ԱԺ նիստում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ Նա թվարկեց, թե ինչ հետեւանքներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի համար։
«Շրջանցելով Մինսկի խմբի ձեւաչափը՝ «մեծ զորավարը» գնաց պատերազմի։ Գնաց պատերազմի՝ մեր ժողովրդին պատճառելով անդառնալի մարդկային կորուստներ` հազարավոր երիտասարդների կյանքեր, մեր պետությանը պատճառելով շուրջ 5 մլրդ դոլարի նյութական վնաս։ Արցախի քաղաքացիական օբյեկտների ընդհանուր վնասն ամենամոտավոր հաշվարկով գնահատված է մոտ 100 մլրդ դոլար։ Եվ դրա դիմաց ի՞նչ են ստացել այս ամենի հեղինակները՝ պարգեւավճարներ, պարգեւատրել են իրենք իրենց օրենքով չնախատեսված ֆինանսավորումից դուրս։ Ձեռք են բերել տներ, առաձնատներ՝ տնավեր դարձնելով 100 հազարավոր մարդկանց։ Իսկ ի՞նչ են արել այդ պատերազմի արդյունքները՝ վերածել են կապիտուլյացիայի, կապիտուլյացիան նորից 2021 թվի պատերազմի, 2021 թվի պատերազմը՝ նոր կապիտուլյացիայի՝ խախտելով բոլոր բանակցային ձեւաչափերը՝ կասկածելի ձեւաչափով տանելով մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 6, որին նախորդել էր Ջերմուկի պատերազմը։
Դրանից հետո նորից պատերազմ՝ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, նորից կապիտուլյացիա, Տավուշի հանձնում։ Սա է այս իշխանության դեմքը՝ աատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգեւավճարներ»,- ասաց Էդգար Ղազարյանը։ Էդգար Ղազարյանը նշեց, որ ՔՊ-ն «սրիակայաբար փորձում է այստեղ շահարկել մեր զինվորների կյանքի հարցը»։
Վերջին արտահայտությունը հարուցեց ՔՊ-ականների վրդովմունքը։ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը կոչ արեց Էդգար Ղազարյանին կոռեկտ պահել իրեն․ «Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ եւ ամբարտավան պահվածքի պատճառով։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու ու դուրս ենք շպրտելու այդ դահլիճից ու ԱԺ շենքից։ Պարոն Կարապետյան, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորին եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորենք, որ այլեւս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ»,- ասաց Հայկ Կոնջորյանը։ Այնուհետեւ վիճակաբանություն սկսվեց, ընդդիմադիր եւ ՔՊ-ական պատգամավորները դահլիճից դուրս եկան, միջանցքում վիճաբանությունը շարունակվեց։ ԱԺ նիստն ընդմիջվեց։
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Հարգելի «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ այս դահլիճում բարեկրթության կանոնները խախտվել են։ Պարոն Կարապետյան, 10 օրվա ընթացքում այս դահլիճում երկու անգամ հնչել է վիրավորական արտահայտություն ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք շատ մեծ պրոբլեմ, պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաեւ քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզանից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»։
Նարեկ Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Որպեսզի լինենք արդար, մեր խմբակցությունն ինչ-որ չափով կիսում է գործընկերների մտահոգությունը, խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվեն հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք»։
Ռուբեն Ռուբինյանը Նարեկ Կարապետյանին հորդորեց գնահատական տալ Էդգար Ղազարյանի պահվածքին։ «Դա բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում բարեվարքության նորմի խախտում էր»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Բաց մի թողեք
Գառնիկ Դանիելյանը նոր կարգավիճակ ունի
Նոր արտոնություններ Սամվել Ալեքսանյանին
Էրդողանը հայտարարել է «ողջ տարածաշրջանը անվտանգային միասնական համակարգում միավորելու» մտադրության մասին