«Գիշատիչների հետ իմ աշխատանքային փորձի ընթացքում երեւի մեկ-երկու դեպք է եղել, որ քնեցրած վիճակում ենք տեղափոխել»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծի քնեցմանն ու դրա հետեւանքով կենդանու անկմանը՝ ասաց Երեւանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը:
Հրապարակ թերթը գրել է․ «Ցանկացած նարկոզ ցանկացած օրգանիզմի համար՝ լինի մարդ, թե կենդանի, ռիսկային է: Ավելորդ անգամ կենդանուն նարկոզ տալու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մենք շատ լավ տեղափոխում էինք, մինչեւ Ռուբեն Խաչատրյանի՝ կենդանաբանական այգի գալը, որովհետեւ մենք ունեինք շատ հմուտ աշխատակիցներ: Վանդակից վանդակ մտնում էր կենդանին, սիրուն տանում էին, այնտեղից բացում էինք, անցնում էր»,- ասաց անասնաբույժը: Նա հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ արջը փախել էր, Լենինգրադյան փողոցում հենց կենդանաբանական այգու այն ժամանակվա աշխատակիցներն են գնացել, արջին բռնել ու առանց քնեցնելու՝ մտցրել վանդակը:
«Երբ Ռուբեն Խաչատրյանը եկավ կենդանաբանական այգի, ու Եվրոպայից գալիս էին, իրենք ապշում էին մեր կարողությունների վրա՝ ոնց ենք մենք աշխատում: Ծառուկյանի մոտից մեզ մոտ սպիտակ վագր էր տեղափոխվել՝ վնասվածքով, կռիվ էր եղել, հետեւի պոչը լավ վնասվել էր, ու երեք ամիս, ամեն օր մենք նրա վնասվածքը մշակել ենք։ Եվ երբ հոլանդացիները եկել էին ու ուսումնասիրում էին վագրի սկզբնական պատկերը, ասեցին՝ այս ո՞նց եք արել, ասեցի՝ մշակել ենք երեք ամիս, ապշած նայեցին ու հարցրին՝ ո՞նց եք երեք ամիս, ամեն օր քնացրել, ու ինքը ողջ է մնացել։ Ասեցի՝ ոչ մի օր չենք քնացրել: Մեր աշխատաոճը կարող է ժամանակակից չէր, բայց այն շատ ավելի լավն էր ու կենդանիների համար անվնաս էր, ռիսկային չէր: Մենք երբեք չենք քնացրել: Կենդանիների հետ վարվելու, տարբեր իրավիճակներում տարբեր մոտեցումներ ցուցաբերելու հնարավորություն, ձեւ կա: Քնացնել, շոու սարքել՝ լավ չի, էլի»,- շեշտեց Ռաֆայելյանը:
Հարցին, թե արդյոք առյուծի անկումը վրեժխնդրությո՞ւն էր Ծառուկյանից՝ նրան ցավեցնելու համար, ասաց. «Գիտեք, իրենց ճանաչելով՝ չեմ բացառում, որ տգիտության արդյունք է: Կենդանաբանական այգու աշխատողների աշխատաոճը։ Սա առաջին դեպքը չէ, կենդանաբանական այգին, բնականաբար, այդ մասին չի խոսում, բազմիցս նման խնդիրներ են եղել: Տեղափոխման ընթացքում կորուստներ իրենք շատ մեծ քանակով են տալիս, իրենք չեն ուզում բարձրաձայնել, բայց սա կարո՞ղ է եզակի դեպք էր»: Մեր դիտարկմանը, որ տեսանյութում երեւում է, թե այգու աշխատակիցներն ինչպես են առյուծի ամեն թաթը բռնել, ու ամեն մեկը մի կողմ քաշելով փորձում է տեղափոխել, դա ընդունվա՞ծ ձեւ է՝ առյուծ տեղափոխելիս, ասաց, որ առյուծները բավականին ծանր կենդանիներ են: «Սովորաբար նորմալ երկրներում շարժական կռանիկներ են ունենում՝ էլեկտրական, որ հագցնում են, բարձրացնում են, ֆռացնում են, պառկացնում են, բայց առյուծի դիրքը բացարձակապես տեղափոխմանը համապատասխան դիրք չէր: Նարկոզի, դեղի ֆոնին կենդանին ունենում է սրտի աշխատանքի դանդաղում, արյան շրջանառության դանդաղում, թոքերի դիաֆրագմայի աշխատանքի դանդաղում, նարկոզի ժամանակ որ վիրահատում ես, ինքը պառկած է՝ սկսում է շնչառության թուլացումը, շուռ ես տալիս՝ կենդանին հետ է գալիս: Դիրք գոյություն ունի, իր շնչուղիները պիտի մաքսիմալ ազատ լինեն, ինքը չի կարող լեզուն շարժել, չի կարող թուքը կուլ տալ, չի կարող ոչինչ անել: Կենդանին մաքսիմալ պետք է ուղղահայաց փորի վրա պառկած լինի, որովհետեւ իր դիաֆրագման էլ է կողքի վրա աշխատում, մենք ուղիղ ենք շնչում, իրենք կողքից են շնչում։ Տեղից չի շնչում, ու դու իր քաշը գցել ես կողքի վրա: Այսինքն այն, ինչ տեսանք տեսանյութում, կատարյալ անփութություն էր այդ քնած առյուծի նկատմամբ, ու այդ հանգամանքները կարող էին պատճառ դառնալ, որ կենդանին չզարթներ»,- շեշտեց կենդանաբանական այգու նախկին անասնաբույժը:

Բաց մի թողեք
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում
Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ