Ամուր համոզմունք ունեմ, որ մեր գործը արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի։ Փառք հաղթած ժողովրդին։ Փառք վետերաններին։ Փառք Ռուսաստանի զինված ուժերին։
Մոսկվայի Կարմիր հրապարակի զորահանդեսի ելույթում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր գործը արդար է, հաղթանակը մեր կլինի» կարգախոսը խորհրդային ժողովուրդներին ուղերձում հնչեցրել է Վյաչեսլավ Մոլոտովը՝ ֆաշիստական Գերմանիայի հարձակումից մի քանի օր հետո։ Ութսունմեկ տարի անց Վլադիմիր Պուտինը նախ Ուկրաինայի դեմ պատերազմը բնորոշում է որպես «արդար գործ» և Մոլոտովի հանգույն վստահեցնում․ «Հաղթանակը մերը կլինի»։
Ռուսաստանի նախագահը ֆաշիզմի դեմ հաղթանակը վերագրում է Ռուսաստանին, փառավորում Ռուսաստանի զինված ուժերին։ Ութսունմեկ տարի առաջ հաղթել է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Խորհրդային Միությունը։ Այդ երկիրը և նրա ժողովուրդը չկա։ Ռուսաստանը իրեն ԽՍՀՄ իրավահաջորդ է հռչակել։
Այսօր Պուտինը պատերազմում է Ուկրաինայի դեմ, բայց նույնիսկ նրա ամենամերձավոր դաշնակից Լուկաշենկոն Ղրիմի ռուսաստանապատկանությունը չի ճանաչում։ Հետխորհրդային տարածքի ոչ մի երկիր Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Եվ անհասկանալի է, թե ո՞ւմ նկատի ունի Պուտինը, երբ ասում է «մենք միասին» ենք։ Կարմիր հրապարակում նրա կողքին նստել են Լուկաշենկոն և Տոկաևը։ Զորահանդեսին ներկա չի գտնվել Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։
Նա Մոսկվա է ժամանել այլ առաքելությամբ։ Լավագույն ցանկության դեպքում անգամ Լաոսի նախագահին և Մայայզիայի սուլթանին Ռուսաստանի «զինակից եղբայր» դժվար է անվանել, ոչ էլ՝ Աբխազիայի «նախագահ» Գունբային։
Պուտինը բոլոր «կոորդինատները խառնել» է։ Բայց հատկապես մի հարցում նա հետխորհրդային երկրների հանդեպ անհարգալի է գտնվել, երբ ակնարկել է, թե Ռուսաստանի պատերազմում «նրանք իր հետ» են։
Ֆաշիզմի դեմ հաղթանակը քաղաքակրթության հաղթանակն է անմարդկայնության դեմ։ ԽՍՀՄ-ը այդ պատերազմը հաղթել է դաշնակիցների հետ։
Այսօր Պուտինը դաշնակիցներ չունի, որովհետև նրա պատերազմը անարդար է։ Նա Ուկրաինային կարող է տարածքային զիջումներ պարտադրել, բայց հաղթել՝ ոչ։ Պուտինի գերխնդիրն է չպարտվել։

Բաց մի թողեք
Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին
Հայերին կրկին «թշնամի» է անվանել
Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին