Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց: Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը:
«Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:
Վերը ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք՝ ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախօրեին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի (շատ մեղմ ասած) «հարցումը», որը ոչ մի աղերս չունի փաստացի իրականության հետ: Առավել ևս, որ «Բրևիս» ընկերությունը հետո նշել է, թե EuroNews-ով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:
Չնայած նման հերքմանը, այնուամենայնիվ, Արևմուտքի նման «հիբրիդային պատերազմին» կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական «հարթակ» չէ:
Դեռ մի կողմ դնենք այն, որ այդ «հարցմամբ» Փաշինյանին մի այլ կարգի տոկոսներ են նկարել: Շատ ավելի հետաքրքիր են կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները և այն, թե ով է սկզբնաղբյուրը, և ովքեր են տարածել Հայաստանում: Նախ՝ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես «հեռախոսային հարցում»: Ընդհանրապես, հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտվել մեր երկրում, մեր հասարակության մեջ ու մեր պայմաններում: Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանապետական ճնշման և համատարած գաղտնալսումների «քաղաքականություն» են վարում, շատ-շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային նման զրույցներից, առավել ևս՝ խուսափում են հեռախոսով ասել, թե որ ուժին են պատրաստվում ձայն տալ: Վերը նշված թվերը, այն է՝ պատասխանել է հազիվ 0,3-05 տոկոսը, վկայում են նաև դրա մասին:
Ինչ վերաբերում է հանրային կարծիքին ու իրական տրամադրություններին, ապա «դաշտային պայմաններում» իրականացված ոչ հեռախոսային հարցումների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում: Մեր ունեցած տեղեկություններով, պատկերը «եվրոհիբրիդային» հարցումներից էապես է տարբերվում, եթե չասենք, որ լրիվ հակառակն է:
Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին: Էլ ավելին՝ նրանք շատ հեռու են դրանից: Պարզ ասած՝ Փաշինյանն առավելագույնը կարող է հաջորդ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնել:
Փոխարենը, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ, նոր իշխանություն ձևավորելու շատ իրական հնարավորություն ունեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ոչ միայն երեք խոշոր ուժերը ձևավորում են իշխանություն, այլև անցողիկ շեմը կարող է հաղթահարել ևս 2-3 ուժ, օրինակ՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:
Այս ամենի մեջ, արդեն անկախ բոլոր հարցումներից, առանցքայինը տրամադրությունն է, կոնկրետ՝ քվեարկությանը ակտիվ մասնակցելու տրամադրվածությունը, որը բարձր է: Իսկ դա ամենից կարևորն է ու կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ
Խանութներում ջերմուկ, հայկական ոգելից խմիչքներ, բանջարեղեն արդեն չկան