28/07/2026

EU – Armenia

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի անգործությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ «Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես իր սեփական կամ անկախ տարածք»։

«Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ ՀԱՊԿ մեխանիզմների չկիրառումը Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես իր տարածք չճանաչելու հետ կապելու փորձերը անհիմն են և հակասում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը: Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմային՝ աղավաղելով մի շարք փաստեր:

«Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել ո՛չ իր սեփական, ո՛չ էլ անկախ տարածք»,- նշել էր Զախարովան։

Հայաստանը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ կապված՝ պահանջելով դաշինքից համապատասխան դիրքորոշում և գործողություններ:

Դաշինքի անգործությանն ի պատասխան՝ 2024 թվականի սկզբին հայկական կողմը վերանայել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ սառեցնելով անդամակցությունը: