30/05/2026

EU – Armenia

ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած 31-ամյա երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. Լուսանկար

«Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը բացատրել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։

Մանդալյանը նշել է, որ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, իր ձևակերպմամբ, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով ԱԱԾ վարչական շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր իսկ բացատրությամբ՝ այդ քայլին գնացել է «ինքնազոհության պատրաստ լինելով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ «Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

Հատկանշական է, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել հեռանալ դեպքի վայրից։ Նա մնացել է փողոցում և սպասել իրավապահների ժամանմանը։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ ներկաներին ուղղելով հետևյալ հարցը․ «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։

Նշենք, որ պաշտպանական կողմը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել վերադաս դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և այլ կառույցների։ Սակայն, ըստ տեղեկությունների, նախաքննական մարմինը, դեռևս չունենալով անգամ վերադաս դատախազի պատասխանը, հապճեպ կերպով հայտարարել է նախաքննության ավարտի մասին։

Ավելին, Րաֆֆի Մանդալյանի հայրը ևս դիմել էր իրավապահներին՝ խնդրելով որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել՝ ընդգծելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։ Սակայն բողոքներն ու միայնակ մնացած հոր խնդրանքները, ըստ էության, անարձագանք են մնացել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է»։

Blog Image