Լիբանանյան «Հըզբալա»-ն հայտարարություն է տարածել, որով երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ բանակցությունները և «վերադառնալ տարածաշրջանային առանցքի իրողություններին։
Կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջանները վերստին պետք է անցնել իր վերահսկողությանը, որպեսզի «արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպվի»։ Փաստացի «Հըզբալա»-ն անոնսավորել է Իսրայելի դեմ գործողությունները վերսկսելու մտադրությունը։
Այդ հայտարարությունը տարածվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու և վաթսունօրյա բանակցություններ սկսելու մասին «գործարքի վերջնական համաձայնեցումից» հետո։
Նախնական պայմանավորվածությամբ՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը տարածվում է նաև Լիբանանի հարավի վրա։ Իրանա-ամերիկյան «գործարքի» առթիվ քաղաքական կրքեր են բորբոքվել նաև Իրանի խորհրդարանում, որտեղ արտաքին գործերի նախարար Արաղչիին կոչ են արել հրաժարական տալ։
Այն, ինչ հունիսի 15-ին տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանում, կարելի է անվանել «քաղաքական միջուկային պայթյուն»․ ընդդիմադիր անխտիր բոլոր խմբակցությունները իրանա-ամերիկյան պայմանավորվածությունները հրեական պետության համար գնահատել են «աննախադեպ աղետ»։
Համաձայնագիրը սուր քննադատության է ենթարկել նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։
Նա հայտարարել է, որ Իսրայելը ինքնուրույն կշարունակի «իրանական ռեժիմը տապալելու պայքարը՝ կիրառելով ստեղծագործական մեթոդներ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա»։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի վաթսունօրյա բանակցությունների ընթացքում։
Ուրանի հարստացված պաշարները մնում են Իրանի տարածքում։ Պատերազմի մեկնարկից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե հարվածներ չհասցվեին, ապա Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում «կստեղծեր առաջին միջուկային ռումբը»։
Իսրայելի ընդդիմությունը եւ կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը դեմ են Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը, գտնում են, որ իրանա-ամերիկյան համաձայնությունը «հրեական պետության համար չպետք է իրավական ուժ ունենա»։ Լիբանանում խաղաղությանը դեմ է նաև «Հըզբալա»-ն։
Դա կարող է Բեյրութում ճգնժամի առիթ հանդիսանալ։ Իսրայելի բանակի ԳՇ նախկին պետ Այզենկոտը, որ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գործող վարչապետին հորդորել է արտահերթ ընտրություններ նշանակել, որպեսզի ձևավորվի Թրամփին «ոչ» ասելու ունակ կառավարություն։
Այս համատեքստում հայտնի է դարձել, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը 2027թ․-ին «Պաղեստինի նախագահի ընտրություններ անցկացնելու» մասին հրամանագիր է ստորագրել։ Նախատեսված է, որ մինչ այդ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Բացառված չէ, որ Պաղեստինի խորհրդարանը հռչակի անկախություն և ճանաչման համար դիմի միջազգային հանրությանը։ Արաբական երկրները Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման «Աբրահամյան համաձայնություններին» միանալու նախապայման են տեսնում Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Կասկածից դուրս է, որ Պաղեստինի և Երուսաղեմի հարցը ԱՄՆ-Իրան բանակցությունների առարկա է լինելու։ Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»։

Բաց մի թողեք
Մեդվեդևի գրքով են այսուհետ կրթվելու Ռուսաստանում
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հարցը
Բաքուն ձգտում է Հայաստանի հարավում հաղորդակցությունը «դուրս թողնել» Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա աշխարհաքաղաքական «միջանցքից»