Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչո՞ւ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր», որ վրդովվեք այդ աննախադեպ ցինիզմից:
Հրապարակ թերթը գրել է. Պարտադիր չէ, որ արցախցի լինեք, որ արցախցիներին «փախած» անվանի…կամ` անձամբ ձեզ ասի «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», որ հասկանաք` երկրի ղեկին ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ մարդ է նստած:
Պարտադիր չէ ընդդիմադիր լինեք, որ որևէ ընդդիմադիրի նկատմամբ քաղաքական հետապնդումն ապօրինի ու անթույլատրելի համարեք:
Պարտադիր չէ, որ հոգևորական կամ հավատացյալ լինեք, որ եկեղեցու նկատմամբ արշավը, կաթողիկոսին փոխելու փորձերը սրբապղծություն համարեք: Եվ պարտադիր չէ անձամբ ճանաչեք Բագրատ ու Միքայել սրբազաններին, որ դատապարտեք նրանց նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու նրանց` ազատության սահմանափակումը:
Պարտադիր չէ իրավաբան լինեք, որ հասկանաք, թե ինչքան օրենքներ են այս իշխանություններն ամեն օր խախտում:
Պարտադիր չէ, որ ձեր նախնիները ցեղասպանության զոհ եղած լինեն, որ Ցեղասպանության ուրացումը ձեզ համար մերժելի լինի:
Պարտադիր չէ, որ Արարատ սարի համար ուշքներդ գնա, որ հակադրվեք Մասիսի դեմ այս անհեթեթ, խելահեղ պայքարին:
Պարտադիր չէ, որ Տիգրանաշենի բնակիչ լինեք, որ Տիգրանաշենի հանձնման դեմ ընդվզեք:
Պարտադիր չէ Գորիս-Կապան ճանապարհի նման զրկվենք նաև դեպի Վրաստան, նաև Եղեգնաձոր ու Սյունիք գնացող ճանապարհներից, որ հասկանաք մեր վիճակի ողջ աղետալիությունը:
Պարտադիր չէ պատերազմ լինի, որ հասկանաք` խաղաղությունը խոսքերով չեն բերում և խաղաղություն չի հաստատվելու քանի դեռ ՔՊ-ն իշխանության է:
Պարտադիր չէ, որ գազը դառնա 600 դոլար, բոլոր ապրանքների և ծառայությունների գները տասնապատկվեն, որ հասկանաք` Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը ծանր հարված է լինելու մեր երկրին ու բոլորիս կենսամակարդակին:
Պարտադիր չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները տասնյակ հազարներով ժամանեն Հայաստան, տնավորվեն- տեղավորվեն, որ հասկանաք, թե ուր է մեզ հասցրել ՔՊ-ի վարած քաղաքականությունը:
Այս բոլորը և շատ այլ բաներ գիտակցելու համար մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ… անցյալի իրադարձություններից և սրանց 8-ամյա կառավարումից դասեր քաղելու կարողություն:
ՀԳ Այդ մենք պետք է հարցնեինք` ինչու՞ չզոհվեցիք, չկախվեցիք, չհեռացաք…այսքան ավեր ու կորուստ բերելուց հետո, իրավիճակի ողբերգականությունն այն է, որ անամոթ տղերքի այս խմբակն է նման անբարո հարցեր տալիս հանրությանը…

Բաց մի թողեք
Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում
Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել
Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են