Անդրադառնալով արտաքին պարտքի հետ կապված իշխանությանն ուղղված քննադատություններին՝ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր․ «Արտաքին պարտքի թեման փորձում եք մանիպուլացնել։ Ասում եք՝ պարտքն ավելացել է, բայց ՀՆԱ-ն չի ավելացել։
ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը տեսե՞լ եք, 50 տոկոսի մակարդակում է, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշներից է։ Բոլոր միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՀ-ում արտաքին պարտքը կայուն է եւ կառավարելի»։ Չնայած այս ամենին, տնտեսագետներն ահազանգում են, որ աճել է Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքը, եւ հասկանալի չէ, թե միլիարդավոր դոլարների պարտքը, որ վերցրել է եւ շարունակում է վերցնել Հայաստան պետությունը միջազգային ընկերություններից եւ սեփական ժողովրդից, ինչի վրա է ծախսում: Հիշեցնենք, որ մեր պետական պարտքն արդեն 16 միլիարդ դոլարի է հասել, ինչն աննախադեպ ծանր բեռ է ՀՀ տնտեսության վրա:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ:
– ՀՀ պետական պարտքը 2018-ի համեմատ կրկնակի աճել է: Նախորդ 25 տարիներին պետության վերցրած պարտքը եւ վերջին ութ տարիներին վերցված պարտքը գրեթե հավասար են: Ձեր կարծիքով` ինչո՞ւ են իշխանությունները պարտքի բեռն այսքան ավելացրել:
– Կա «պարտքային բեռ» հասկացություն, եւ այդ առումով մենք իրականում այնքան էլ վատ վիճակում չենք, այն երկակի է եւ չափվում է ՀՆԱ-պարտք հարաբերակցությամբ, ինչպես նաեւ՝ պարտքի սպասարկումով: ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը 50 տոկոսի շուրջ է կազմում, իսկ սպասարկման գումարը 10-11 տոկոս է կազմում: Ընդհանուր առմամբ, այս թվերը ողբերգական չեն, եւ ցանկացած երկիր, որ մտածում է զարգանալու մասին, տարբեր միջոցներ է գտնում, նաեւ պարտք է վերցնում, որպեսզի պետությունը զարգանա, սակայն խնդիրը հենց այստեղ է` արդյո՞ք այդ գումարները վերցնում են պետության զարգացման համար, թե՞ ոչ, արդյո՞ք մեր երկիրը զարգանում է: Ես կարծում եմ, որ մեր վիճակն այժմ այնքան էլ լավ չէ այս առումով, հատկապես վերջին տարիներին երբ նայում ենք բյուջեի ծախսերին, մշտապես թերակատարումը եւ կապիտալ տիպի ծախսերը, իսկ ծրագրված բյուջեի ճեղքվածքն ավելի փոքր է: Կառավարությունը ծրագրում է մի թվով ծախսեր, մի թվով եկամուտներ: Տարբերության խնդիրը հիմնականում կրճատվում է, քանի որ կապիտալ ծախսերը թերակատարվել են, եթե այս տեսանկյունից ենք նայում հարցին, ապա վիճակը վատ է: Ստացվում է, որ պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրվածը: Բայց ծախսերը ծրագրվածից ավելի շատ են: Խնդիրը գումարի խելամիտ օգտագործման մեջ է:
– Իսկ ի՞նչ կասեք ներքին պարտքի մասին, այն եւս բավականին մեծ է:
– Խոսքը պետական պարտքի ներքին եւ արտաքին կողմերի մասին է: Արտաքին պարտքի փոխարինում տեղի ունեցավ ներքին պարտքով, ինչը նորմալ երեւույթ է: Արտաքին պարտքը եթե վճարում ես օտարներին, ապա ներքին պարտքը հնարավորություն է տալիս, որ ազգաբնակչությունը գումար տա պետությանը եւ շահի: Լայն իմաստով՝ այն հասարակություն-իշխանություն լրացուցիչ կապի գործոն է դառնում: Սա նաեւ կառավարության պատասխանատվությունն է ավելացնում, կան այսպիսի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել:
– Իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ պետական պարտքը բացառապես պետության ուսերին է, արդյո՞ք դա այդպես է, եւ արդյո՞ք այս ամենից ամենաշատը հենց ժողովուրդը չի տուժում, իսկ իշխանության կյանքում ոչինչ չի փոխվում․ պարտքը կաճի, թե կնվազի` նրանք շարունակում են բյուջեի հաշվին ապրել, անկախ նրանից, թե ինչքան անտնտեսվար են գտնվել, ինչպիսի սխալ դրամավարկային քաղաքականություն են վարել:
– Պետությունը գոյատեւում է անմիջապես ժողովրդի հաշվին, այլ հնարավորություն չունի ուղղակի: Եթե այս տեսանկյունից ենք նայում, ամեն բան հստակ է, պետությունը պարտք է վերցնում, որովհետեւ չի կարողանում համապատասխան եկամուտ հավաքագրել: Այսինքն` չի ձեւավորում այն վստահության մթնոլորտը, տնտեսական իրավիճակը, որպեսզի կարողանա հարկերով հավաքագրել միջոցներ: Այդ պատճառով էլ դրսից միջոցներ են բերում, որպեսզի կարողանան գոյատեւել:
– Իսկ ժողովրդի վրա այս ամենն ինչպե՞ս է ազդում: Նրա վրա ի՞նչ ֆինանսական բեռ է ավելանում:
– Հարկերի տեսքով` գույքահարկ, եկամտային հարկ եւ այլն: Իշխանությունը պետք է այնքան լավ աշխատի, որ բոլորը հարկեր վճարեն, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրը զարգանա: Պետք է բիզնեսներն ավելանան, քաղաքացիներն ավելի շատ հարկեր վճարեն:
ՀԳ․ Նկատենք, որ մեզ մոտ վերջին տարիներին հարկերն ու տուրքերն անշեղորեն ավելանում են, աշխատող մարդն արդեն իր եկամտի 23 տոկոսն է որպես հարկ վճարում: Եվ ի՞նչ բիզնեսների ավելանալու մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ընդդիմադիր գործարարներին ունեզրկում են եւ մարդու մասնավոր սեփականությունը խլում` պետությանը զրկելով ահռելի հարկերից:

Բաց մի թողեք
Փաշինյանն ուզում է երկուսը մեկում, իսկ դա անհնար է
«Ժամանակակից դետեկտիվ գրականությունը զգալիորեն մոտեցել է իրական կյանքի ռիթմին ու բարդությանը»
«Ընդդիմությունը կնքեց իր քաղաքական մահը». Հովհաննես Ավետիսյան