Վերջին 2 տասնամյակում Հայաստանում ապրած, իրադարձություններին, ներքաղաքական անցուդարձին հետեւած յուրաքանչյուր ոք հրաշալի ծանոթ է «մինչհեղափոխական» Հայաստանի բոլոր խնդիրներին ու արատավոր բարքերին, ծանոթ է նաեւ դրա դեմ ժամանակին խոսող, պայքարող մարդկանց համայնապատկերին։
Հրապարակ թերթը գրել է․ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այս մարդկանց շարքերն էին ներթափանցել նաեւ նրանք, ովքեր, պարզվեց՝ հանուն փողի, իշխանության կամ պաշտոնի պայքարողներ էին ընդամենը եւ իրենց ուզածին հասնելուց հետո ուղղակի անհետացան ասպարեզից։
Մանավանդ՝ 2010-ականներին քաղհասարակության շարքերը ստվարանում էին, նոր «պայքարող» դեմքեր էին հայտնվում, որոնց ճնշող մեծամասնությունը դրսում լավ կրթություն էր ստացել, լայնախոհ ու հայրենասեր մարդկանց տպավորություն էր թողնում։
Ե՞րբ սկսվեց այս մարդկանց պայքարը, արդյոք 2018 թվականի իշխանափոխությունը վերջնական հանգրվա՞նն էր, երբ ավարտվեց այդ պայքարը։ Նրանց մեծ մասն այսօր կա՛մ պատգամավոր է, կա՛մ իշխանական որեւէ օղակի, պետապարատի աշխատող, կա՛մ լքել է երկիրը, կա՛մ անհետացել հանրային պայքարի ասպարեզից։
Բացի այն, որ չիմացանք, թե հանուն ինչի էր պայքարում այդ «քաղհասարակությունը», չիմացանք նաեւ, թե ում դեմ էր աշխատում, արդյո՞ք թերությունների, սխալ աշխատող համակարգերի, թե՞ անձերի։
«Մինչհեղափոխական» Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն ակտիվ կապերի մեջ էին նաեւ արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների հետ, նրանցից շատերն իրենց ինչ-ինչ ծրագրերի համար գրանտներ էին ստանում արտասահմանից, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր մնացին իրենց տեղում ու շարունակեցին պայքարը։
Այս մարդիկ 2018-ին կարծես միանգամից խլացան ու կուրացան, սկսեցին չտեսնել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների խուլիգանական պահվածքը, ատելության խոսք ու բռնության կոչեր պարունակող խոսույթը, սկսեցին չտեսնել նաեւ իրավապահ համակարգի ակնհայտ խախտումներն ու ապօրինությունները, օրինակ՝ քաղակտիվիստներին ապօրինի բերման ենթարկելը, սահմռկեցուցիչ խոշտանգումները, բողոքի ակցիա անողների վրա մարտական նռնակներ նետելը։
Չնկատեցին Հայաստանում եւ հատկապես Երեւանում կատարվող էկոցիդը, որի արդյունքում Երեւանը բետոնե ջունգլի է դառնում, չեն տեսնում գրեթե ամենօրյա կտրվածքով ի հայտ եկող՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող աղմկահարույց միջադեպերը, չեն հետաքրքրվում տենդերներ շահողներով, այդ տենդերների կատարման ընթացքով։
Այս բոլոր հարցերով զբաղվող եւ որպես քաղհասարակություն ընկալվող մարդիկ նախկին իշխանության օրոք իրենց հանրային խոսքում եւ գործողություններում երբեք չէին շրջանցում օրվա իշխանության որեւէ վատ արարք, որեւէ սխալ, հակառակը՝ դեմոնիզացնում էին վերջինիս։ Իսկ այսօր նրանցից շատ քչերն են երբեմն-երբեմն խոսում, այն էլ տպավորություն է, թե ստիպված են խոսում՝ հերթապահ որեւէ բան ասելով, որ հանրության հանդիմանություններին չարժանանան։
Մեզ ծանոթ քաղհասարակության՝ պարապուրդի մատնվելուց երկար ժամանակ է անցել, եւ այդ բացը կարծես սկսել է փակվել՝ սկսել են ի հայտ գալ իրապես պայքարող ակտիվիստներ, իրավաբան-իրավապաշտպաններ, բնապահպաններ։ 2020 թվականի պատերազմից հետո ընթացող երկարատեւ փողոցային ակցիաների, հանրահավաքների արդյունքում նոր քաղհասարակություն է կարծես ծիլեր տալիս։
Ընդդիմադիր դաշտի նկատմամբ իրականացվող ճնշումները, Դիմադրության, Սրբազան շարժումները, Երեւանում իրականացվող էկոցիդը եւ այլ հանգամանքներ ստիպեցին շատերին ավելի ակտիվ լծվել պայքարի, ու նոր-նոր ձեւավորվող քաղհասարակությունն արդեն սկսում է աշխատել հօգուտ հանրության ու երկրի։
«Հրապարակը» զրուցել է հետհեղափոխական Հայաստանի, դեռեւս առանց գրանտների աշխատող քաղհասարակության մի քանի ներկայացուցչի հետ՝ հասկանալու պայքարի նրանց մոտիվացիան, խնդիրները, որոնց նրանք բախվում են, ու մի շարք այլ հարցեր։
Վերջին տարիներին, երբ հանրությանը ծանոթ էկոակտիվիստներին կարծես էլ չենք տեսնում, բնապահպանական խնդիրների բարձրաձայնման առաջին շարքերում Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանին ենք տեսնում։
Արդեն 2 տարի է՝ մի խումբ իրավաբան-իրավապաշտպաններ անվճար հիմունքներով իրավական աջակցություն են տրամադրում քաղհալածյալներին ու քաղբանտարկյալներին։ Նրանք միավորվել ու ստեղծել են «5 իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
Տարբեր կարեւոր հարցերով, որոնց մասին 2018-ից առաջ կաղաղակեին քաղհասարակության որոշ խմբեր, այսօր խոսում են տարբեր խիզախ անհատ ակտիվիստներ։ Նրանցից մեկը ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն է։ Ամենատարբեր հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին է հաճախ բարձրաձայնում բլոգեր Արթուր Չախոյանը՝ երբեմն հարձակումների ենթարկվելով պրոիշխանական շրջանակների կողմից, բերման եւ քրեական հետապնդման ենթարկվելով իրավապահների կողմից, անգամ՝ երբ ակնհայտորեն զոհն ինքն է։
Եթե մինչեւ 2018-ի իրականությունում երկրում մանկապղծության դեպք բացահայտվեր, քաղհասարակությունը, վստահաբար, կհասներ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին, կաղմկեր, կբողոքեր։ Վերջերս ականատես եղանք, թե ինչպես մի խիզախ լրագրող՝ Սյուզի Բադոյան անունով, բացահայտեց նման դեպք, հետեւողականորեն գնաց այդ դեպքի բացահայտման հետեւից, կարողացավ հասնել ոճրագործների ձերբակալմանն ու մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությանը, իսկ նախկին քաղակտիվիստները դրան որեւէ մասնակցություն չունեցան։
Վերացե՞լ են արդյոք բոլոր այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում էին մինչեւ 2018-ը, իհարկե՝ ոչ։ Նախկինում եղած քաղհասարակության պայքարի մոտիվացիաների եւ արդյունքների մասին հետեւությունները թողնում ենք ձեզ։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ
Խանութներում ջերմուկ, հայկական ոգելից խմիչքներ, բանջարեղեն արդեն չկան