31/08/2026

EU – Armenia

Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞

Այսօր Երևանի Շիրակի փողոցում քաղաքացիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել։

Քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քաղաքացիների տնակները ապամոնտաժելու, ինչի ժամանակ վերջիններս սկսեցին քարեր նետել իրավապահների ու քաղաքապետարանի աշխատակիցների ուղղությամբ։

Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում ՀՈ Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։

Նրանցից մեկը քարով հարվածել կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար»։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Վարչական շրջանի աշխատակիցները, ոստիկանության մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ, փորձել են ապամոնտաժել բնակիչների կողմից օգտագործվող վեց տնակ, սակայն վերջիններս դեմ են կանգնել գործընթացին։

Բնակիչները փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը՝ այդ կերպ խոչընդոտելով տեխնիկայի և աշխատակիցների մուտքը տարածք։ Դեպքի ընթացքում, ըստ առկա տեղեկությունների, կան նաև ձերբակալված քաղաքացիներ։

Բնակիչներից մեկը դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իր բնակության և կենցաղային պայմանները տարիների ընթացքում սեփական միջոցներով է ստեղծել։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում բնակվել է տնակում, իսկ Կարմիր խաչի աջակցությամբ կարողացել է տարածքում երկու շինություն կառուցել։