Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում 2023 թվականի հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի ծնողը երեկ քարոզարշավ անող Փաշինյանին մեղադրում էր իր որդու մահվան մեջ:
Փաշինյանն էլ ի պատասխան մեղադրանքներին, կնոջը հայտարարեց, որ Մախսուդյան ազգանունով նախկին զինվորականի մոտ թող գնա, ով ընդդիմադիր ակտիվիստ է և ում պաշտոնից հեռացրել է իր պարտականությունների մեջ թերանալու համար։
«Հրապարակը» զրուցեց Միհրան Մախսուդյանի հետ՝ Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարությունների մասով:
-Փաշինյանը Ձեր անունն է տվել ու որդեկորույս մորը խորհուրդ տվել իր հարցերը Ձեզ ուղղել: Փաստացի Ձեզ մեղավոր է կարգում: Ինչպե՞ս կպատասխանեք այս հայտարարությանը:
-Նիկոլ Փաշինյան, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, որ անընդհատ իմ անունն ես հիշում։ Ես կասեի գարնանային սրացումներ են Նիկոլ Փաշինյանի մոտ: Ինքը երևի օրվա մեջ երկու-երեք անգամ ինձ հիշում է, թե չէ ինձ չէր մեղսագրի մի արարք, որի համար շուրջ մեկ տարի է, ինձ դատարաններով ու բերդերով քարշ է տալիս, որ ինձ հեռու պահի խոսելուց, որ իր կատարած սխալների, իր հանձնած հողերի մասին ես չբարձրաձայնեմ, որ փորձեն ինձ ձերբակալել, իմ ընտանիքին փորձելով ճնշել, իմ տղային ձերբակալելով, ամեն ինչ ուզում է անել, որ ինձ հեռու պահի, որ ինքը սահմանազատման անվան տակ իր սև գործն անի:
Ես Նիկոլ Փաշինյանին ընդամենը կասեմ այն, ինչի մասին հանրությունն էլ է տեղյակ: Երեք տարի է, ինչ դեպքը եղել է, բայց այս երեք տարվա ընթացքում ինձ ոչ մի անգամ չեն կանչել հարցաքննության՝ շուրջ երեք տարի է անցել դեպքից: Ես եղել եմ կորպուսի շտաբի պետը, մինչև ինձ հասնելը 13-14 ենթականեր կան, ովքեր իրենց վերաբերվողի մասով պիտի պատասխանատվության ենթարկվեն, բայց առաջին հերթին ինքը պիտի պատասխան տա ու Պապիկյանը: 2020 թվականից այս կողմ այդ զորամասի անձնակազմը գտնվում է Վարդենիսում՝ տարբեր գյուղերում, տեղերում տեղակայված, քանի որ անձնակազմի համար զորանոցներ չկային: Այդտեղ ես ընդամենը մեկ տարի է, ինչ նշանակված էի, իսկ մեկ տարում ես չէի կարող զորանոց կառուցել, որ անձնակազմին տեղավորեմ:
-Բայց զորամասով ապահովելը կորպուսի հրամանատարի խնդիրը չի, չէ՞:
-Այդ խնդիրը պաշտպանության նախարարի ու կառավարության խնդիրն է, որ զորանոցներ կառուցեն՝ անձնակազմին տեղավորեն: ինչ մնում է հրդեհին, հրդեհի ժամանակ ես եղել եմ հոսպիտալում, վիրահատված, պառկած եմ եղել հոսպիտալում: Պաշտոնիցս ազատման մասին բժիշկն է տեղեկացրել, եկավ ինձ ասեց, որ հեռուստացույցով է տեսել, որ ինձ էլ են ազատել պաշտոնից: Ես էլ ասացի, եթե այդպես են որոշել՝ թող ազատեն: Ես իմ ազատման մասին հեռուստացույցով եմ իմացել:
– Իսկ մտահոգված չե՞ք, որ նման հայտարարություն հնչեցնելով՝ Փաշինյանն անուղղակի ձևով իրավապահներին Ձեր դեմ հրահանգ է տալիս՝ հետագա գործողությունների համար:
-Չեմ կարող ասել՝ հրահանգ տվեց կամ չտվեց, դա հեռու չի իրենից: Ես ամեն ինչ հավատոււմ եմ: Մեկ տարի, որ այս դեպքով քարշ են տալիս դատարաններ, հիմա էլ չեղած դեպքով կարող են իրավապահները իմ հետևից գալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ իջացրեց մի բանի մասով, որի մասով բացարձակ մեղավոր չեմ: Եթե ես մեղավոր էի, ապա երեք տարի անցել է, երեք տարվա մեջ ինձ ոչ մի անգամ չեն կանչել ՔԿ հարցաքննության:
-Մոտավորապես մեկ շաբաթ կամ ավել առաջ, 5-րդ ալիքի եթերով հեռարձակվող «Օրագիր» հաղորդման ժամանակ Դուք ԱՆնա Հակոբյանի մասով հայտարարություն արեցիք, միգուցե սա էլ Փաշինյանի՞ պատասխանն է:
-Միգուցե, ես խոսում եմ իրականության մասին, ես իրենց նման օդում հայտարարություններ չեմ անում: Ինչ-որ խոսում եմ, իրականության մասին եմ խոսում, ես օդում իրենց պես հայտարարություններ չեմ անում: Ինչ ասում եմ, եղածի մասին եմ խոսում, որի համար կարող եմ պատասխան տալ: Իրենք իրենց ասածների մասով պատասխան տալ չեն կարող տալ, փաստեր չունեն:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր ընդդիմադիր ակտիվությամբ պայմանավորված քաղաքական բռնաճնշումների է փորձում ենթարկել Ձեզ և ինչ նկատի ուներ, երբ Փաշինյանն ասում էր, որ Դուք ընդդիմության առաջնորդ եք:
-Ես ընդդիմության առաջնորդ չեմ, ցանկություն էլ չունեմ ընդդիմության առաջնորդ լինելու: Ես ընդամենը պայքարել եմ, պայքարում եմ, որ այն տարածքները, այն հողերը, որ իմ եղբայրն ու հայրը պաշտպանելով` զոհվել են, այդ հողերի մասին եմ մտածում, որ այդ հողերը հակառակորդին չհանձնեն հենց այնպես: Արդեն քանի տարի է, տարածքներ են հանձնել, բայց մենք մեկ սանտիմետր հող չենք ստացել հակառակորդից: Թող Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարի, Աստված չանի, իր վերընտրվելու դեպքում Հայաստանից էլ ի՞նչ տարածքներ են հանձնվելու ադրբեջանցիներին, թող այդ մասին հայտարարի, ժողովրդին չմանիպուլացնի: Փորձում է բռնաճնշումների ենթարկել ինձ ու իմ ընտանիքին, որպեսզի ես լռեմ, բայց ես չեմ կարող լռել, քանի որ արդարության հետևից եմ գնում: Երեսուն տարի զինվորական եմ, պատիվս ավելի կարևոր է, հայրենիքս ավելի կարևոր է, քան թե ինչ-որ մի պաշտոն կամ ուսադիր: Ես գերադասում եմ հայրենիքս, դրա համար էլ հայտնվել եմ բռնաճնշումների տակ: Ավելին ասեմ, 2020 թվականի պատերազմից հետո, 2020 թվականին ֆեյսբուքում գրառում եմ արել այն մասին, որ այս պատերազմում մեր քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, որ այս պատերազմում պարտվել ենք: Ու այդ գրառումից հետո հետևիցս ընկած փորձում էին առիթ գտնել՝ ինձ պաշտոնից հեռացնելու համար և այդ առիթը եղավ, երբ հոսպիտալում հեռացրին: 2020 թվականից հետո իր թիմակիցները, Պապիկյանը և տարբեր մարդիկ զանգել են, թե ինչու ես նման գրառում կատարել: Պապիկյանը զգուշացրել է, թե գրառումներ պետք չի ֆեյսբուքում անել՝ հոգնակի է խոսել ինձ հետ, ու պաշտոնից ազատվելուց հետո հասկացել եմ, որ հենց այդ գրառումն էր ակնարկում: 2021 թվականին, երբ գլխավոր շտաբի ակադեմիան ավարտել եմ, ես եկել եմ, ինձ մտածված նշանակել են ցածր պաշտոնի, որպեսզի ես դիմում գրեմ, զորացրվեմ պաշտոնից: Բայց ես դա չէի կարող անել, քանի որ պարտք ունեի՝ պետությունն իմ փոխարեն վճարել էր և ընկերներիս հորդորով ցածր պաշտոնով ծառայել եմ և մեկ տարի հետո նշանակվեցի հավասարազոր պաշտոնի, նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի միջնորդությամբ, բայց ես ամեն վայրկյան սպասում էի, որ մի բան գլխիս կսարքեն ու ինձ պաշտոնից կազատեն: Չանցավ մեկ տարի և ինձ պաշտոնից ազատեցին այդ դեպքով, գիտեի, որ իրենց հետ երկար չէի ծառայելու, որ ինձ հեռացնելու էին ծառայությունից այս մարդիկ: Նիկոլ Փաշինյանը թող կանչի նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, և ասի, երբ մարդը գլխավոր տաբի ակադեմիան է ավարտել, ինչի եք ցածր պաշտոնի նշանակել: Բնականաբար, դա իր ցուցումով է եղել, ինձ նշանակեցին ցածր պաշտոնի և ամեն ինչ արել են, որ ինձնից ազատվեն: Ժողովուրդ ջան, այդ մարդը մանիպուլացնում է ձեզ՝ նոր քվեներ կորզելու նպատակով:

Բաց մի թողեք
Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից․ Լուսանկար
Վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը
Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք