24/08/2026

EU – Armenia

Շտապ հայտարարություն․ Մենք չե՜նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք

ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարելի էր հետեւել բարեկամներիս խորհրդին՝ համբերել եւ չշտապել ԵՄ անդամակցելու մոտալուտ հայտի մասին լուրը ողջունելով։ Այո, այս տեղեկությունն անակնկալ է թվում՝ օրեր առաջ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի համեմատ, որտեղ ԵՄ անդամակցումը չէր հիշատակված որպես ՀՀ քաղաքական օրակարգի առաջնորդություն։

Չեմ ցանկանում գուշակել, թե ինչ կատարվեց վերջին ժամերին, ինչ արտաքին եւ ներքին հանգամանքներ են առաջացրել այսպիսի կտրուկ շրջադարձ։ Մի բան պարզ է՝ սխալ է «անսպասելի» անվանել վաղուց հասունացած եւ սպասված, ակնհայտորեն անխուսափելի այս քայլը։ Ուստի ես չեմ խուսափում շտապել ողջունելու ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։

Վստահ եմ՝ ինչպես եւ 2024 թ. ամռանն ու աշնանը, երբ «Եվրադաշինքի» կազմում մեզ հաջողվել էր համոզել Փաշինյանին հավանություն տալ ԵՄ անդամակցության համար մեր ստորագրահավաքին եւ դրա արդյունքում՝ 2025 թ. մարտի 26-ին համապատասխան օրենքի ընդունմանը, այդպես էլ հիմա՝ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի պայթյունավտանգ իրավիճակում նա, թեեւ ուշ, ի վերջո ընդունելու է այս միակ ճիշտ որոշումը՝ սկսել ԵՄ անդամակցության գործընթացը։

Եթե դրա ընթացքում պահանջվի համազգային հանրաքվե, ապա Հայաստանի Եվրոպական կուսակցությունն, ինչպես եւ երկու տարի առաջ, պատրաստ է իր բոլոր միջոցներով եւ հնարավորություններով աջակցել այդ գործին։

Ինչպես նշված է 2024-ին ստորագրված «Եվրադաշինքի» հիմնադիր փաստաթղթում, մենք պատրաստ ենք սատարել ԵՄ անդամակցությանը ուղղված ՀՀ իշխանությունների ցանկացած քայլին, նույն սկզբունքայնությամբ, որով հակադրվում էինք այս տարիներին հակառակ քաղաքական տրամաբանությամբ արվող իշխանության գործողություններին։

Ուրախ ենք, որ մեր ծրագրային նպատակն իրականանում է, որ մեր գաղափարական տեսակետն ընդունվում է, որ նոր շունչ ու իմաստ է ստանում տարիների մեր աշխատանքը Հայրենիքի անվտանգության եւ հզորացման համար։

Շնորհավորում եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամներին եւ համախոհներին՝ ձեր բոլորի ներդումն անգնահատելի է ու անգին։ Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս, անկախ նրանց քաղաքական հայացքներից՝ մեր Հայրենիքի երեկվա փառքը, այսօրվա փրկությունը եւ վաղվա հաղթանակները հնարավոր են միայն հզոր ռազմաքաղաքական դաշինքում՝ Եվրոպական Միության կազմում։

Մենք չե՜նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

ՀԵՎԿ, 2026 թ. օգոստոսի 24, Երեւան