31/08/2026

EU – Armenia

Այն հեռավոր գիշերը, որ երբեք չի ավարտվում … Այսօր Վիլիամ Սարոյանի ծննդյան օրն է

Կան գրողներ, որոնց կարդում ես՝ հիանալու համար։ Կան գրողներ, որոնցից սովորում ես գրել։ Եվ կան նրանք, որոնց կարդալիս հանկարծ հասկանում ես, որ գրականությունը պարզապես գրականություն չէ, որ բառերը կարող են ունենալ մարդու սրտի ջերմաստիճանը, արցունքի աղի համը, հեռացող ավտոբուսի աղոտ լույսը, գիշերային քաղաքի խոնավ ասֆալտի հոտը …

Վիլիամ Սարոյանը հենց այդպիսի գրող էր։ Մարդ, ով ամբողջ աշխարհին պատմեց մարդու մասին՝ առանց նրան մեծացնելու, հերոսացնելու, աստվածացնելու։ Նա պարզապես սիրում էր մարդուն։ Սիրում էր նրա թուլությունը, նրա անհաջողությունը, նրա անհասկանալի ժպիտը, նրա հանկարծակի արցունքը, նրա պատահական հանդիպումները և այն կորուստները, որոնց անունը մենք նույնիսկ չգիտենք։

Սարոյանի աշխարհում մեծագույն ողբերգությունները երբեմն ծնվում են մի փոքրիկ կանգառում։ Մի կին նստում է կողքիդ։ Դուք գուցե ընդամենը մի քանի բառ եք փոխանակում։ Գուցե նույնիսկ չեք հասցնում հարցնել նրա անունը։ Հետո ավտոբուսը կանգ է առնում։ Նա իջնում է։ Մի պահ քայլում է լույսի և ստվերի սահմանագծով։ Անցնում է խաչմերուկը։ Եվ անհետանում։ Ու թվում է՝ ոչինչ տեղի չունեցավ։ Բայց իրականում այդ պահին ավարտվեց մի ամբողջ կյանք, որը կարող էր երբեք չսկսվել։

Սարոյանի մեծությունը թերևս հենց այն է, որ նա գիտեր՝ մարդու կյանքը միշտ չէ, որ բաղկացած է մեծ իրադարձություններից։ Երբեմն մեր ճակատագիրը որոշվում է չնչին, աննշմար պատահականություններով։ Մեկ րոպե ուշանալով՝ մենք չենք նստում այն գնացքը։ Մեկ ուրիշ փողոցով անցնելով՝ չենք հանդիպում այն մարդուն։ Կամ հակառակը՝ ինչ-որ անհասկանալի ներքին մղումով նստում ենք մի ավտոբուս, և մի անծանոթ կին գալիս ու նստում է մեր կողքին։

Եվ այդտեղից սկսվում է այն, ինչ այլևս երբեք չի կրկնվելու։ Սարոյանի «Այն հեռավոր գիշերը» փոքրիկ պատմվածք է, բայց նրա մեջ տեղավորվել է ամբողջ մարդկային կյանքը։ Սերը, որ չհասցրեց անուն ունենալ։ Հանդիպումը, որ չդարձավ հարաբերություն։ Համբույրը, որ դարձավ հիշողություն։ Արցունքը, որի պատճառը հավերժ անհայտ մնաց։

Եվ գիշերը, որը վաղուց ավարտվել է, բայց մարդու ներսում շարունակվում է տասնամյակներ։ «Այն հեռավոր գիշերը»՝ իմ ամենասիրելի պատմվածքներից մեկը։ ։ «Ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյունում, եւ ես էլ երբեք չտեսա նրան…»։ Եվ ահա այստեղ է Սարոյանը։ Ոչ մի մեծ բացատրություն։ Ոչ մի աղմկոտ դրամա։ Ոչ մի ճակատագրական սպանություն, պատերազմ կամ փլուզված աշխարհ։ Պարզապես մի կին իջավ ավտոբուսից։ Բայց որքան մեծ է երբեմն այդ «պարզապես»-ը…

Քանի՞ մարդ է եղել մեր կյանքում, որոնց մենք այլևս երբեք չենք տեսել, բայց որոնց մոռանալ չենք կարողացել։ Քանի՞ դեմք է մի պահ հայտնվել մեր առջև՝ կայարանում, օդանավակայանում, գնացքում, անձրևոտ փողոցում, թատրոնի միջանցքում, սրճարանի հեռավոր սեղանի մոտ։ Քանի՞ անգամ ենք շրջվել՝ պարզապես ևս մեկ անգամ տեսնելու անծանոթին։ Քանի՞ անգամ ենք մտածել՝ գուցե պետք էր խոսել։ Գուցե պետք էր հարցնել անունը։ Գուցե պետք էր իջնել նրա հետ նույն կանգառում։ Գուցե պետք էր ասել ընդամենը մի նախադասություն, որը կարող էր փոխել երկու մարդկանց ամբողջ կյանքը։ Բայց մենք չենք ասել։ Նա գնացել է։ Եվ կյանքը շարունակվել է։ Այլ մարդիկ են եկել։ Այլ կանայք են ժպտացել։ Այլ աչքեր են նայել մեզ։ Այլ շուրթեր են համբուրվել։ Գուցե շատերն ավելի գեղեցիկ են եղել։ Գուցե շատերն ավելի մոտ են դարձել։ Գուցե ոմանք նույնիսկ մեզ սիրել են։ Բայց այդ մեկը …

Այդ մեկը մնում է այնտեղ, այն հեռավոր գիշերվա մեջ։ Որովհետև իրականում մենք միշտ չէ, որ կարոտում ենք մարդուն։ Երբեմն կարոտում ենք այն պահը, երբ նրան հանդիպեցինք։ Կարոտում ենք մեր այն տարիքը։ Մեր այն մենակությունը։ Մեր այն անհասկանալի սպասումը։ Կարոտում ենք այն գիշերը, երբ աշխարհը դեռ ուրիշ էր, երբ ճանապարհները դեռ անծանոթ էին, և մենք դեռ չգիտեինք, թե քանի բան կարող ենք կորցնել՝ նույնիսկ առանց դրանք երբևէ ունենալու։

Սարոյանն այդ անհասկանալի կորստի մեծ երգիչն է։ Նա գիտեր, որ մարդու սիրտը միշտ չէ, որ կոտրվում է հրաժեշտներից։ Երբեմն այն կոտրվում է մի հանդիպումից հետո, որն այնքան կարճ էր, որ նույնիսկ հրաժեշտ չկար։ Եվ որքան սարսափելի, որքան գեղեցիկ է նրա միտքը՝ որ էլ երբեք չի լինի այնպիսի տխուր մեկը, ինչպիսին նա էր, էլ երբեք չի լինի այնպիսի գիշեր, ինչպիսին այդ գիշերն էր։ Որովհետև կյանքում ոչինչ չի կրկնվում։ Ոչ մի գիշեր։ Ոչ մի համբույր։ Ոչ մի արցունք։ Ոչ մի պատահական հանդիպում։

Մենք կարող ենք վերադառնալ նույն փողոցը, նստել նույն ավտոբուսը, լսել նույն երաժշտությունը, նույնիսկ փորձել գտնել նույն դեմքը ամբոխի մեջ։ Բայց ժամանակը երբեք չի վերադառնում։ Այն գիշերը արդեն անցել է։ Այն մարդն արդեն ուրիշ տեղում է։ Կամ գուցե այլևս չկա։ Եվ մենք էլ այլևս այն մարդը չենք, ով նստած էր պատուհանի մոտ ու սպասում էր, որ ինչ-որ մեկը պատահաբար գա և նստի մեր կողքին։ Ահա թե ինչու Սարոյանը մեծ գրող է։ Որովհետև նա կարողանում էր հավերժացնել այն, ինչ կյանքում տևել է ընդամենը մի քանի րոպե ․․․

Նրա «Մարդկային կատակերգությունը» մարդկության մասին է, բայց նաև յուրաքանչյուրիս փոքրիկ քաղաքի, ընտանիքի և մանկության մասին։ Նրա հերոսները մեզ այնքան հարազատ են, որովհետև նրանք երբեք չեն փորձում լինել բացառիկ։ Նրանք պարզապես ապրում են, սիրում են, սխալվում են, կորցնում են և շարունակում են ապրել։

«Իմ սիրտը լեռներում է» միայն լեռների մասին չէ։ Դա այն մարդու մասին է, որի հոգին երբեք ամբողջովին չի տեղավորվում այն աշխարհում, որտեղ ապրում է։ Եվ թերևս հենց այդ պատճառով էլ Սարոյանը, ապրելով Ամերիկայում, միշտ ինչ-որ կերպ մնաց հայոց լեռների, հայկական բառի, հայկական ցավի և հայկական անհավանական կենսասիրության մարդը։

Նա գալիս էր Հայաստան։ Հանդիպում էր հայ գրողներին։ Զրուցում էր Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի և ժամանակի մշակութային աշխարհի ներկայացուցիչների հետ։ Նա Հայաստան էր բերում ոչ միայն իր անունը, այլև մի ամբողջ աշխարհ՝ աշխարհի մյուս ծայրում ապրող հայի աշխարհը։ Բայց գուցե Սարոյանի ամենամեծ վերադարձը Հայաստան ոչ թե նրա այցելություններն էին, այլ այն, որ նա վերադարձավ հայերեն բառի մեջ։ Վերադարձավ հայ ընթերցողի սրտում։ Վերադարձավ մեր գրական հիշողության մեջ։ Վերադարձավ այնպիսի կերպով, որ այսօր նրա հերոսները մեզ երբեմն ավելի հարազատ են թվում, քան մեր առօրյա կյանքի բազմաթիվ իրական մարդիկ։

Եվ այսօր, նրա ծննդյան օրը, ուզում եմ մտածել ոչ միայն մեծ գրողի մասին։ Ուզում եմ մտածել նաև այն աղջկա մասին, որը մի գիշեր նստեց նրա կողքին։ Անունը գուցե կարևոր էլ չէր։ Որովհետև Սարոյանը նրան անունից ավելի մեծ բան տվեց։ Նա նրան տվեց անմահություն։

Այդ կինը գուցե վաղուց ծերացել է։ Գուցե նրա կյանքում եղել են ամուսին, երեխաներ, հիվանդություններ, երջանկություններ, դժբախտություններ։ Գուցե նա նույնիսկ երբեք չի իմացել, որ մի գիշեր իր կողքին նստած երիտասարդը տարիներ անց գրելու է իրենց կարճ հանդիպման մասին։ Գուցե նա էլ է երբեմն հիշել այդ գիշերը։ Գուցե նա էլ է հիշել մի երիտասարդի, որի անունը մոռացել էր։ Կամ գուցե նա ընդհանրապես ոչինչ չէր հիշում։ Բայց գրականությունը հիշեց նրա փոխարեն։

Ահա գրողի հրաշքը։ Նա վերցնում է մի ակնթարթ, որը կյանքը պատրաստվում էր մոռանալ, և դարձնում է հավերժություն։ Նա պահում է մի արցունք, նախքան այն կչորանա։ Նա կանգնեցնում է մի ավտոբուս, որն իրականում վաղուց հասել է իր վերջին կանգառը։ Նա թույլ չի տալիս, որ գեղեցկուհին անհայտանա խաչմերուկից այն կողմ։ Որովհետև գրքի էջերում նա դեռ քայլում է։ Դեռ շրջվում է։ Դեռ ունի այն թախծալի, անուշ ձայնը։ Դեռ արտասվում է այնպես, ինչպես ոչ ոք այլևս չի արտասվելու։ Եվ ինչ-որ տեղ, աշխարհի բոլոր կորած գիշերների խորքում, դեռևս նստում է նրա կողքին։

Այսօր Վիլիամ Սարոյանի ծննդյան օրն է։ Ծնունդդ շնորհավոր, մեծ գրող։ Շնորհակալություն այն բանի համար, որ մեզ սովորեցրիր տեսնել մեծը փոքրիկի մեջ։ Շնորհակալություն պատահական հանդիպումների համար։ Շնորհակալություն այն մարդկանց համար, որոնց մենք կորցրել ենք, բայց երբեք չենք ունեցել։ Շնորհակալություն այն կանանց համար, որոնք իջել են իրենց կանգառում և այլևս չեն վերադարձել։ Շնորհակալություն բոլոր այն գիշերների համար, որոնք կորել են, բայց չեն մոռացվել։

Եվ գուցե մարդկային կյանքի ամենամեծ գաղտնիքը հենց այն է, որ մենք չենք կարող պահել ոչ մեկին, ոչ մի գիշեր, ոչ մի երջանկություն։ Մենք կարող ենք միայն մի պահ նստել նրանց կողքին։ Մի փոքր լսել նրանց ձայնը։ Գուցե մի արցունք տեսնել։ Գուցե մի համբույր ստանալ։ Հետո նրանք իջնում են իրենց կանգառներում։ Կորչում են խաչմերուկից այն կողմ։ Եվ մենք շարունակում ենք ճանապարհը։ Բայց տարիներ անց հանկարծ հասկանում ենք, որ մեր կյանքի ամենահեռավոր գիշերներից մեկը դեռ նստած է մեր կողքին։ Եվ ավտոբուսը դեռ չի հասել կանգառին։ Եվ նա դեռ չի իջել։ Եվ մենք դեռ սպասում ենք նրան…

Ծնունդդ շնորհավոր, Վիլիամ Սարոյան։ Քո գիշերները վաղուց կորել են ժամանակի խորքում, բայց քո մարդկային լույսը դեռ ճանապարհ է ցույց տալիս նրանց, ովքեր երբևէ սիրել են, կորցրել են, լացել են և ամբողջ կյանքում հիշել են մի մարդու, որի անունը գուցե նույնիսկ չգիտեին…

Սիմոն Սարգսյան