25/03/2026

EU – Armenia

Մետրոյի միջադեպը պատահակա՞ն չէր

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։

«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։

Հետո՝ դասական մանևր․ «Ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։ Սա իշխանության իրական դեմքն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները»:

Նրա պատկերացմամբ՝ խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։

Ինձ ավելի շատ մտահոգում է, թե արժեքային մեր համակարգից որքան ենք ցած գլորվել։ Ինչքա՜ն է արտը լցվել խայթող տատասկով, որ դրա դեմն առնել չենք կարողանում։ Ողբալի վիճակ է․ տատասկը փուշ է, բայց 2018-ից այն օգտագործվում է նաև քաղաքական ու «ռազմական» իմաստներով՝ ասես փշաթել, որը խեղդում է ամեն կենդանի բան։ Հայաստանում մարդիկ երբեմն նմանվում են դատապարտյալների, որոնց, կարծես, տանջելու համար քարշ են տալիս տատասկի վրայով…

Նիկոլ Փաշինյան, դուք ի՜նչ խոր արմատներ ունեցող խոշոր փուշ դարձաք, որ տարածվել ու խեղդում եք հայոց բերքաբեր արտը։ Ոչնչացնում եք մեր ազգային ու հոգևոր արժեքները, փոշիացնում մեր հերոսներին, մեր սրբությունները։ Եվ ահա հասել ենք մի կետի, երբ թվում է՝ հերոս չունենք, երբեմն նույնիսկ մեղք է թվում հերոս, հայրենյաց պաշտպան լինել։ Մենք կարոտում ենք մեր հերոսական անցյալը, իսկ այսօրվա գոյությունը հաճախ ճղճիմ է թվում՝ մեզ ոչ սազական։

Եվ որքան էլ փորձում եմ մեղադրել այդ խոշոր փշի շուրջ աճածներին՝ ձեր թիմակիցներին, մոլորվածներին, միևնույն է հասկանում եմ՝ արմատը մեկն է, և այդ արմատը պետք է հանել։ Արմատդ խորն է…

Համացանցը ողողված է Արմինե Մոսիյանի մասին կեղծ գրառումներով՝ ձեր «ներողության» ֆոնին։ Ձեր տարածած փշերը աջ ու ձախ խայթում են՝ սուտ տարածելով, ատելություն ու պառակտում սերմանելով։ Իհարկե, դուք «կապ չունեք»… Բայց ո՞ր մի փշին մեղադրես, երբ մանրերը նույն խոշոր արմատից են սնվում…

Բայց նաև լավ է, որ այդ փշերի մեջ, առանց սարսռալու, բարձրանում է ծաղկունքը։
Ուշադրությունս գրավեց մի հուշ՝ միաժամանակ պարզ ու խորապես հուզիչ։ Հուշ այն մասին, թե ինչպիսի օր էր, երբ զոհվեց Արմինեի հայրը․

«1993 թ. օգոստոսի 23-ին լրանում էր Մերուժան Մոսիյանի ամուսնության 5-րդ տարին։ Մտադիր էր նշել այդ օրը, պատրաստվել էին… Բայց դիրքերում անելիք կար։ Ադրբեջանցիների դիրքերը արդեն բավական հեռու էին, և հարկավոր էր առաջ տանել պաշտպանական գիծը, փորել նոր խրամատներ։ Մերուժանը չէր կարող տոն նշել, երբ Մարտունու պաշտպանական դիրքերը լիովին ամուր չէին։ Գնում է…

Մարտունու հյուսիսային պաշտպանական հատվածը ամրապնդելիս, 1993 թ. օգոստոսի 23-ին, նա զոհվեց ականի պայթյունից՝ Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ միասին։

Նա գումարտակի հրամանատար էր, մայոր»։ Ավելին՝ պատմության մեջ է։ Մի նայեք տատասկներին։ Ծաղկունքով պատեք ձեր այգին։ Իսկ հայոց աշխարհն այնքան ծաղկունք ունի, որոնք հողի տակ են։ Նրանց արմատներից են ծնվում արժանավոր զավակները։