Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը «աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, նա կմասնակցի ՄԱԿ-ի Անվատնգության խորհրդում «ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կենտրոնական դերի հիման վրա միջազգային համակարգի ամրապնդման» թեմայով քննարկումներին։ Նա «նաև բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»։ Բայրամովի ելույթը նախատեսված է մայիսի 26-ին։
Նույն օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանելու է Հայաստան։ Նախատեսված է նրա և արտաքին գոծերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ենթադրվում է, որ կողմերը «փաստաթղթեր կստորագրեն»։
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է այցելում Հնդկաստանում «բարդ բանակցություններից» հետո։ Միջազգային մամուլում կայուն տպավորություն կա, որ Նյու Դելիում «կասկածանքով են ընդունել ԱՄՆ նախագահի Չինաստան այցի արդյունքները»։ Փորձագետները ուշադրություն են հրավիրել Հնդկաստանի վարչապետ Մոդիի արտասահմանյան շրջայցի վրա, որ նա սկսել է Արաբական միացյալ էմիրություններից։
ԱՄՆ պետքարտուղարի Հնդկաստան և Հայաստան այցի ժամանակացույցից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Նյու Դելիի և Երևանում սպասվող քննարկումները «փախկապակցված» են, բայց «սիմվոլիկան» չնկատել, երեւի, չի կարելի։ Մանավանդ որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերջին տարիներին անհամեմատ բարձր մակարդակի են հասել։
Ենթադրվում է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրության պատրաստված փաստաթղթերը TRIPP նախագծի գործնականացման մասին են, որի իրականացմամբ, հավանական է, շահագրգռված է նաև Հնդկաստանը։
ԱՄՆ պետքարտուղարը Երևան է այցելում Հայաստանի խորհրդարանական մրցապայքարի, կարելի է ասել, եզրափակիչ փուլում, երբ Ռուսաստանի քարոզչական և տնտեսական ճնշումները հասել են աննախադեպ չափերի և բովանդակային սրության։ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում «ընդմիջում» է։
Ռուբիոյի այցին ընդառաջ Ռուսաստանի Կոմունիկացիաների զարգացման ազգային ինստիտուտի տնօրեն Գասումյանովը Հայաստանի «ապաշրջափակման նախագիծ» է առաջարկել, որ ենթադրում է «աբխազական երկաթուղու վերագործարկում»։ Երկու օր հետո հայտարարվել է, որ Ախալքալակ-Կարս երկաթգիծը Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումների համար բացվում է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Նյու Յորք աշխատանքային այցը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման հանձնառությունների «գծի մեջ» է։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցը գնահատելու է «Նիկոլ Փաշինյանին աջակցության» դիտանկյունից։
Խորքային իմաստով, սակայն, Մոսկվայի անհանգստությունը վերաբերում է Հարավային Կովկասի «ներքին ինտեգրացիային»։ Այն, ինչին Ռուսաստանը չի հասել հետխորհրդային երեսնամյա շրջանում, կարող է իրականություն դառնալ Արևմուտքի «փափուկ ուժով»։ Գերխնդիր է, թե Ռուսաստանը «խաղաքարտեր վերադասավորելու» ի՞նչ ռեսուրս ունի, և արդյո՞ք Մոսկվան «կարմիր գիծ կհատի»։

Բաց մի թողեք
Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին վճարի կազմակերպության ընդհանուր բյուջեի 10%-ը․ Վասիլև
Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Մոսկվան սպասում է Երևանի պաշտոնական որոշմանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Վասիլեւ. Լուսանկար