10/03/2026

EU – Armenia

Ադրբեջանի զորքերը մնալու են թիվ մեկ պատրաստության հրամանի ներքո՞

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նույն օրը կայացած Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցի մասին տարածել է երկու երկրների միջև առկա իրավիճակին բոլոր առումներով հաղորդագրություն, որի բովանդակությունը եթե համառոտ ներկայացվի, ապա կստացվի, որ Թեհրանը ևս մեկ անգամ, բայց արդեն «առերես» շփման պայմաններում վճռականապես պնդել է, որ Նախիջևանի ուղղության արձակված դրոնների հետ Իրանը ոչ մի կապ չունի:

Ի պատասխան՝ Ալիևը միայն ասել է, թե «կարևոր է հետաքննել Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը»:

Անցած երեք օրերին ի՞նչ է տեղի ունեցել, որ Ալիևը հարկադրված է եղել ոչ միայն համաձայնել Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցին, այլև փաստացի ընդունել, որ Նախիջևանում տեղի ունեցած մջադեպը հետաքննության առարկա է՝ ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել են Իրանի թե ԱԳՆ-ն, թե ԶՈՒ Գլխավոր շտաբը:

Ալիևի «երգով նահանջը» տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ աշխարհի ավելի քան հինգ տասնյակ դատապարտել է «Իրանից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծումը» և աջակցություն հայտնել:

Մարտի յոթին Ստամբուլում գումարվել է ԹՊԿ անդամ երկրենրի արտգործնախարարների խորհրդաժողովը, որի արդյունքով ընդունված համատեղ հայտարարությունից, ինչպես նկատել էինք տվել, պարզ հասկացվում էր, որ ոչ Թուրքիան, ոչ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները Իրանի հետ ենթադրյալ ռազմական բախման դեպքում Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն չեն ցուցաբերի:

Ավելին, փաստաթուղթը կոչ է արել «ցուցաբերել զսպվածություն, չդիմել քայլերի, որ կհանգեցնել տարածաշրջանում լարվածության աճին»:

Փաստացի քննարկումներին տոն է հաղորդել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, և նա էլ, ամենայն հավանականությամբ, համատեղ հայտարարության տեքստի հեղինակն է:

Կարելի է, իհարկե, դիտարկել, որ Թուրքիայի դիրքորոշումը հետապնդում է բոլորովին այլ նպատակներ, քան Իրանին աջակցությունն է, բայց կոնկրետ իրավիճակում Անկարայի պրագմատիկ կեցվածքը թույլ է տալիս հուսալ, որ իրանա-ադրբեջանական ռազմական բախման սպառնալիքը կամ լիովին մնացել է անցյալում, կամ տևական ժամանակով հետաձգվում է:

Իրանա-ադրբեջանական զինված բախման, եթե դա նույնիսկ լոկալ բնույթի լիներ կամ ապագայում լինի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն, անկասկած, կանխատեսելի ընթացքից կշեղվի, կմտնի «սառեցման փուլ»:

Այդ դեպքում, բնականաբար, ոչ մի առաջընթաց չի լինի նաև հայ-թուրքական հարաբերություններում: Իսկ դա իր հերթին կասկածի տակ կդնի տարածաշրջանի հաղորդուղիների բացումը և տնտեսական համագործակցությունն ու հնարավոր ինտեգրացիան:

Մնում է սպասել, թե Իլհամ Ալիևն ինչպե՞ս է «գոլորշի բաց թողնելու»: Մարտի հինգին նա բանակին և մյուս ուժային կառույցներին կարգադրել է «մշակել և պատասխան ռազմագործողություն իրականացնել»:

Ադրբեջանի զինված ուժերը բերված են ամենաբարձր մատական պատրաստություն: Ըստ որոշ աղբյուրների, անգամ «մասնակի զորահավաք է անցկացվել»: Նախիջևանի միջադեպի հետաքննությունը կարող է ամիսներ տևել: Այդ ընթացքում Ադրբեջանի զորքերը մնալու են թիվ մեկ պատրաստության հրամանի ներքո՞: