15/06/2026

EU – Armenia

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքի մանրամասները

ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման վերջնական հուշագրի տեքստում մի քանի փոխզիջումների են հասել։ 

Մասնավորապես, Վաշինգտոնը պարտավորվում է.

ապասառեցնել 24 միլիարդ դոլար իրանական ակտիվներից. այս գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքը կնքելը

չեղարկել Թեհրանի նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը

Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել

Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։

Իրանը՝

Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:

Միևնույն ժամանակ, Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ց Միացյալ Նահանգների հետ բանակցությունների օրակարգից։

Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։

Երեկ երեկոյան կողմերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել։ Ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։ Երկու երկրների իշխանությունների խոսքով՝ ամերիկյան ծովային շրջափակումը կավարտվի այսօր, իսկ համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը կհաջորդի Հորմուզի նեղուցի բացումը և դրա հետագա ականազերծումը։

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում:

Հունիսի 15-ից ԱՄՆ-ն կդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը, ինչպես նաև անհապաղ և մշտական կդադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Նա նշել է, որ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումը և տնտեսական զարգացումը, ինչպես նաև կողմերի կողմից ապագա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգի մեխանիզմը: Փոխարտգործնախարարը ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկը կախված է ԱՄՆ գործողություններից, մասնավորապես՝ ռազմական գործողությունների դադարեցումից, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումից և Իրանի ակտիվների ազատումից։

Ինչ է ներառվում փաստաթղթում

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը։

Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից.

Ռազմական գործողությունների հրատապ և անժամկետ դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։
ԱՄՆ-ի երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու և Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ։
Ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում։
ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումն Իրանի մերձակա տարածքներից։
Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում։
Իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցում։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստում են 300 միլիարդ դոլարի ծրագիր՝ Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար 60-օրյա ժամկետով բանակցություններ։
Թեհրանի հանձնառությունը` հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից։
Վաշինգտոնի պարտավորությունը՝ բանակցությունների ընթացքում լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու վերաբերյալ։
Իրանի՝ 24 միլիարդ դոլար արժեքով ակտիվների ապասառեցում։
Համաձայնագրերի կատարման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում:
Վերջնական համաձայնագրի հաստատումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
Վերջնական բանակցությունները կսկսվեն միայն Իրանի սառեցված ակտիվների կեսի ապասառեցման, նավթային պատժամիջոցների մեղմացման և ծովային շրջափակման վերացման պարագայում։

Ամերիկյան կողմի հայտարարությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։

Ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։

Թրամփը հայտարարել է «Իրանի ծովային շրջափակման անհապաղ վերացման» մասին և «թույլտվություն տվել» Հորմուզի նեղուցը բացելու ազատ անցման համար։ Նեղուցը կբացվի «ականազերծման համար» հունիսի 19-ին համաձայնագրի ստորագրումից հետո։

Իրանի ուրանի հարստացման 20-ամյա կասեցման վերաբերյալ բանակցությունները դեռևս շարունակվում են, բայց Վաշինգտոնը կարող է համաձայվել Իսլամական Հանրապետության համար 15-ամյա կասեցմանը։

«Թրամփը ակնարկեց, որ 15-ամյա կասեցումը կարող է ընդունելի լինել իր համար, բայց ասաց, որ Իրանը մշտապես կսահմանափակվի ցածր մակարդակներով հարստացմամբ, որը «զինվորականները երբեք չեն կարող օգտագործել», – The New York Times-ը մեջբերել է ամերիկացի առաջնորդի խոսքերը։

Միացյալ Նահանգները առայժմ չեն մասնակցի Իրանի միջուկային վառելիքի պաշարների վերացմանը։

Եթե Իրանի հետ վերջնական համաձայնության չհասնեն, Միացյալ Նահանգները կամ կվերսկսի ռազմական գործողությունները նրա դեմ, կամ կստանձնի «Մերձավոր Արևելքի պահապանի» դերը՝ տարածաշրջանի եկամուտների 20%-ի դիմաց։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է Միացյալ Նահանգների մեծ հաղթանակ։ Նա նշել է, որ համաձայնագիրը կարող է փոխել Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում։

«Այն կավարտի պատերազմը, այն Մերձավոր Արևելքն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար։ Դա կնշանակի բարգավաճում և էներգակիրների գների իջեցում ամերիկյան ժողովրդի համար»,- ասել է Վենսը։

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գոհ է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի պայմաններից։

Իրանական կողմի հայտարարությունները

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ «փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես պատրաստ է, և պաշտոնական ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում»։

«Մեհր» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին կբացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում։

Մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը պարտավորվում է վերացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը և իր ռազմական զորակազմը դուրս բերել Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից։ Ավելին, Միացյալ Նահանգները պարտավորվում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում չկիրառել նոր հակաիրանական պատժամիջոցներ կամ նոր ուժեր չտեղափոխել Մերձավոր Արևելք։ Հրադադարը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես և «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում։

Իրանական կողմի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է բանակցությունների վերջին փուլից առաջ ապասառեցնի իրանական մոտ 12 միլիարդ դոլարի ակտիվներ, իսկ 60 օրվա ընթացքում՝ ևս 12 միլիարդ դոլար, որի ընթացքում կգործի հրադադարը, և կշարունակվեն խորհրդակցությունները։ Սակայն Վաշինգտոնը հերքել է բանակցություններից առաջ 12 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցնելու իր պարտավորությունը։

Իրանը վնասի արժեքը գնահատել է 300 միլիարդ դոլար, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն վերակառուցման ծրագիր։

Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ստեղծել համաձայնագրի կատարմանը հետևող մեխանիզմ, որի դրույթները կամրագրվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևում։

Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումը և տնտեսական զարգացումը։

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ բանակցությունների մեկնարկը կախված է ԱՄՆ գործողություններից, մասնավորապես՝ ռազմական գործողությունների դադարեցումից, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումից և իրանական ակտիվների ապասառեցումից։