Երբ ասում էինք` Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի անդառնալիորեն փչացնել, չի նշանակում Ռուսաստանի համար ուշքներս գնում էր կամ` ռուսական իրականության թերությունները մենք չգիտեինք, կամ` ինքնիշխանության արժեքը ձեր չափ չէինք հասկանում:
Հրապարակ թերթը գրել է․ Ոչ: Ուղղակի հասկանում էինք, որ Ռուսաստանի նման պետության հետ չարժե հարաբերություններ փչացնել: Բայց ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրինակով պատերազմ կհայտարարի, այլ տնտեսական նկատառումներից, նաև` Ռուսաստանում ապրող հայության շահերից ելնելով:
Եթե անգամ մեկ գյուղացի, մի տնտեսվարող, մեկ արտահանող տուժելու էր ձեր պոռոտախոսության արդյունքում և դուք չէիք կարողանալու այդ պոռոտախոսությանը մինչև վերջ «տեր կանգնել», ուրեմն պետք է զերծ մնայիք պոռոտախոսելուց: Այս պարզ կանոնն անգամ շարքային մարդկանց հարաբերություններում է ճիշտ, ուր մնաց պետությունների, առավել ևս Ռուսաստանի դեպքում չգործի:
Երբ ասում էինք` ընդդիմությանը, հոգևորականներին, ձեզ ընդդիմացողներին մի հայհոյեք, մի կալանավորեք, կոռեկտ արտահայտվեք, հանդուրժող եղեք քննադատությանը…ձեր հայհոյախոս թիմակիցներին, կեղծ իրականություն ձևավորող ֆեյքերին զսպեք…չի նշանակում մենք հայհոյել չգիտենք, էմոցիա չունենք, հայհոյանք-լուտանքներով լիցքաթափվելու ձևը չգիտենք: Ոչ: Ուղղակի հասկանում էինք, որ ամեն հայհոյանք անդառնալիորեն ապականելու է երկրի մթնոլորտը, հայհոյանքը դարձնելու է առօրյա շփման ձև, հետո վերածվելու է ծեծի, կրակոցների, վենդետաների…Եվ այդ ատելությունն անգամ ձեր ծեր ծնողներին, նոր ծնվող երեխաներին է վերադառնալու…Եվ դա հասկանալու համար մեծ խելք պետք չէր:
Երբ ասում էինք` գիտելիքների, փորձի, հմտությունների պակասով երկրի կառավարում չեն ստանձնում, երկիր կառավարելը խաղ ու պար չէ, իսկ ցանկություններն ու հնարավորությունները շատ տարբեր բաներ են: Հետո ժամանակի ընթացքում էլ նորանոր զիջումների, զոհողությունների, խարդախությունների ու դավաճանությունների եք գնալու իշխանությունը պահելու համար, մենք պայծառատես չէինք, պարզապես տարրական տրամաբանական շղթա էինք կառուցում:
Որքան էլ Տարոն Աճեմօղլու կարդա, կիրակնօրյա պատարագ լսի, ճնճղուկների կյանքից տեսանյութեր տեղադրի, թատրոն գնա…շատ քիչ մարդու է այլևս հնարավոր համոզել, որ երկրի բնականոն կյանքը շարունակվում է, ամեն ինչ կառավարելի է, կա «խաղաղություն, զարգացում և առաջընթաց»: Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդ է տեսնում այն փակուղին, քաոսը, անկանխատեսելի ապագան, որն ուրվագծվում է առջևում… իրենց գործունեության շնորհիվ:
Փաստ է, որ ընտրությունները ոչ մի հարց չլուծեցին, ընտրություններով մեր պետության ներքին ու արտաքին փակուղին ավելի ընդգծվեց…
Նկարում` հակառուսական ակցիայից մի կադր…


Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար