29/05/2026

EU – Armenia

Ռուսաստանի և Ղազախստանի միջև ցամաքային սահմանը անցնում է «վիճելի տարածքներով»

Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ Ժոմարթ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը Աստանայի «Հավերժ բարեկամության» պուրակում կաղնու համատեղ ծառատունկ են կատարել։

Այն, ինչպես tengrinews-ն է ձևակերպել «խորհրդանշում է երկու երկրների և ժողովուրդների պատմականորեն փորձություն անցած հարաբերությունների ներկան և ապագան»։

Նույն օրը Տոկաևը և Պուտինը ստորագրել են միջպետական հարաբերությունների սկզբունքների մասին համատեղ հայտարարություն։ Կողմերը նաև էներգետիկայի նախարարների մակարդակով ստորագրել են Ղազախստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիրը։

Ղազախստանի նախագահի աշխատակազմը հրապարակել է միջպետական հարաբերությունների սկզբունքների մասին Տոկաև-Պուտին համատեղ հայտարարությունը։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որի քաղաքական նշանակությունը, եթե հակիրճ ձևակերպվի, կայանում է նրանում, որ Ռուսաստանը ճանաչում է ղազախստանյան պետականության պատմականությունը և Եվրասիական տարածքում անկախ Ղազախստանի իրավահավասարությունը։

Բանակցությունների ավարտին Տոկաևը հրապարակայնացրել է, որ «փաստաթղթի վրա անձամբ է աշխատել և ուղղումներ մտցրել»,- ինչից ենթադրվում է, որ Ռուսաստանի հետ «ընդհանուր պատմությունից» Ղազախստանի պատմական պետականության մասին ձևակերպումների հեղինակը նա է, և Պուտինը դրանք ընդունել է։

Համատեղ հայտարարության տեքստում առանձին բաժին հատկացված է միջպետական սահմանին, որ բնութագրված է որպես «բարիդրացիության և համագործակցության տարածք»։ Այս առումով կարեւոր է Ղազախստանի նախագահի սահմանումը, որ Եվրասիական տարածում «զարգացման և բարգավաճման համար մեզ առաջին հերթին խաղաղություն է պետք»։

Ռուսաստանի և Ղազախստանի միջև ցամաքային սահմանը անցնում է «վիճելի տարածքներով»։ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները հաճախ են հիշեցնում, որ Ղազախստանի հյուսիսային մարզերի տարածքները «նվիրատվություն» են։ Այդ խնդիրը Ղազախստանի համար զգայուն է, քանի որ հյուսիսային մարզերում մի քանի միլիոն ռուս և ռուսախոս բնակչություն է ապրում։

Տպավորություն է, որ այդ թեման Տոկաև-Պուտին համատեղ հայտարարությամբ «փակվում» է։ Հայտարարության ընդհանուր ուղղվածությունից հասկացվում է, որ Ղազախստանը և Ռուսաստանը «հանդիսանում են Եվրասիական տարածքի երկու հենասյուները», և նրանց «փոխլրացումով» է պայմանավորված անվտանգային և տնտեսական կառույցների՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, հետագա գոյությունը և գործունակությունը։

Առկա իրավիճակում, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է, ինչի արձագանքները հետխորհրդային բոլոր երկրներում զգացվում են, Աստանա-Մոսկվա տանդեմի հռչակագրումը, ամենայն հավանականությամբ, ԱՊՀ պետություններին քաղաքական ուղերձ է։

Ուղիղ երկու շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին, Կասիմ Ժոմարթ Տոկաևը Աստանայում հյուրընկալել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա հետ ստորագրել «Հավերժ եղբայրության մասին» հուշագիր։ Աստանան ոչ պաշտոնապես ճանաչված է Թուրքական պետությունների կազմակերպության «տնտեսական մայրաքաղաք»։

Ղազախստանը վերջին տարիներին տնտեսական զգալի առաջընթաց է արձանագրել։ Քսաներկու միլիոն բնակիչ ունեցող երկրի տարեկան ՀՆԱ-ն հասել է 360 միլիարդ դոլարի։ Այդ ներուժը և զարգացման հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի Աստանան Ռուսաստանից զատ այլ ազդեցիկ գործընկերներ ձեռք բերի։

Խնդիր է, թե Ղազախստանը կարո՞ղ է Կենտրոնական Ասիան «պահել Ռուսաստանի համար», թե՞ Պուտինը պետք է Ղազախստանի հետ «հավերժ բարեկամոության» և Ղազախստան-Թուրքիա «հավերժ եղբայրության» միջակայքում «կողմնորոշվի»։