20/06/2026

EU – Armenia

Սամվել Կարապետյանն ունի մի պատմական առաքելություն՝ համախմբել մեր ժողովրդին

«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանն է։

– Թվում էր՝ հետընտրական կրքերը հանդարտվել են, եւ փաշինյանական վերարտադրված ռեժիմը որոշակի դադար կտա, ու ընդդիմախոսների, հատկապես «Ուժեղ Հայաստանի» դեմ քաղաքական հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները կդադարեցվեն։ Բայց հետապնդումները շարունակվում են․ նոր մարդիկ են ձերբակալվում, Դավիթ Ղազինյանն էլ կալանավորվեց, պատգամավորության թեկնածու Աշոտ Եղիազարյանը։ Այս ամենի ֆոնին Փաշինյանը կրկին «բոցաշունչ» ելույթ է ունեցել՝ դարձյալ սպառնալով ընդդիմադիր ուժերին ու ձեր թիմին։ Ղազինյանի կալանավորումն ի՞նչ կտա իշխանություններին։

– Ակնհայտ է, որ Դավիթ Ղազինյանի հետ տեղի ունեցող զարգացումները ոչ մի աղերս չունեն իրավական գործընթացների հետ, դա հերթական դասական քաղաքական հետապնդումն է, որն իրականացվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի, պատգամավորության թեկնածուների, վստահված անձանց համակիրների եւ աջակիցների նկատմամբ։ Դավիթ Ղազինյանին ձերբակալելու մասին խոսակցությունները դեռ սկսվել էին ընտրությունների օրը։ Ես առավել քան վստահ եմ, որ պարոն Ղազինյանը, լինելով պատվարժան ընտանիքի զավակ, օրինավոր մարդ, ոչ մի հանցանք չի գործել առավել եւս՝ իրեն վերագրվող շինծու մեղադրանքը, որի համար որեւէ հիմք գոյություն չունի։ Նախընտրական շրջանից սկսած, արդեն հարյուրներով են չափվում այն քրեական գործերը, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստանի» թիմակիցներին, այդ թվում՝ բազմաթիվ պատգամավորության թեկնածուների։ Կանցնի ժամանակ, եւ բոլորը կհամոզվեն, որ «Ուժեղ Հայաստանի» անդամներին մեղսագրվող մեղադրանքները սին են եւ քաղաքական հետապնդումներից բացի, ուրիշ ոչ մի իմաստ ու բովանդակություն չունեն։ Սամվել Կարապետյանն ինքը հայտարարել է, որ իր թիմակիցներից ոչ ոք ընտրակաշառք ոչ մեկին չի առաջարկել, նման խնդիր մեզ հետ կապ ունենալ չի կարող։ Անգամ հայտարարել է, որ նման բան անողը «նիկոլ է»՝ ակնհայտ վիրավորական իմաստով բնութագրելով ենթադրյալ նման քայլ անողին՝ վստահ լինելով, որ դա իր թիմակիցների հետ կապ չունի։ Դավիթ Ղազինյանն ամուր խառնվածքով եւ դժվարություններ հաղթահարելու ունակ մարդ է։ Ես վստահ եմ, որ նա պատվով կտանի այդ փորձությունը եւ մեկ օր շուտ կվերադառնա մեր պայքարի շարքերը, որտեղ ինքն ունի առանցքային դերակատարում։

– Մինչ հետընտրական փուլում մասնակից, հատկապես ընտրական շեմն անցած ուժերից ժողովուրդն ակնկալում է հստակ դիրքորոշում՝ հետագա պայքարի, մանդատ վերցնել-չվերցնելու եւ այլնի հետ կապված, Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի միավորման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ ընդդիմությունը սխալ է թույլ տվել. շատ կուսակցություններ գերագնահատել են իրենց հնարավորությունները, իսկ նախապես միմյանց հետ պայմանավորվել չի հաջողվել: Նա առաջարկում է ստեղծել համակարգող խորհուրդ եւ հրապարակայնորեն քննարկել հետագա քայլերը: Որքանո՞վ էֆեկտիվ կլինի այս նախաձեռնությունը, եւ որչա՞փ ժողովուրդը ողջամիտ կհամարի պայքարի այս մեթոդը։

– Սամվել Կարապետյանն ունի մի պատմական առաքելություն՝ համախմբել մեր ժողովրդին, այդ թվում՝ քաղաքական ուժերին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադրումից անմիջապես հետո բազմաթիվ ճանաչված հանրային եւ քաղաքական գործիչներ համալրեցին այդ կուսակցության շարքերը՝ միանալով Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմին։ Այնուհետեւ, երբ որոշում կայացվեց՝ մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քաղաքական դաշինք կազմեց «Նոր դարաշրջան» եւ «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեց «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ «Ազատություն», «Ժառանգություն», «Կայունություն», ՀԺԱՄ կուսակցություններն անվերապահ աջակցություն հայտնեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այդպիսի դիրքորոշում հայտնեց նաեւ «Հայաքվե» քաղաքացիական միավորումը, ինչպես նաեւ՝ զոհված զինծառայողների ծնողներին միավորող ամենամեծ՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։ Մի շարք առանցքային կուսակցություններ, որոնք չէին մասնակցում ընտրություններին, կոչ արեցին իրենց համակիրներին՝ քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Արդյունքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը խորհրդարան անցած ամենամեծ քաղաքական ուժն է։ Այժմ Սամվել Կարապետյանը ջանքեր է գործադրում՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին միավորելու, նաեւ արտախորհրդարանական դաշինք կազմելու համար՝ մեկտեղելու մեր ընդհանուր ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու եւ պետության կործանարար աղետը կանխելու նպատակով։ Այս դեպքում խոսքն ընդհանուր արժեքների եւ նպատակների վրա հիմնված համագործակցության մասին է, որի ձեւաչափը եւ իրականացման կարգավորումները կորոշեն այն ուժերը, որոնք կհամախմբվեն եւ հիմք կդնեն հետագա համագործակցության համար։ Վստահ եմ, որ այն, ինչպես նախորդ դեպքերում, հաջողություն կունենա։