Կարծես թե ճակատագրի հեգնանքով հունիսի 3-ին, երբ Պետերբուրգում մեկնարկել է Միջազգային տնտեսական խորհրդաժողովը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը վիճակագրական նոր տվյալներ է հրապարակել։
Հունվար-ապրիլ ամիսների սղաճը կազմել է 5,8 տոկոս, իսկ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով։ Արդյունաբերությունը աճել է 0,7 տոկոսով, իսկ շինարարությունը՝ կրճատվել 8 տոկոսով։
Փորձագետները արդեն զգուշացնում են Ռուսաստանում մոտալուտ ստագֆլյացիայի մասին։ Այս պատկերն է գծել «Նեզավիասիմայա գազետա»,-ն, որի մեկնաբանի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությամբ գումարված տնտեսական միջոցառումը «ավելի շատ քաղաքական հայտարարությունների հարթակի տպավորություն է թողնում»։
«Դատարկաբանություններ և տնտեսական գործընթացների իրական պատճառների թերասացություն, վիճակագրական տվյալների անհամապատասխանություն, խորքային վերլուծությունների բացակայություն, տնտեսական զարգացման նոր մոդելի քննարկումներից արմատական հոգնածություն, քանի որ դրանք արդեն մի քանի տասնամյակ կրկնվում են,- այդպիսին չպիտի լիներ երկրի ամենագլխավոր խորհրդաժողովը»,- դիտարկումները այսպես է ամփոփել ռուսաստանյան հեղինակավոր պարբերականը և վկայել Ռուսաստանի տնտեսության «անառողջության» հիմնական ցուցանիշը՝ նախորդ տարվա համեմատ հունվար-ապրիլ ամիսներին ներդրումները կրճատվել են միանգամից 14 տոկոսով։
Այս համապատկերին Հայաստանից գյուղմթերքների Ռուսաստան արտահանման արգելքների մասին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի պնդումը, թե դա «զուտ տնտեսական բնույթ ունի», ոչ մի քննադատության չի դիմանում։ Մանավանդ որ նա հաջորդ պահին իրեն հերքել է՝ ասելով, թե «Ռուսաստանը չի պատրաստվում իր հաշվին պահել Հայաստանին»։
Օվերչուկը փաստացի խոստովանել է, որ Աստանայում Ռուսաստանը կտրուկ դրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամությունը սառեցնելու հարց, բայց գործընկերները հասկացրել են, որ Միության պայմանագիրը նման կարգավորում չի նախատեսում։ Ըստ Օվերչուկի, այդ հարցը պետք է քննարկվի ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթաժողովում, բայց անմիջապես վերապահում է արել, որ, իհարկե, «դա կախված կլինի ընտրությունների արդյունքներից»։
Ռուսաստանում, երևում է, ոչ միայն վիճակագրական տվյալները չեն համընկնում, այլև՝ քաղաքական գործիչների հայտարարությունները։ Փոխվարչապետ Օվերչուկը չի ցանկանում «Հայաստանը հարստացել, որպեսզի վաղը Եվրամիության հետ Ռուսաստանի դեմ պատերազմի», իսկ նախագահ Պուտինը օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույցում «հիմարություն» է որակել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մասին «բոլոր տեսակի խոսակցությունները»։
Պետերբուրգի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում «ոչ մի խոշոր գործարք չի կնքվել»,- արձանագրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Իսկ այդ միջոցառման հանդեպ ԱՄՆ վերաբերմունքի ցայտուն դրսեւորումը նույն օրը տարածված տեղեկությունն է, որ Կոնգրեսը պատրաստվում է քվեարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի օգտին։

Բաց մի թողեք
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում
Բաքուն «կպարտակի» նաև իր քաղաքացիների սպանությունը Ուկրաինայի կողմից՝ Ազովի ծովում
ՌԴ նախագահի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացրել» է՝ ի տարբերություն Լաչինի միջանցքի