31/05/2026

EU – Armenia

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»․ Լուսանկար

Եթե Հայաստանում երբևէ «շատ ուտողների» մրցույթ կազմակերպվի, Նիկոլ Փաշինյանը մրցակից չի ունենա․ նա բոլորին կգերազանցի դեռ մեկնարկից առաջ։

Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանի ընտրական պատմության մեջ սա, թերևս, առաջին դեպքն է, երբ թեկնածուի նախընտրական ծրագրի ամենատեսանելի կետը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը կամ կրթությունը, այլ՝ ուտելը։ Աշխարհում շատ ուտողների մրցույթներ կան․ մարդիկ սահմանված ժամանակում փորձում են հնարավորինս շատ հոթ-դոգ, պիցցա կամ այլ ուտեստ ուտել։ Փաշինյանը, կարծես, այդ սպորտաձևի հայկական, քաղաքականացված տարբերակն է ստեղծել։

Որտեղ գնում է՝ ձեռքին կամ պերյաշկի է, կամ գազար, կամ կուկուռուզ։ Հասնում է գյուղ՝ անմիջապես սեղանի մոտ։ Սկսվում է «հանդիպում ընտրողների հետ» կոչվող, բայց իրականում «հանդիպում մենյուի հետ» գործընթացը։ Խաշլամա, խորոված, հավ, խոզ, միրգ, քաղցրավենիք․․․

Սովորական մրցույթներում մասնակիցները մեկ տեսակի սնունդ են օգտագործում։ Փաշինյանի մրցույթն ավելի բարդ է՝ բազմամարտ է։ Ուտում է ամեն ինչ, որովհետև մրցույթի միակ մասնակիցն է։ Ուտելու արշավում ո՞վ կարողէ մրցակցել նրա հետ։ Այդ պատճառով էլ, հավանաբար, նախընտրական նոր կարգախոսը պետք է հնչի այսպես․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»։

Ավելին, քարոզարշավի ընթացքում արդեն կարծես ձևավորվում է նոր քաղաքական փիլիսոփայություն՝ «Ավելի շատ կալորիա, ավելի շատ վստահություն»։ Ծրագրերի, խոստումների ու գաղափարների փոխարեն ընտրողին ներկայացվում է ճաշացանկ։ Եվ երբեմն թվում է, թե հիմնական ուղերձն էլ սա է․ «Այս ընտրություններում կարևոր է ոչ թե ծրագիրը, այլ մենյուն»։

Արդեն կարելի է մտածել նաև նոր կուսակցական կարգախոսի մասին․ «Հայաստանն ընտրում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ճաշացանկ»։

Պատմական է նաև այն փաստը, որ աշխարհում մարդիկ վարչապետ են դառնում ծրագրերով, գաղափարներով կամ թիմերով, իսկ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում վարչապետ դառնալ ազգային գաստրոնոմիական տուրի միջոցով։ Քարոզարշավն աստիճանաբար վերածվում է քարոզսեղանի, և ընտրական պայքարը՝ ուտելու բազմամարտի։

Եթե, Աստված մի արասցե կամ Աստված բարեգութ գտնվի (ով ինչպես գնահատում է), Փաշինյանը կրկին ստանա ձայների մեծամասնությունը, ապա ընտրողներն առնվազն մեկ բանի համար չեն կարող դժգոհել․ նախընտրական խոստումներից մեկը հաստատ կատարվել է՝ ուտելը։ Մարդը չէր խոստացել , բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում հետևողականորեն ցուցադրել է իր գլխավոր քաղաքական հմտությունը։

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»