14/05/2026

EU – Armenia

Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու հունիսի 6-ին Երևանում կայանալիք «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթին, մասնավորապես՝ Հայաստանի պատվիրակի ընտրությանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ 11 մասնակցից ժյուրին նախապատվությունը տվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էլեն Վիրաբյանին։

Շատերն են սա տարակուսելի համարում և հարց հնչեցնում՝ ինչո՞ւ Հայաստանում կրթություն ստացող և մեր երկրի քաղաքացի հանդիսացող երաժիշտը չպետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցույթում։

Իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չի դրվում Էլենի մասնագիտական հմտությունները, անցած ճանապարհը, բայց արդյոք այս ընտրությունը բացասական ազդակ չէ Հայաստանում ապրող և իրենց ստեղծագործական ուղին իրենց հայրենիքում հարթող մասնակիցների համար։

Մյուս կողմից՝ ըստ մեր աղբյուրի, Էլենի հայրիկը, կարծես թե, ընկերական հարաբերություններ ունի ժյուրիի որոշ անդամների հետ։ Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվել, որ այս պարագայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն է որոշում, թե ով պետք է մասնակցի այս միջազգային մրցույթին։

Մասնագիտական շրջանակների, նաև այլ մասնակիցների շրջանում հարցադրումներ կան, թե այսպիսի որոշմամբ արդյո՞ք կասկածի տակ չի դրվում հայաստանյան երաժշտական դպրոցը և դրա տված գիտելիքները՝ մի կողմից, և արդյո՞ք չի խրախուսվում արտերկրում բնակվելը և ուսանելը՝ մյուս կողմից։

Նշենք, որ մասնակիցները չորս փուլ են հաղթահարել, մինչ հայտնի է դարձել հաղթող մասնակցի անունը։ Փուլերից երկուսը Էլենը հաղթահարել է օնլայն տարբերակով։ Մեր զրուցակիցը ևս մեկ մտահոգություն է բարձրացնում։ Մրցույթի երրորդ փուլում՝ մինչ նվագախմբի հետ ելույթը, ժյուրիի կազմում չի եղել որևէ փողային գործիքի տիրապետող մասնագետ։

Նույնը տեղի է ունեցել նաև «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում։ Ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»ում ներկայացնող հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

Հարցերը շատ են, պատասխանները՝ չգոհացնող։ Ընդ որում, հարցերը գնալով ավելի են շատանում: Ի վերջո, կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները պետք է վերահսկե՞ն այս անառողջ իրավիճակները, թե՞ շարունակվելու է այս ինքնագործունեությունը: