30/07/2026

EU – Armenia

Փաշինյանը հերթով «փչացնում» է թիմակիցներին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՔՊ վարչության նիստում Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը, որը կարելի է 12 հանձնաժողովների նախագահացուների ընտրություններից ամենամեծ անակնկալը համարել, հատկապեսոր Վիլենի մրցակիցներն էին այդ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը եւ ԵԿՄ նախագահ, ՔՊ-ի կամանդիր Սասուն Միքայելյանը:

Հրապարակ թերթը գրել է․ Վիլեն Գաբրիելյանը հիշենք, որ Գյումրու ընտրությունների ժամանակ հարբել էր և լրագրողների հետ վեճի բռնվել:

Այդ աղմկահարույց պատմությունից հետո նա Փաշինյանի հարկադրանքով վայր էր դրել մանդատը: Նրա նախկին գործունեությունը ՔՊ-ի կազմում հարթ չի եղել, բոլորը գիտեն նրա՝ ալկոհոլի նկատմամբ սիրո մասին և հիշում են նրա սկանդալային հայտարարությունը, թե` ՔՊ-ն գուցե խորհրդարանական ընտրություններին չհաղթի, սակայն արիուտես, որ Վիլեն Գաբրիելյանը Փաշինյանի համար ավելի նախընտրելի է, քան մյուս թեկնածուները:

Գուցե պատճառն այն է,որ Փաշինյանը չի հանդուրժում քիչ թե շատ հեղինակություն եւ ազդեցություն ունեցող մարդկանց եւ հարմար պահի նրանց «փչացնում» է: Ոմանք կարծում են, որ ինչքան էլ Արմեն Խաչատրյանը նվիրված ծառայեց, նրան միևնույնն է` «սվոյ» չեն համարում, նա նախկինների ժամանակ ԳԱԻ պետի տեղակալ է եղել, ուստի ամեն դեպքում նախկին իշխանությունյան ներկայացուցիչ են նրան ընկալում:

Թերևս Սասուն Միքայելյանը ևս անկառավարելի կարող է լինել և հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծացնել նրա ազդեցությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա հենց նա առաջին փուլում է դուրս մնացել պայքարից, մյուս երկու թեկնածուները հավասար ձայներ են հավաքել, և երկրորդ փուլում ընտրվել է Վիլենը:

Մի նյուանս ևս. երբ շաբաթներ առաջ մենք տեղեկություն ունեինք, որ Վիլեն Գաբրիելյանը ևս առաջադրվելու է այս պաշտոնին` Արմեն Խաչատրյանի և Սասուն Միքայելյանի հետ, նա մեզ հետ զրույցում հերքեց դա: Ճիշտ է` մեզանում սուտ խոսելն այլևս դատապարտելի քայլ չի համարվում, բայց նման պաշտոն զբաղեցնելու համար վատ սկիզբ է:

Մի բան էլ. ՔՊ-ում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայում ոչ մեկին` անգամ իր վաղեմի թիմակիցներին: Դեմոկրատիայի պատրանք ստեղծելու համար նա նվաստացնում է իրեն նվիրված մարդկանց` թողնում է առաջադրվեն, հույսեր է ներշնչում, որ հենց նրանք են վարչությունում ընտրվելու, իսկ տակից կառավարում է ընտրական պրոցեսը` ցույց տալով, որ յուրաքանչյուրին կարող է ցանկացած պահի «քցել»: