Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը դիտարկել որպես արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ միաժամանակ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավոր հեռանկարին։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ներկայում չի կարող ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, քանի որ, իր ձևակերպմամբ, այդ ընտրության համար անհրաժեշտ նախադրյալները դեռևս ձևավորված չեն։
«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցության ճանապարհը ենթադրում է մի շարք փուլերի հաղթահարում՝ նախքան պաշտոնական անդամակցության հարցը Հայաստանի քաղաքացիների առաջ դնելը։
Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ ընդգծելով ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների կարևորությունը։ Սակայն Փաշինյանը նաև արձանագրել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկան լիարժեք չի գործում, իսկ առանձին սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները նվազեցնում են տնտեսական ինտեգրման արդյունավետությունն ու բիզնեսի կանխատեսելիությունը։
Այս հայտարարությունների ֆոնին հարց է առաջանում՝ որքան երկար կարող է Հայաստանը պահպանել միաժամանակ երկու ուղղությունների միջև չկողմնորոշվելու քաղաքականությունը, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները գտնվում են խոր հակասության մեջ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը MediaHub-ի հետ զրույցում նկատում է` Փաշինյանի հայտարարություններում հակասություն կա։ «Փաշինյանի խոսքում տրամաբանական հակասություն կա։ Չես կարող արտաքին քաղաքական առաջնահերթություն համարել ԵԱՏՄ-ում մնալը և միաժամանակ շարժվել դեպի ԵՄ, մանավանդ որ այսօր Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև հարաբերությունները զրոյական մակարդակի են հասել։ Ռուսաստանի Դաշնությունը կասկած ունի, որ Հայաստանը ոչ թե պարզապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է իրականացնում, այլ փոխում է երկրի ռազմավարական կուրսը»,- ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ հանրաքվեի վերաբերյալ ձևակերպումը ինքնին կարող է տրամաբանական լինել, սակայն դրանից առաջանում է մեկ այլ էական հարց։
«Այդ հարցում ճիշտ է ասում, բայց ուրիշ հարց է առաջանում՝ ի՞նչն էր այն ամբարտավանությունը կամ արկածախնդրությունը, որը ձեզ ստիպեց 2025 թվականին ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ինչո՞ւ ընդունեցիք, կրքերը բորբոքեցիք և լեգիտիմ դարձրիք Ռուսաստանի այս խոսույթն ու վարքագիծը՝ այդ թվում այն պատժամիջոցների կիրառումը, որոնք այսօր գործում են Հայաստանի դեմ»,- նշեց քաղաքագետը։
Ռուսաստանի կողմից Հայաստանի` եվրոպական ուղղության վերաբերյալ մտահոգությունները նոր չեն։ Կրեմլից ավելի վաղ հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումը երկրի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է այդ քաղաքականությունն իրականացնի ԵԱՏՄ անդամ երկրների հաշվին։ Դրան զուգահեռ՝ հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ դեպի Ռուսաստան առաջացած սահմանափակումները նոր լարվածություն են հաղորդել հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։
Իսկ ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը, և որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ հակազդել նման գործընթացին։
Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ հնարավոր հետևանքները կարող են լինել ոչ միայն քաղաքական, այլ նաև ծանր տնտեսական։ «250 հազար մարդ կարող է սնանկանալ։ Հայ-ռուսական առևտրային պատերազմի խորացումը կամ այս վիճակի վերածումը ճգնաժամի, գազի թանկացումը կարող են Հայաստանի ՀՆԱ-ն կրճատել 4-5 միլիարդ դոլարով։ Չկա աշխարհաքաղաքական որևէ կենտրոն, որը կոմպենսացիոն համարժեք ծրագիր ունի՝ Հայաստանի այդ վնասները փոխհատուցելու համար»,- ասել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնած է մի քանի հնարավոր սցենարների առաջ։ «Այս իրավիճակը ունի մի քանի լուծում․ կա´մ Նիկոլ Փաշինյանը վերանայում է իր վարած քաղաքականությունը, կա´մ Հայաստանը շարժվում է ուկրաինական սցենարի մոդիֆիկացված տարբերակով։ Հաջորդ հնարավոր հետևանքն այն է, որ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ոչ թե կնվազի, այլ հակառակը՝ ավելի կմեծանա»,- եզրափակեց խոսքը Սուրեն Սուրենյանցը։

Բաց մի թողեք
Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է
«Ժամանակակից դետեկտիվ գրականությունը զգալիորեն մոտեցել է իրական կյանքի ռիթմին ու բարդությանը»
«Ընդդիմությունը կնքեց իր քաղաքական մահը». Հովհաննես Ավետիսյան