31/05/2026

EU – Armenia

Չարյաց փոքրագույնը՝ ընտրություն եղածի մեջ

Ահա և մնաց 7 օր։ Հիմա ամենահետաքրքիրը կլինի ընտրողին հարցնել. ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե առաջիկա կիրակի լինեին ընտրություններ։ Առաջիկա կիրակի իրոք ընտրություններ են, այնպիսի ընտրություններ, որոնք շատ բան են իրենց վրա վերցնում՝ լոկ քաղաքական իշխանություն ձևավորելուց բացի։

Գոյապահպանության ընտրություններ են։ Տեսակի, արժեքների, սկզբունքների, կյանքի որակի, արժանապատվության ընտրություններ են։ Թացը չորից տարբերելու, կեղծիքն ու իրականությունը տարբերակելու, ստախոսությունն ու արդարամտությունը հստակ դասավորելու ընտրություններ են։ Երանի լինեին միայն խորհրդարան ու իշխանություն ձևավորելու ընտրություններ։ Բայց կատեգորիկ այդպես չէ։

Այս ընտրությամբ մենք ոչ թե բերում ենք նոր իշխանություն, այլ հեռացնում ենք եղածին։ Նախկիններ կարող են լինել նաև այսօրվա իշխանությունները, ու «նախկիններ» ասելով՝ արդեն չենք կարողանալու հստակ հասկանալ, թե ում մասին է խոսքը։ Արդեն գալու են այլ ածականներ, օրինակ՝ հաղթողներ և պարտվածներ, ազգայիններ և ազգակործաններ։ Իրերը կոչելու ենք իրենց անուններով և դառնալու ենք առավել պահանջատեր, որպեսզի չկորցնենք գոնե այն, ինչ դեռևս ունենք։

Ընտրության պետք է գնալ, ինչպես ուխտի

Առանց վարանման, առանց վախի, հույսով և վստահությամբ պիտի գնանք ընտրության։ Կարևոր է հիշել, որ եկել է մեր խոսքն ասելու պահը։ Ընտրության չգնալ նշանակում է հրաժարվել հայ լինելու և հայ մնալու պատվից։ Դա ամոթ է, դա այն է, ինչ ուզում է մեր թշնամին՝ ներքին և արտաքին։

Իրականում մենք հունիսի 7-ին ենք պահելու կամ հանձնելու Արցախը, քանի որ հիշողությունն ու նվիրումը ուրանալն ավելի ծանր է, քան ֆիզիկապես և թյուրիմացաբար մեր պապերի հողը կորցնելը։ Հունիսի 7-ին մենք որոշելու ենք՝ իրավունք ունե՞նք սիրելու Արարատը, քանի որ դա վիճարկվում է։ Հունիսի 7-ին մենք մեր երեխաների այբբենարանում վերադարձնելու ենք Մաշտոցի նկարը, քանի որ այսօր այն չկա։ Հունիսի 7-ին մենք նորից խոնարհվելու ենք ցեղասպանության զոհերի առջև ու կանթեղը վառ ենք պահելու, քանի որ անհիմն չեն կասկածները, թե, ինչպես թեկնածուներից մեկն է ասում, «բուլդոզերը գցելու են ու քանդեն» մեր հարգանքի հուշարձանը՝ առանց աչք թարթելու։ Հունիսի 7-ին մենք որոշելու ենք, թե ինչ կերպարանք, ինչ խոսք, ինչ միտք, ինչ տեսք պետք է ունենա հայ մարդը։ Սա իրականում ոչ մի կերպ իշխանության ձևավորման հարց չէ։ Սա, ինչ-որ իմաստով, նոր աշխարհի արարումն է՝ մնալ հայ, թե՞ դառնալ մի նոր կովկասյան ժողովուրդ՝ առանց անցյալի, առանց պատմության, առանց հիշողության ու իղձերի, ինչ-որ նոր մի բան՝ մանկուրտ, ոչ հայ։ Այսօրվա իշխանությունները որոշել են փոխել ու ձևավորել նոր հայ՝ թուրքին սիրող, Արարատը չսիրող, անցյալը հերքող, Արցախը ուրացող, պարտությունը հաղթանակ համարող ու 10 000-ի համար իրեն կուռքեր կարգող նոր հայի տեսակ։ Բայց մենք 1000-ավոր տարիներ ճանապարհ ենք անցել՝ ոչ այս լուսավոր դարում այդպես անպատվաբեր՝ ոչնչանալու համար։

Մեզ կուռքեր պետք չեն

Մենք չենք ընտրում ոչ թագավոր, ոչ ամենափրկիչ և ոչ էլ Աստված։ Մեզ համար կուռքեր այլևս չենք փնտրում։ Ուղղակի եկել է պահը, երբ պետք է կարողանանք գնահատել, որ անցել է «հեղափոխական բերկրանքը», անցել է «հետպատերազմական մանթրաժը», անցել է ինքնախարազանման, ինքնաոչնչացման ու ինքնահերքման ճգնաժամը, և եկել է սթափ որոշման պահը։ Նաև սա է՝ որոշման համար պատասխանատվություն վերցնելու պահը։
Ովքեր այսօր մեզնից մանդատ են խնդրում, նրանք բոլորն ունեն իրենց պահարաններում կմախքներ՝ ունեն սխալներ, գուցե նաև՝ ծանր սխալներ։ Բայց ոչ բոլորն ունեն հազարավոր երախտավոր զոհերի կմախքներ ու նրանց վաստակի ուրացում։ Միայն մեկն է, որ ոչ թե ցավ, այլ հրճվանք է ապրում հայրենի հողը բզկտելով՝ սահմանազատման անվան տակ, քարտեզը փոխելով, փոքրացնելով ու դա ճակատին խարանած՝ հպարտանալով։ Այն, ինչ ցավ է, նրանց հաճույք է պատճառում, ու միայն մեկն է, որ այս ամենի ֆոնին ինքնամոռաց պարում է ու բաժանում կեղծ սրտիկներ ու եղծ քարտեզներ․․․

Այդպիսին է միայն մեկ ուժ։ Հունիսի 7-ին պիտի որոշենք՝ մենք համաձա՞յն ենք շարունակել այս ամոթալի կրկեսը, ծաղրը մեր ապրած կյանքի ու մեր ինքնության նկատմամբ։ Հունիսի 7-ին պետք է հիշենք, որ թեկնածուներից ոչ բոլորն ունեն թշնամու կողմից հավանություն և աջակցություն։ Դա ունի միայն մեկ ուժ, և հիմա պիտի մեր ընտրությամբ տարբերվենք թշնամուց։

Ուրացողների մեղսակիցը դո՞ւ ես

Հունիսի 7-ին պիտի տարբերվենք այն մարդուց՝ հիմնականում 65+ տարիքի, որ վարչապետին ասում է՝ «դու մեր արևն ես»։ Մենք արև չենք ընտրելու։ Մենք չենք ընտրում այն թիմը, որի պատճառով խավարեց արևը Արցախի երկնակամարում, իսկ իրենք ամոթի ու ապաշխարության փոխարեն որոշեցին դա դարձնել ձեռքբերում։ Որոշեցին աչքակապությամբ մեզ համոզել, որ ճիշտը սա է, իսկ Արցախ ունենալը՝ ճակատագրական սխալ։ Նենգափոխելով մեր համոզմունքները՝ կարողացան շատերի համար իրենց ձախողումը, իրենց կորուստը դարձնել հաջողություն ու աղանդի պես տարածել այդ ամոթալի ուսմունքը՝ միայն իրենց մեղքը տարածելով՝ նվազեցնելու, շատերին՝ հազարներին, իրենց մեղսակիցը դարձնելու գաղտնի դավադրությամբ։ Հունիսի 7-ին ընտրությամբ կորոշվի՝ լինելո՞ւ ես մեղսակից այս բոլոր կորուստների համար, թե՞ ոչ։ Դա է, որ դրված է քվեարկության, և, ցավոք, ոչ իշխանության ձևավորման պարզ և սովորական հարց։

7 օր։ Ամեն օր 7 րոպե գոնե յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի, թե ինչ 8 տարի ապրեցինք մենք։ Ինչ էր մեր ուզածը հեղափոխությունից, ինչ ստացանք, ինչ կլինի ապագայում։ Հավատա՞լ, թե՞ ոչ, լալահառաչ աղմկոտ բեմադրություններին, որ տեսնում ենք հիմա՝ հար և նման 8 տարի առաջվա հեղափոխությանը։ Նորից գնա՞լ հեղափոխության, նորից խաբվե՞լ ու նորից կորցնե՞լ նվիրական արժեքներ։

Չարյաց փոքրագույնը՝ ընտրություն եղածի մեջ

Հունիսի 7-ին ընտրելու ենք պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են աշխատել և կառավարել երկիրը՝ լավ կամ վատ, բայց ոչ մի դեպքում չկործանել այն։ Իշխանություններ, որոնցից նույնպես կհրաժարվենք, եթե չարդարացնեն մեր հույսերը, կպայքարենք մեր իրավունքների համար և կմերժենք նրանց՝ անհրաժեշտության դեպքում։ Ասֆալտ անել, մանկապարտեզ վերանորոգել՝ մենք նրանց կստիպենք, և նրանք ունեն դա անելու փորձը, կարողությունը և ցանկությունը։ Թող դա չլինի հայ մարդու ընտրության միակ չափանիշը։ Խոշոր ընդդիմադիր ուժերից մեկը՝ նախկին նախագահը, հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, կամուրջներ ու մայրուղիներ է կառուցել, մյուս երկուսը՝ գործարարներ, որպես բարեգործ եղել են կառուցող և արարող հայ մարդու համար՝ առանց որևէ պարտավորության
7 րոպե մտածեք՝ մինչև 7 օր անց՝ ընտրությունները։ Այդ քվեարկությունը ևս, ըստ էության, տևում է մոտ 7 րոպե, որով հետո կորոշվի ոչ միայն առաջիկա 5 տարին, այլև, գուցե, ընդմիշտ՝ հայի լինել-չլինելու հարցը։

Եվ ուրեմն, այս անգամ ընտրության գնում ենք ինչպես ուխտի։ Բաց չենք թողնում մեր խոսքն ասելու հնարավորությունը ու, ամենակարևորը, բաց չենք թողնում մեր կատարած սխալներն ուղղելու այս շանսը։ Չենք դառնում հայրենիքի կորստի մեղսակից, և չենք փնտրում կռապաշտ կուռքեր։ Գոնե այն, ինչ հնարավոր է ուղղել, պարտավոր ենք ուղղել։ Եվ, վերջապես, այսքանից հետո, դժվար է պատկերացնել այն մարդուն, որ հունիսի 7-ին չի գնա ընտրության, քանի որ չի կողմնորոշվում, թե ում ընտրել։

Գուցե 8 տարին չի բավարարել, որպեսզի կողմնորոշվեն, բայց 7 օրը պետք է բավարարի, դա քիչ չէ։ Հենց 7 օրում Աստված արարեց աշխարհը, այն ամենը, ինչ կա մեր շրջապատում, լույսն ու խավարը, մարդը վերջապես ստեղծվեցին 7 օրում, ուրեմն դա լիովին բավարար է գոնե պարզ ընտրություն կատարելու համար․սյն է՝ այս Աստծո արարած աշխարհում տեղ կլինի՞ հայի համար, թե՞ ոչ։