14/05/2026

EU – Armenia

Փաշինյանի պահվածքը մեմերի առիթ է դարձել

Այսօր՝ մայիսի 13-ի քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի մի քանի արտահայտություններն ու մի քանի դրվագ լայն քննարկման առարկա են դարձել սոցցանցերում և քաղաքական շրջանակներում։

Հրապարակ թերթը գրել է․ Դրանք որակել են «տարօրինակ» և «քարոզարշավին անհարիր»։

«Իքիբիր ուտելու» արտահայտությունը

Օրվա ամենատարածված դրվագներից մեկը կապված էր Փաշինյանի ելույթներից մեկում օգտագործված արտահայտության հետ, երբ նա «Ուրախ» ավտոբուսում Ալեն Սիմոնյանի հետ իքիբիր ուտելիս` հայտարարել է, որ իքբիրը տեսնելիս հիշում է ընդդիմությանը: Սոցցանցերի օգտատերերը սկսել են քննարկել վարչապետի խոսքի ոճը, մարդիկ ասում են, որ երկրի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի է հեռանում պաշտոնական եւ քաղաքակիրթ քաղաքական լեզվից։ Փաշինյանի համակիրները փորձում են դա ներկայացնել որպես «ժողովրդական լեզվով խոսելու փորձ»: Քննադատողները նշում են, որ նման արտահայտություններն իջեցնում են քաղաքական խոսքի մակարդակը և ավելի շատ հիշեցնում փողոցային բանավեճ, քան պետական գործչի ելույթ։

Սուր և էմոցիոնալ ելույթներ

Այսօրվա հանդիպումների ընթացքում Փաշինյանը կրկին անթույլատրելի ու անապացուցելի մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ կրկին անդրադառնալով նախկին իշխանություններին, կոռուպցիային, խաղաղության օրակարգը քննադատողներին։ Նրա խոսքում եղել են էմոցիոնալ շեշտադրումներ և սարկաստիկ ձևակերպումներ, որոնք ակտիվ արձագանք են ստացել համացանցում։ Քաղաքական մեկնաբանները նշում են, որ վարչապետը վերջին շրջանում հաճախ է ընտրում ոչ ֆորմալ, փողոցային խոսելաձև՝ փորձելով կապ ստեղծել նման լեզվով խոսող լսարանի հետ։ Սակայն դա հակասում է մարդկանց կրթելու նրա նախորդ խոսույթին եւ ՔՊ վարքականոն ընդունելու փաստին: Հատկապես շատ է քննարկվում Փաշինյանի` Գագիկ Ծառուկյանի որդուն «լակոտ» անվանելու եւ զից բռնած բերելու է և դատելու սպառնալիքը:

Սոցցանցերում՝ հեգնանք և մեմեր

Օրվա ավարտին TikTok-ում, Facebook-ում և Telegram ալիքներում լայնորեն տարածվում են Փաշինյանի ելույթների կարճ հատվածները՝ ուղեկցված հեգնական մեկնաբանություններով, մեմերով, հայհոյանքներով ու զարմանքով։ Օրվա ամենաշատ քննարկված թեման «իքիբիրն» էր, անշուշտ։