16/04/2026

EU – Armenia

Ինչ օրենք ու արդարություն

Մենք այնքան երկար ենք ապրել պոռոտախոսության, գործի ու խոսքի հակադրության մթնոլորտում, որ հաճախ չենք էլ զգում, թե ինչքան շատ ցինիզմ, անդաստիարակություն, ոչ պրոֆեսիոնալիզմ ու կեղծիք կա այս իշխանությունների խոսույթում:

Հրապարակ թերթը գրել է․ Ահա՝ կարդում եմ կառավարությունից ստացված հաղորդագրությունը «Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպման» մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ի «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից» հետո մեծ առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության, տնտեսության զարգացման հարցերում, բայց արդարության եւ արդարադատության հարցում դեռ խնդիրներ կան, քանի որ արդարություն ապահովող ինստիտուտների եւ «իշխանության աղբյուրի»` ժողովրդի միջեւ խզում կա:

Ապա սահուն անցում է կատարել, թե խզում կա նաեւ Սահմանադրության եւ ժողովրդի միջեւ: «Արդարության եւ արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետեւ Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք»:

Պարզ է, որ փորձում է նոր Սահմանադրության համար ճանապարհ հարթել: Բայց ինչպե՞ս կարող է երկրում արդարություն լինել, երբ քո անձնական հրահանգով մարդիկ են կալանավորվում, քո` ոչ մի հանցանք չգործած քաղաքական հակառակորդներին են ձերբակալում: Իսկ երբ փորձում ես կաթողիկոս «փոխել»` չի ստացվում, հրահանգում ես իրավապահ համակարգին` քրեական հետապնդումներ սկսել Մայր Աթոռի հոգեւորականների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է Սահմանադրություն գործել մի երկրում, որտեղ իշխող ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում բացահայտ հակասահմանադրական դրույթ է գրում` փոխել եկեղեցու ղեկավարին: Իսկ ժողովրդավարության հաղթանակն էլ երեւի տեռորով ու շանտաժով վերարտադրվելը կլինի: