17/04/2026

EU – Armenia

Թրամփը Իրանի ներկայացուցիչներին հորդորել է «գործին լրջորեն մոտենալ, քանի դեռ ուշ» չէ

Իրանի ներկայացուցիչները շատ տարբեր են և տարօրինակ: Նրանք մեզ աղերսուն են գործարք կնքել: Դա այն է, ինչ նրանք պիտի անեն, քանի որ ռազմական առումով ջախջախված են և վերականգնվելու ոչ մի հնարավորություն չունեն:

Բայց նրանք միեւնույն ժամանակ հրապարակային հայտարարում են, թե միայն «ուսումնասիրում» են մեր առաջարկությունները: Մարտի 26-ին այս բովանդակության գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա Իրանի ներկայացուցիչներին հորդորել է «գործին լրջորեն մոտենալ, քանի դեռ ուշ» չէ, որովհետև «եթե դա տեղի ունենա, հետդարձի ճանապարհ այլեւս չի լինի, և դա շատ տգեղ կավարտվի»:

Միևնույն ժամանակ axsios-ին Պենտագոնի իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը «պատերազմն ավարտելու ռազմական ծրագրեր է մշակում, որ կարող են ներառնել ցամաքային ուժերի կիրառումը և ավելի հուժկու ռմբակոծությունները»:

Նախօրեին Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, ով համարվում է Միացյալ Նահանգների հետ հավանական բանակցություններում Իրանի պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարել է, որ «թշնաման ուժերը նախապատրաստում են իրանական կղզիներից մեկի գրավումը»:

Ղալիբաֆը մանրամասնել է, որ հակառակորդի «զորքերի տեղաշարժը վերահսկվում» է և հարձակման դեպքում «տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները և էներգետիկ ենթակառուցվածքները կենթարկվեն խորտակիչ հարձակման»:

Մամուլում տեսակետ է հայտնվել, որ Իրանը կարող է «Արաբական միացյալ էմիրությունների տարածքում կանխարգելիչ ռազմագործողություն սկսել, ինչպես նաև Եմենի հութիների միջոցով արգելափակել Բաբ էլ-Մանդեպի նեղուցը և խաթարել Կարմիր ծովում նավագնացությունը»:

Որքանո՞վ է իր ներկա ներուժով նման ծավալի գործողությունների պատրաստ Իրանը, ոչ ոք չի կարող վստահաբար հաստատել կամ հերքել:

Իրականություն է, որ վերջին քառասունութ ժամերի ընթացքում Իսրայելը գրեթե անընդմեջ Իրանից և Լիբանանի հարավից ենթարկվում է աննախադեպ հրթիռակոծությունների: Ըստ երևույթին, իրավիճակը բավական լուրջ է:

ԼԱՀԱԼ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանի տարածքում «խիտ ամպամածություն է, որը, ինչպես նաև գարնանային հուժկու ամպրոպները դժվարացնում են օդուժի և ԱԹՍ-երի թռիչքները»:

Այս ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին իտալական Corriere della Sera պարբերականին ասել է, որ ԱՄՆ-Իրան «բանակցություններն, ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կմեկնարկեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում»:

Ըստ Գրոսիի, այդ «բանակցությունները կշոշափեն ոչ միայն միջուկային էներգիայի հետ կապված հարցեր»: Նա մանրամասնել է, որ «այս անգամ բանակցություններում կքննարկվի նաև Իրանի հրթիռային ծրագիրը, նրա պրոքսի-դաշնակիցների և Իսլամական հանրապետության անվտանգության երաշխիքների հարցը»:

Ռաֆայել Գրոսին փետրվարին մասնակցել է Ժնևի իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցություններին և կարելի է ենթադրել, որ նրա տարածած տեղեկությունը մոտ է իրականությանը: