Այս տարի Երևանի գինու օրեր փառատոնը կանցկացվի հունիսի 5-7-ը։ Այս օրերը համընկնում են ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրերի` լռության և քվեարկության օրերի հետ։
Հրապարակ թերթը գրել է․ Պարզ է, որ այս իշխանությունն ամեն բան անում է իր վերարտադրության համար եւ այս մեկ ամսվա ոչ մի իրադարձություն պատահական չէ,իսկ վերջին օրերին գինու փառատոն անելն առհասարակ օրենքի խախտում է, մանավանդ լռության օրը նման բան անելը պետք է արգելվեր, բայց նշանակել են, պարզ է, որ ողջ իշխանությունն ու վարչապետ Փաշինյանն էլ մասնակցելու են եւ քողարկված կամ բացահայտ քարոզչություն են իրականացնելու:
Փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» հիմնադրամի ներկայացուցչից հետաքրքրվեցինք` սրանով փառատոնը չե՞ք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ, հատկապես լռության օրը, երբ օրենքը պահանջում է լռություն պահպանել ողջ երկրում, որ ընտրողները կողմնորոշվեն, ավելորդ ճնշումների չենթարկվեն, ձեր միջոցառումը կարող են քարոզչական նպատակներով օգտագործել։
«Երևանի Գինու Օրեր փառատոնը ապաքաղաքական միջոցառում է, և դրա շրջանակում ցանկացած քաղաքական ակտիվություն բացառվում է՝ թե՛ մասնակից ընկերությունների, թե՛ այցելուների կողմից։ Մենք նախապես հստակ հաղորդում ենք մասնակցության պայմանները բոլոր ներգրավված կողմերին, իսկ փառատոնի տարածքում աշխատող թիմերը հետևում են, որպեսզի պահպանվի մշակութային և չեզոք միջավայրը։
Մասնակիցները պայմանագրային հիմքով արդեն պարտավորվում են պահպանել այդ կանոնները։ Կանոնների խախտման դեպքում նախատեսված համապատասխան արձագանք՝ ներառյալ նախազգուշացում և անհրաժեշտության դեպքում մասնակցի հեռացում տարածքից, եթե խախտումը շարունակվում է։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ փառատոնի տարածքում բացառվի որևէ քաղաքական գործընթաց։
Միաժամանակ կարևոր է նշել, որ միջոցառման հիմնական այցելուների զգալի մասը զբոսաշրջիկներ են, և քաղաքում այցելուների հոսքը չի սահմանափակվում միայն փառատոնի տարածքով։ Ակտիվ քաղաքային կյանք կա նաև այլ հանրային վայրերում, օրինակ Հյուսիսային պողոտայում, Կասկադում և քաղաքային շատ զբոսայգիներում։ Մենք հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կպահպանեն ընտրական գործընթացների սահմանված կանոնները և կխուսափեն ցանկացած քաղաքական ակտիվությունից նախատեսված սահմանափակումների ընթացքում։
Այնուամենայնիվ ցանկանում ենք ընդգծել, որ մեր միջոցառման տարածքը կազմում է շուրջ 15 000 քմ, և Երևանի ԳինուՕրեր փառատոնի ազդեցությունը ընտրական գործընթացների վրա օբյեկտիվորեն սահմանափակ է։ Տարածքում ցանկացած անհատական գործողություն, օրինակ՝ թռուցիկների բաժանում կամ քարոզչական բնույթի նախաձեռնություններ, չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա։
Ընտրությունների օրը քաղաքացիները հիմնականում այցելում են իրենց բնակության վայրերին մոտ գտնվող ընտրատեղամասեր,և մենք կարող ենք հավաստիացնել, որ փառատոնի տարածքում հնարավոր շարժը, այցելուների հոսքը կամ երթևեկությունը չեն խոչընդոտում այդ գործընթացին»,- հայտնեցին ընկերությունից։
Իսկ ինչու չեք փոխել փառատոնի օրերը, ինչն էր խանգարում դա մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետ անցկացնելուն․ «Մինչև 2021 թվականը Երևանի Գինու Օրեր փառատոնն անցկացվում էր մայիսին։ 2021 թվականից այն տեղափոխվեց հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրեր՝ ապահովելով առավել կանխատեսելի և հարմար ժամանակացույց միջազգային տուրօպերատորների և զբոսաշրջիկների համար։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս նրանց նախապես՝ նույնիսկ մինչև մեկ տարի առաջ, պլանավորել իրենց այցը Հայաստան և ներառել փառատոնը իրենց ծրագրերում՝ զարգացնելով իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում։ ԱԺ խորհրդարանական ընտրությունների օրը հաստատվել է ավելի ուշ, մինչդեռ փառատոնի անցկացման ժամկետներն արդեն նախապես հայտարարված էին և ներառված միջազգային օրակարգում, այդ պատճառով միջոցառման տեղափոխումը նպատակահարմար չէր»։
Ընկերությունից նշեցին, որ փառատոնի անցկացման տարածքում ընտրատեղամասեր նախատեսված չեն, և միջոցառումը որևէ կերպ չի խոչընդոտի ընտրությունների բնականոն ընթացքին։ Ամենամոտ ընտրատեղամասը գտնվում է Սարյան 23 հասցեում՝ «Արեգնազան» կրթահամալիրում, որը չի մտնում փառատոնի տարածքի մեջ։
Նկատենք, որ նման մասշտաբային միջոցառման ժամանակ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ քարոզչություն չի իրականացվելու, հնարավոր չի լինելու հսկել մարդկանց զրույցներն ու պահվածքը: Հենց միայն Նիկոլ Փաշինյանի ներկայությունը գինի խմողների շրջանում, նրանց հետ բաժակ խփելն ու մարդկանց հետ շփելը մաքուր նախընտրական քարոզչություն է լինելու եւ նշանակում է` խախտվելու է օրենքը:
Նշենք, որ այս տարի Երևանի գինու օրեր փառատոնին նախատեսվում է մինչև 100 գինեգործական ընկերության մասնակցություն, որոնք ներկայացնելու են ավելի քան 1000 տեսակի հայկական գինի։ Տարեցտարի փառատոնի այցելուների թիվը աճում է միջինը շուրջ 30%-ով: Զբոսաշրջիկների մի մասը Հայաստան է ժամանում հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Վերջին տարիներին արձանագրվել են մասնակից գինեգործները վաճառել են շուրջ 63,000 շիշ գինի, իսկ միջոցառման մեջ ներգրավված շուրջ 250 ընկերությունների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի 15–25 % վճարվել է որպես հարկ պետական բյուջե։ 2026 թվականին հոբելյանական փառատոնն է, նպատակ են դրել գերազանցել նախորդ տարիների բոլոր ցուցանիշները։

Բաց մի թողեք
1 վայրկյան ավել կանգնելու համար` 5 հազար դրամ տուգանք
Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար
«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով