19/02/2026

ԱՄՆ-Իրան. «առաջընթաց կա, փոխվստահությունն իսպառ բացակայում է»

USA Iran

Ժնևում կայացել է ԱՄՆ- Իրան բանակցությունների երկրորդ փուլը: Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Օմանի արտգործնախարար ալ-Բուսայիդիի հետ:

Փետրվարի 17-ին Ռաֆայել Գրոսսիի և ալ-Բուսայիդիի հետ հանդիպել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Այլ մանրամասնություններ հայտնի չեն, բացի այն, որ բանակցությունները կայացել են ՄԱԿ-ում Օմանի ներկայացուցչության ժնևյան նստավայրում: Նույն օրը պատվիրակությունները հեռացել են Ժնևից:

Բանակցությունների արդյունքների մասին ժլատ տեղեկություններ Fars գործակալությանը հայտնել է Իրանի արտգործնախարար Արաղչին: Նա ասել է, որ, ի տարբերություն նախորդ փուլի, այս փուլում կողմերը «ավելի լուրջ քննարկումներ են ունեցել, մթնոլորտը կառուցողական էր, առաջարկվել կոնկրետ գաղափարներ»:

Արաղչին մանրամասնել է. «Մենք մի շարք գերադաս սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, որոնց հիման վրա կարող ենք մտնել հնարավոր համաձայնություն: Դա չի նշանակում, թե մենք մոտ ժամանակներս համաձայնության կհասնենք, բայց ճանապարհն սկսված է: Կողմերը կաշխատեն համաձայնության սեւագրի վրա»:

Նկատի ունենալով իրանա-ամերիկյան ֆորմալ հարաբերությունների բացակայությունը և բանակցությունների բուն խնդրի չափազանց մեծ կարևորությունը, Իրանի արտգործնախարարի նկատառումներն, իրոք, կարելի է դիվանագիտական առաջընթաց համարել:

Մանավանդ այն, որ կողմերը պայմանավորվել են աշխատել «համաձայնության սեւագրի վրա»՝ հիմք ընդունելով «գերադաս սկզբունքների շուրջ ձեռք բերված ընդհանուր ընկալումը»:

Ժնևում իրանա-ամերիկյան բանակցությունները մեկնարկել են քաղաքական չափազանց բարդ իրավիճակի ֆոնին: Նույն օրը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին այցելել է Արևելյան Ադրբեջանի «մայրաքաղաք» Թավրիզ և բազմահազարանոց լսարանի առջև սպառնացել, որ Իրանը «ջրասույզ կանի ամերիկյան ավիակիր նավերը»:

Գրեթե համաժամանկյա հայտնի է դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժություններ են անցկացրել և «կարճ ժամանակով արգելափակել նավագնացությունը»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պաշտոնական Թեհրանին զգուշացրել է «վատ, շատ վատ հետևանքներից», եթե բանակցությունները չհանգեցնեն գործարքի:

Կոնկրետ ի՞նչ է քննարկվել Ժնևի բանակցություններում, կարելի է ենթադրել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի գնահատականից. «Առաջընթաց կա, վստահություն՝ ոչ»: Կողմերն, ըստ երևույթին, պայմանավորվել են աշխատել ենթադրյալ համաձայնագրի «սևագրի վրա» և հաջորդ հանդիպմանը դրանք փոխանցել միմյանց:

Սա, ինչպես ասվեց, իրոք առաջընթաց է: Բայց, երևում է, չկա փոխադարձ վստահություն, որ «սևագիրը» կհամապատասխանի այն «գերադաս սկզբունքներին, որ համաձայնեցվել են»: Դա արդեն, ամենայն հավանականությամբ, կախված է նախագահ Թրամփի և այաթոլլա Խամենեիի քաղաքական կամքից:

ԱՄՆ պարագայում, երևի, կարեւոր է նաև Իսրայելի դիրքորոշումը: Եթե, իհարկե, իրանա-ամերիկյան խորհրդատվությունները ոչ թե իմիտացիա են, այլ՝ դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման նպատակ են հետապնդում: