Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցով գտնվել է Հնդկաստանում: Կայացել է նրա և վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը, որի քաղաքական արդյունքը չափազանց կարևոր է, կողմերը պաշտոնապես հայտարարել են միջպետական հարաբերությունները «առանձնահատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու» մասին:
Ըստ տեղեկությունների, Մոդին և Մակրոնը ստորագրել են պաշտպանության, ինովացիայի, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և կլիմայի ոլորտներում համագործակցության մասին համաձայնությունների «ներշնչող փաթեթ»:
Բանակցությունների ավարտին Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի վարչապետին լրատվամիջոցների ներկայությամբ հորդորել է ծանրակշիռ ներդրում ունենալ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ջանքերում:
Մակրոնը խոստովանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը դեռևս հեռու է, բայց հնարավոր է հասնել նրան, որպեսզի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և խաղաղ բնակավայրերը չենթարկվեն ԱԹՍ-երի հարձակման և հրթիռակոծման:
Հնդկաստանի վարչապետը հավաստիացրել է, որ «լինի Եվրոպայում, Ասիայում, թե Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում»՝ իր երկիրը կողմ է, որ հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Ավելի վաղ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրություն է հայտնել, ինչից Ռուսաստանի նախագահը խուսափել է: Պուտինը գտնում է, որ Ուկրաինայի հարցում Եվրամիությունը «դերակատար» չէ, իսկ եվրոպական երկրների «միջամտությունը միայն երկարաձգում է հակամարտությունը»:
Մակրոն-Մոդի հրապարակային ելույթներից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի վարչապետին «խնդրել է իր և Պուտինի միջև երկխոսության միջնորդ լինել»:
Ի տարբերություն Չինաստանի, Հնդկաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին որևէ աջակցություն չի ցուցաբերում, բայց և անցած չորս տարիներին կտրուկ չի հակադրվել: Մոդի-Մակրոն հանդիպման նախօրեին հայտնի է դարձել, որ Հնդկաստանը ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել է ռուսաստանյան նավթի գնումներից:
Այս իրավիճակում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Մոդին, որպեսզի Ռուսաստանն ընդունի «էներգետիկ հրադադարի» առաջարկությունը՝ շատ բարդ է նույնիսկ ենթադրել:
Մակրոնի Մումբայ և Նյու-Դելի եռօրյա այցի հիմնական արդյունքը՝ կողմերի միջև առանձնահատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության հրապարակայնացումը, շոշափելիորեն բարձրացնում է թե Ֆրանսիայի, թե Հնդկաստանի միջազգային վարկը: Դա կարող է «եղանակ փոխել» նաև Հայաստանի անվտանգային միջավայրում:
Հայաստանի հետ երկու երկրների հարաբերությունները բարեկամական-գործընկերային են, այդ թվում և՝ պաշտպանության ոլորտում։

Բաց մի թողեք
Ֆրանսիան գլխավորում է հանձնակատար Շուիցայի Խաղաղության խորհրդի ուղևորության դեմ ուղղված քննադատությունը
Բելգիան նկատողություն է անում ԱՄՆ դեսպանին` թլպատման մեղադրանքների համար
Եվրամիությունը՝ ՌԴ սպառնալիքին ի պատասխան, որքա՞ն հետևողական կլինի Լեհաստանի հարցում