վարկային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների ընթացքից։

Շինարարական աշխատանքները, նախնական գնահատմամբ, կտեւեն շուրջ 4,5 տարի։ Նոր թունելի շինարարության համար մրցույթը նախատեսվում է հայտարարել 2026թ․ երկրորդ կիսամյակում՝ կախված Ասիական զարգացման բանկի հետ նոր վարկային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների ընթացքից»։