Մենք տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ Հայաստան մուտք գործող բոլոր ՀՀ քաղաքացիները` ՀՀ սահմանը հատելիս, ինչ-որ նախընտրական բուկլետ են ստանում օդանավակայանում կանգնած մարդկանց կողմից։
Հրապարակ թերթը գրել է․ Բուկլետում գրված է, թե ինչպես քաղաքացիները պաշտպանեն իրենց ընտրական իրավունքը, դրա գաղտնիությունը եւ, որ ամենակարեւորն է` ոչ մի պարագայում չվերցնեն ընտրակաշառք, հակառակ պարագայում կենթարկվեն 7 տարվա ազատազրկման:
Բուկլետները բաժանում են «Զվարթնոց» օդանավակայանում, ժամանող քաղաքացիներին են տալիս, ինչն արհեստական հերթեր է գոյացնում եւ մարդկանց համար փոքր-ինչ անհարմարություններ ստեղծում: Բուկլետների հեղինակը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն է:
Ի՞նչ նպատակով է Իոաննիսյանի ՀԿ-ն որոշել նման աշխատանք իրականացնել, ի՞նչ միջոցներով, արդյո՞ք կա քաղաքական պատվեր, թե՞ ոչ, սա արվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տա՞կ, որը ֆինանսավորվում է Եվրամիությունից, թե՞ հենց Դանիելի գաղափարն է։
Այս հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Դանիել Իոաննիսյանի հետ:
– Ինչո՞ւ է Իրազեկ քաղաքացիների միավորումը որոշել նման բուկլետներ տպել եւ դրանք սահմանային անցակետերում բաժանել:
– Մեր աշխատանքի բաղադրիչների մեջ մտնում է նաեւ հանրությանը զգուշացնել, օրինակ, ընտրակաշառքի անթույլատրելիության, պատժելիության մասին, ինչպես նաեւ՝ քվեարկության գաղտնիության մասին: Հայաստանում գտնվող քաղաքացիներին մենք իրազեկում ենք այդ մասին հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ սոցցանցերով, ինչպես նաեւ՝ մետրոյում եւ հանրային տրանսպորտի կանգառներում, իսկ այն ընտրողները, ովքեր Հայաստանից չեն, արտերկրից են գալիս Հայաստան ընտրության, իրազեկվում են սահմանապահների աջակցությամբ` բուկլետների շնորհիվ:
– Դա ի՞նչ է տալու Ձեզ, այն պայքարի արդյունավե՞տ ձեւ է:
– Եթե համարեինք, որ արդյունավետ չէ, ապա դրա վրա փող չէինք ծախսի: Բուկլետները տրամադրում ենք «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններից, Մեղրիի անցակետից, Բագրատաշենից, Բավրայից, Այրումից եւ այլն:
– Քանի՞ բուկլետ է տպվել:
– Կարծեմ` 200 հազար:
– Իսկ այս շրջանում շա՞տ են մարդիկ արտերկրից գալիս, բուկլետներն արա՞գ են սպառվում:
– Ամսվա վերջին այդ ստատիստիկան կամփոփենք:
– Նման բուկլետներ հեղինակելն ո՞ւմ նախաձեռնությունն է եղել:
– Այն եղել է մեր նախաձեռնությամբ:
– Իսկ գումար որտեղի՞ց, բուկլետ տպելը` 200 հազար օրինակով, ծախսատար պրոցես է:
– Չէի ասի։ Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն գումար ենք ծախսել: 2 միլիոն դրամից քիչ է ծախսվել այդ ամենի վրա: Լրիվ մենք ենք վճարել, ոչ մի լումա չի ծախսվել պետական բյուջեից:
– Գուցե մասնավոր մեկն է ֆինանսապես աջակցել ձեզ, կամ եվրոպական գումարներից է:
– Ոչ, որեւէ քաղաքական ուժ ինչպե՞ս կարող է մեզ ֆինանսավորել, մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում։
***
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ուղղված ՌԴ-ում գտնվող ու ընտրական ճնշումների ենթարկվող հայրենակիցներին։
«Եթե ձեր բիզնեսը փորձում են ճնշել, փակել, կամ ոստիկանությունը, այլ իրավապահները փորձում են ստիպել, որ որևէ կերպ վարվեք ՀՀ ընտրությունների կոնտեքստում, կամ կապնվեք Հայաստանում գտնվող ձեր բարեկամների հետ և նրանց ինչ-որ բան ստիպեք, համոզեք, կամ ցանկացած ճնշում ընտրությունների կոնտեքտում Ռուսաստանի պետական մարմինների կողմից, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ։ Գաղտնիությունը երաշխավորվում է, տեղեկությունների համար հոնորարը խոստանում ենք»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել ․․․
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով վարույթ հարուցեք եւ Փաշինյանին հարցաքննեք
Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը … ուշ չլինի