Մեր տեղեկություններով՝ հարյուրավոր ընտանիքներ զրկվել են հունիսի նպաստից: Մենք ահազանգեր ենք ստացել Գեղարքունիքի մարզում բնակվող նպաստառու ընտանիքներից, հատկապես` թոշակառուներից, որոնք մեզ պատմեցին, որ իրենց սոցիալական նպաստն այս ամսվանից կտրել են:
Հրապօարակ թերթը գրել է․ Երբ դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային տվյալ կենտրոն, իրենց պատասխանել են․ քանի որ թոշակը բարձրացել է 10 հազար դրամով, ուստի նրանց անապահովության միավորն իջել է, այդ իսկ պատճառով նպաստից զրկվել են:
Տեղեկացանք, որ միայն Գավառ համայնքում 200-ից ավելի ընտանիք զրկվել է հունիսի նպաստից: Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Նաիրա Խանդանյանը մեզ հետ զրույցում հստակ թիվ չնշեց, թե քանի նպաստառու է զրկվել նպաստից, միայն ասաց պատճառը, թե ինչու են զրկվել. «Հիմնականում տարեցներն են, որոնց թոշակը բարձրացել է 10 հազար դրամով, ունեն 10 հազար դրամի հետվճար եւ օգտվում են բժշկական առողջապահության ապահովագրության ծառայություններից»:
Թե քանի նպաստառու ընտանիք է զրկվել հունիսի նպաստից, հարց ուղղեցինք Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանին, սակայն նա չպատասխանեց մեր հարցերին, խորհուրդ տվեց դիմել ՄՍԾ:
«Հայաստանում նոր ներդրված համակարգում միջին նպաստի չափը 85 հազար եւ ավել դրամ է: Ունենք ընտանիք, որ 280 հազար դրամ նպաստ է ստանում, գնահատվել է, որ այդ մարդն իսկապես ծայրահեղ վիճակում է գտնվում: Այս նոր համակարգի իմաստն այն է, որ մենք թիրախավորված նպաստ տալիս ենք այն մարդկանց, որին համակարգն է ընտրում` մի քանի տասնյակ գործոն հաշվի առնելով:
Այն մարդկանց, ովքեր որ ունեն դրա կարիքը: Մարդու եկամուտը բարձրանում է, նա մեխանիկորեն դուրս է մնում համակարգից: Եթե մարդը գտնում է, որ սխալ է տեղի ունեցել` անսահմանափակ բողոքարկելու հնարավորություն կա»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը:
Թոշակառուներին նաեւ հուզում է այն հարցը, որ երբ ապրիլի 1-ից թոշակը բարձրացրին, ինչո՞ւ, օրինակ, հենց նույն ամսվա կամ մայիսի նպաստը չկտրեցին: Ստացվում է, որ իշխանությունը նախընտրական փուլում խաբել է մարդկանց` ե՛ւ նպաստն է տվել, ե՛ւ բարձրացած թոշակը, իսկ հունիսից կտրել է նպաստը: Եվ դա արել է, որ ՔՊ-ն ձայներ ստանա նպաստառուներից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է լավ հաշվարկ կատարել: Քանի որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելուց հետո, սոցիալական համակարգով միավորի իջեցում էր նախատեսվում, ըստ որի՝ հարյուրավոր ընտանիքներ պետք է զրկվեին թոշակից, ուստի թոշակները որոշել են բարձրացնել ապրիլի 1-ից, բայց նպաստներն իջեցնել հունիսից:
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման այս նոր համակարգը ներդնելու է հանրապետության ողջ տարածքում: Նոր համակարգով նպաստից զրկվելու են նաեւ անժառանգ թոշակառուները: Ինչպես ասում են՝ ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը