06/11/2026

EU – Armenia

Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջ­նորդ Սամվել Կարապետյանի տանը նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ քաղաքական հավաք, որը Նարեկ Կարապետյանն էր վարում, եւ որին մասնակցում էին հետեւյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները․ «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։ Հանդիպմանը մասնավորապես ներկա էին Նարեկ Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Վարդեւանյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Սուրեն Սուրենյանցը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Նաիրի Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Ավետիք Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Մամիջանյանը, Հրանտ Բագրատյանը, Հարություն Հարությունյանը: Ասվեց, որ այս հավաքը վաղուց էր նախատեսված։ Պետք է կայանար նոյեմբերի 5-ին, եւ պետք է վարեր Սամվել Կարապետյանը, սակայն Փաշինյանի իրավապահները կանխել են դրա իրականացումը` խուզարկություններ եւ ձերբակալություններ իրականացնելով:

Հանդիպման եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:

– Ի՞նչ հարցերի անդրադարձաք հանդիպման ընթացքում: Չորս կետից բաղկացած հայտարարություն է տարածվել, բայց կան տեսակետներ, որ սա ամենահարմար պահն է՝ փողոցային ակցիա գեներացնելու եւ հանրությանը փողոց հանելու համար:

– Քննարկումը, ըստ էության, մի բանի մասին էր` սահմանադրական պարտադրանքի դեմն առնելու, ալիեւյան պարտադրանքի մասին է խոսքը: Ինձ համար շատ կարեւոր է, որ խորհրդարանական ուժերն առաջին պաշտպանական գիծը պատրաստվում են պահել եւ թույլ չտալ, որ Նիկոլը ստանա երկու երրորդ անհրաժեշտ ձայները` ալիեւյան սահմանադրությունն ընդունելու համար: Այդ հարցերի մասին էլ համաձայնության եկանք, ինչից հետո տարածվեց հայտարարությունը: Ըստ էության, Ալիեւի պահանջները, հրահանգները կատարելու նպատակով Փաշինյանը սկսել է զանգվածային հարձակում բոլոր տեսակի ժողովրդավարական ազատությունների դեմ: Պետք չէ՞ դրա դեմն առնել, պետք չէ՞, որ այդ ամենը կանխելու համար հանրությունը միավորվի․ իհարկե, պետք է: Ազգային ինքնության դեմ պատերազմ է հայտարարվել, Հայ առաքելական եկեղեցին թիրախի տակ է, այս բոլոր հարցերի շուրջ պետք է միավորվել, դա շատ բնական բան է: Փաշինյանի ռեժիմն այնպիսի ինստիտուտների վրա է հարձակում գործել, որ բոլոր այն ուժերը, որոնք չեն ցանկանում Հայաստանը կործանված տեսնել՝ Ադրբեջանին զիջումների գնալու անդադար հորձանուտում, պիտի գործ անեն: Առաջին պաշտպանական գիծը պահպանվելու է խորհրդարանում, իսկ եթե իշխանությանը հաջողվի հարցը դնել հանրաքվեի, ապա պետք է «ոչ»-ի ճամբարի համար շարժում սկսել:

– Քաղաքական ուժերը հանդիպում են, բավականին կարեւոր հարցերի մասին են խոսում, հայտարարություն են տարածում, իսկ ի՞նչ պետք է անի հասարակությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս փուլում պետք է փողոցային պայքար սկսել եւ իշխանության պրոադրբեջանական գործողությունները կանխել:

– Այդ բոլոր հարցերի պատասխանները չէինք կարող մեկ հանդիպման ընթացքում ստանալ, բայց եթե կարիքը լինի, բնականաբար, պետք է նաեւ զանգվածային ակցիաներ սկսել: Փաշինյանը խոսում է այն մասին, որ մարդկանց է հավաքելու, որպեսզի պառլամենտի վրա ազդեցություն գործի: Նա խոստովանում է, որ ժողովրդավարության դեմ պատերազմ է հայտարարել: Ի վերջո, ինչքան էլ որ նա դիմեց զանգվածային կեղծիքների, չստացավ սահմանադրական մեծամասնություն, ի վերջո` Փաշինյանը պարտվեց Անկախության հռչակագիրը ոչնչացնելու հանրաքվեում, հունիսին է դեռ պարտվել, հիմա ուզում է մի քանի հազար մարդու հետ ժողովրդի կա՞մքը ոտնահարել: Ժողովուրդը պետք է կանխի այդ ամենը:

– Բայց արդյո՞ք ընդդիմադիր ուժերը չպետք է ժողովրդին հանեն փողոց:

– Չէ, բայց հենց այդտեղ է սխալը, որ կարծում եք, թե ընդդիմությունը պետք է լինի հանրությանը մոբիլիզացնողը: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է հանրաքվեում, ի դեպ, հենց ինքն է այդ ընտրությունը հանրաքվեի վերածել եւ հենց ինքն է ասել, որ եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին դաժան պատերազմ տեղի կունենա: Այսինքն` անգամ պատերազմի շանտաժից հետո հանրության մեծամասնությունը չի կանգնել այս մարդու կողքին: Այս մարդը լեգիտիմ չէ եւ փորձում է հիմա իր առջեւ դրված հրահանգները կատարել փողոցի միջոցով: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ նա Հայաստանը տանում է կործանման, արդյո՞ք չպետք է նրա դեմն առնեն:

– Երեկ՝ ընդդիմադիրների հանդիպումից հետո ինչ-որ շրջանակներ հայտարարում էին, որ մինչեւ ուղտը չի չոքում ընդդիմության դռանը` նեղ իմաստով, նրանք չեն մտածում կոնսոլիդացիայի մասին, այսինքն` հավաքը կապեցին Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, բայց «Ուժեղ Հայաստանից» ասում են, որ այս հանդիպումը որոշ ժամանակ առաջ էր նախատեսվել, ինչո՞ւ ավելի վաղ չի կայացել հանդիպումը, այլ միայն նոյեմբերի 4-ին կայացավ: Ձեզ ե՞րբ էին հրավիրել:

– Այո, մենք, ընդհանուր առմամբ, արդեն մի քանի ամիս է՝ հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք այս ճակատի ստեղծման հարցը, անհրաժեշտությունը: Ասեմ ավելին` այդ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 20-ին մենք արդեն տեղյակ էինք դրա մասին: Մենք շատ լավ կանխատեսելու կարողություն ունենք եւ գիտեինք, որ Փաշինյանն ալիեւյան սահմանադրության համար հարձակում է գործելու: Նա Ալիեւի կամակատարն է, Ալիեւի դուբինկան, բութ գործիք է Ալիեւի ձեռքում: Չի ընկալում, որ չունի հանրային լայն աջակցություն եւ իր նպատակները պետք է մի կողմ դնի:

ՀԳ․ Հանրության ընդդիմադիր զանգվածն ակնկալում էր, որ Հայ առաքելական եկեղեցին նույնպես պետք է ներգրավված լինի ընդդիմության համախմբման պրոցեսում: Մանավանդ՝ հայտարարության մի կետը վերաբերում է եկեղեցուն: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` հրավեր ստացե՞լ էին ընդդիմության կողմից, եթե` ոչ, ապա ստանալու պարագայում կմիանա՞ ինքն այդ ֆորմատին: Միքայել սրբազանն ասաց. «Ինձ ոչ մի հրավեր չի եղել, ես անգամ տեղյակ չեմ եղել, այդքանով եկեք բավարարվենք: Անգամ տեղյակ էլ չեմ եղել: Այլ հարցերի չեմ պատասխանում»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Բայց ինչո՞ւ պետք է եկեղեցուն հրավիրեին: Ոչ, եկեղեցուն հրավեր չի եղել: Ես որեւէ բան չեմ կարող ասել, եթե լինի հրավեր, կմասնակցենք, թե՝ ոչ․ այս հարցի իմաստն էլ չեմ հասկանում: Եկեղեցին զբաղվում է իր առաքելությամբ եւ քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում: Քաղաքականությամբ զբաղվում են բացառապես քաղաքական ուժերը»: