ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել, բայց, այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է»,- ասել է Պեսկովը։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ թույլ տալով «ինտելիգենտ ամուսնալուծության» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի է հանրաքվե անցկացնել այդ հարցով։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։

Բաց մի թողեք
Թուրքիա-Հունաստան երթևեկությունը դադարեցվել է․ լարված վիճակ է
ԵԱՏՄ-ն մտադիր չէ փրկել Հայաստանի քաղաքական անձնակազմի «խորտակումը»․ ՌԴ ԱՀԾ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադե