Հուլիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող, իր առանձնատնից գազանաբար բերման ենթարկված Գագիկ Ծառուկյանին:
Հրապարակ թերթը գրել է․ Նրա ձերբակալման հանգամանքներն ու պահման պայմանները տեղում ուսումնասիրելուց հետո ՄԻՊ գրասենյակը հերթական ստանդարտ հայտարարությունն է տարածել՝ «պետական մարմիններից պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալուց հետո կամփոփենք ուսումնասիրության արդյունքները»։
Բոլոր այս «ուսումնասիրություններն» ու «վարույթները»՝ աղմկահարույց միջադեպերի շուրջ, սովորաբար ավարտվում են հենց պաշտոնական հաղորդագրությունների փուլում կամ անհետանում պետական գերատեսչությունների նամակագրություններում, իսկ հանրությունը չի տեսնում վերջնարդյունքը, խախտված իրավունքի վերականգնումը։
Բոլորովին թարմ դեպք՝ ՄԻՊ աշխատողները հունիսի 25-ին անսպասելի այցելել էին ՆԳՆ Հատուկ կացարան, որտեղ ապրում են ապաստան հայցողները, եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել՝ հիգիենայի պայմանների, սննդի հետ կապված, մի երեխա էին գտել, որը դպրոց չէր գնում: Եվ ի՞նչ: Որեւէ պաշտոնյայի պատասխանատվության ենթարկելու, աշխատանքից հեռացնելու մասին լուր չկա:
Նախընտրական շրջանում՝ մայիսյան եւ հունիսյան բողոքի ցույցերի, ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների յուրաքանչյուր դեպքով ՄԻՊ-ը հայտարարում էր «սեփական նախաձեռնությամբ վարույթներ սկսելու» մասին: 2024 թ․ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան պողոտայում արյունահեղություն էր, եւ ոստիկանները լուսաձայնային նռնակներ կիրառեցին, վիրավորվեց 100-ից ավելի մարդ, վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց, ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոստացավ ուսումնասիրել տեսանյութերը։ Ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց: ՄԻՊ փափուկ միջամտությունը բերեց նրան, որ իրավապահները կանաչ լույս ստացան:
Հաջորդիվ քաղաքացիներին բերման ենթարկելու ձեւերն ավելի կոշտացան, իսկ լրագրողների հանդեպ ճնշումները սովորական դարձան։ Իրավապահ համակարգը ստացավ անպատժելիության ազդակ, քանի որ ՄԻՊ-ը կոշտ իրավական գնահատական չտվեց հատուկ միջոցների կիրառման իրավաչափությանը, իսկ սկսված վարույթների արդյունքներով ոչ մի բարձրաստիճան ոստիկանի պաշտոնանկություն չեղավ։
Նույն ցույցերի եւ դրանց հաջորդած իրադարձությունների ընթացքում արձանագրվեցին լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման եւ տեխնիկայի ջարդման բազմաթիվ դեպքեր։ Ի՞նչ արեց Անահիտ Մանասյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե «լրագրողների գործունեությունը չպետք է խոչընդոտվի», արդյունքում մեդիայի նկատմամբ ուժայինների վերաբերմունքը դարձավ ավելի ագրեսիվ՝ Ազգային ժողովի շենքում պատգամավորների անվտանգության աշխատակիցներն անպատիժ ձեւով վիրավորում էին լրագրողներին, քաշքշում, նրանց հավատարմագրերից զրկում:
ՄԻՊ աշխատակազմի կողմից կիրառվող իմիտացիոն իրավապաշտպանությունն ամենալավը երեւում է հանրային հնչեղություն ունեցող կալանավորների օրինակով։ Անդրդվելի հետեւողականությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում էին Արմեն Աշոտյանին, Նարեկ Սամսոնյանին, լուսանկարվում, տարածում հաղորդագրություն, թե «հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»։ Բայց ի՞նչ է փոխվում այդ այցերից հետո։ Ոչինչ։ Աշոտյանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ զանգերի, տեսակցությունների արգելքը, ամիսներ շարունակ չէին վերացվում, իսկ պաշտպանական կողմը շարունակում էր հայտարարել քաղաքական հետապնդման եւ իրավունքների կոպիտ խախտումների մասին՝ փաստելով, որ ՄԻՊ այցերը կրում են զուտ ֆորմալ բնույթ։ «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու փաստով ոչ մի իրավապահ այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, չնայած Մանասյանի՝ «իրավիճակն ուսումնասիրելու» խոստմանը: Պետական ապարատի գործողություններին չմիջամտելու եւ սեփական կաշին փրկելու մարտավարությանը ՄԻՊ-ը չի դավաճանում։
Եվ, ուրեմն, ո՞վ է Անահիտ Մանասյանը՝ պասիվ միջնո՞րդ, փոստատա՞ր՝ պետական գերատեսչությունների եւ քաղաքացու միջեւ, թե՞ մարդու իրավունքների պաշտպան, որը պետք է պահանջի՝ անհապաղ վերականգնել մարդու ոտնահարված իրավունքները: Կարո՞ղ են նշել գոնե մի քանի աղմկահարույց միջադեպ` Անահիտ Մանասյանի պաշտոնավարման 3 տարում, որ ՄԻՊ միջամտությունից հետո տեսանելի արդյունք է գրանցվել՝ հարցրինք ՄԻՊ խոսնակ Լիլիթ Հովհաննիսյանին: Նա մեզնից գրավոր հարցում պահանջեց՝ ասելով, թե 3 տարում այնքան շատ են եղել նման դեպքերը, որ իրենք միայն գրավոր հարցման դեպքում կարող են պատասխանել: Լավ, գոնե մի երկու-երեք դեպք կարո՞ղ եք նշել, որ ՄԻՊ վարույթների հիման վրա դատավճիռներ են կայացվել, կամ գոնե մեղադրական եզրակացություն է կազմվել: Սակայն անդրդվելի ՄԻՊ խոսնակը դարձյալ գրավոր հարցում պահանջեց:
Անահիտ Մանասյանը, անշուշտ, կարող է ասել, որ ՄԻՊ-ը պատժիչ կամ տուգանող մարմին չէ, նա միայն արձանագրումներ է անում, ամփոփում, հատուկ զեկույցների տեսքով ուղարկում մարմիններին, բայց այդ դեպքում ինչո՞ւ են բոլոր կատեգորիաների տուժողները հույս կապում այս կնոջ հետ: Որովհետեւ անո՞ւնն է հնչեղ՝ մարդու իրավունքների պաշտպան:
ՀԳ. Հանուն արդարության պետք է նշել, որ ՄԻՊ գրությունների հիման վրա իրավապահները երբեմն քրեական վարույթներ նախաձեռնում են, օրինակ, 2026թ. փետրվարին լրատվամիջոցներով տարածված բռնության տեսանյութի հիման վրա: Քրեական ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանը, փողոցում հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ էր հասցնում քաղաքացուն։ ՄԻՊ-ի միջամտությունից հետո նախաձեռնվեց քրեական վարույթ, նրան մեղադրանք առաջադրեցին Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգում պաշտոնատար անձի կողմից, եւ երկու ամսով տնային կալանք սահմանեցին: Բայց սա, թերեւս, հանրությանը հայտնի եզակի դեպքն է: Կարելի է հիշատակել նաեւ մանկատներում, հոգեբուժարաններում ՄԻՊ աշխատակազմի արձանագրած առերեւույթ հանցագործության դեպքերը: Դրանցով ՄԻՊ-ը հանրությանը հպարտորեն զեկուցեց՝ «մեր դիմումի հիման վրա վարույթ է սկսվել», բայց վարույթները մնացին օդում: Թե այդ վարույթների արդյունքում քանի ոստիկան, քանի պաշտոնյա իրականում դատապարտվեց կամ հեռացվեց աշխատանքից, հայտնի չէ։ Վարույթներն ամիսներով «քնում են» քննչականի դարակներում, մինչեւ որ բոլորը մոռանան դեպքերի մասին, իսկ ՄԻՊ-ն իր պարտքը համարում է կատարված՝ թղթաբանությունը փոխանցելով այլ գերատեսչության: Անահիտ Մանասյանի պաշտոնավարման ընթացքում չկա հանրային հնչեղություն ունեցող որեւէ դեպք, երբ ՄԻՊ-ի դիմումով հարուցված քրեական վարույթը հասած լինի դատավճռի: Իսկ երեկ մի հաղորդագրությունից տեղեկացանք, որ ՄԻՊ-ը «հերոսական» արարք է կատարել` աջակցել է, որ տնային կալանք կրող անձի նամակը հասնի փոստատուն․ մինչ այդ պրոբացիոն ծառայությունը դրան խոչընդոտելիս է եղել:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
Դատավորները չեն վախենում Փաշինյանից
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում