Որոշ տեղեկություններով, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն անասելի ծանր է տարել իր թիմի՝ իրեն հասցրած հարվածը, երբ նախորդ շաբաթ ՔՊ վարչությունն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրեց Վիլեն Գաբրիելյանին, մինչդեռ առաջադրվել էր նաեւ Սասուն Միքայելյանը, ինչպեսեւ՝ Արմեն Խաչատրյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք տեղեկացանք, որ Սասուն Միքայելյանին վարչության ներկայիս 19 անդամից ընդամենը 5-ն է կողմ քվեարկել, նա քվեարկության հենց առաջին փուլի արդյունքներով է դուրս մնացել։ Երկրորդ փուլ է անցել 2 հոգի՝ Վիլեն Գաբրիելյանը եւ Արմեն Խաչատրյանը։
Գաբրիելյանի օգտին կողմ քվեարկել է ՔՊ վարչության 10 անդամ, Արմեն Խաչատրյանի օգտին՝ 9-ը։ Հիշենք, որ այդ նիստին չի մասնակցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, ի դեպ, տեւական ժամանակ արտերկրում է՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո հոգեկան անդորրն է վերականգնում։
Երեկ Սասուն Միքայելյանին մի քանի հարց տվեցինք՝ իր դիրքերը զիջելու, կուսակցությունից նեղանալու մասին։
– Պարոն Միքայելյան, ի՞նչ բացատրություն ունեք՝ ինչո՞ւ Ձեր հարազատ կուսակցությունը մերժեց Ձեզ։
– Քվեարկություն է եղել, իրենք են քվեարկել, ինձ ինչի՞ ես հարցնում որ։
– Այնքան նեղացած եք, որ չե՞ք ուզում Ձեր կարծիքը հայտնել, ի վերջո, Դուք ՔՊ-ի «կամանդիրն» եք, ԵԿՄ ղեկավար, ավելի շատ կապ ունեք պաշտպանական ոլորտի հետ, քան մյուս առաջադրված թեկնածուները, ի՞նչ պատճառով են Ձեր դիրքերն այդքան թուլացել Ձեր իսկ հիմնադրած կուսակցությունում։
– Չկա նման բան, ես իմ դիրքերը ոչ մի տեղ չեմ թուլացրել, ընտրությունն իրանցն էր, իրանք են ըտենց ընտրել։
– Եթե թուլացած չլինեին, չէին գերադասի Վիլեն Գաբրիելյանին, որին ամիսներ առաջ հարբած վիճակում՝ լրագրողներին վիրավորելու համար պարտադրել էին մանդատից հրաժարվել, ու ընդհանրապես՝ ինքն ի՞նչ կապ ունի պաշտպանության ոլորտի հետ։
– Հա, ի՞նչ կապ ունի, Վիլեն Գաբրիելյանն իմ ընկերն ա, ու հերիք ա ըտենց բաներ խոսաս։
– Անգամ «նախկին» համարվող Արմեն Խաչատրյանն է Ձեզնից շատ ձայն ստացել…
– Էդ ուրիշ հարց ա․․․
– Ինչո՞ւ, ե՞րբ եք կորցրել կուսակցության սերն ու հարգանքը, Դո՞ւք եք հեռացել հեղափոխական արժեքներից, թե՞ թիմն է հեռացել։
– Ամեն անգամ դու տանում ես քո ձեւով։
– Ինչո՞ւ պատժեցին Ձեզ կամ լավ, ինչո՞ւ չվստահեցին։
– Ո՞վ պատժեց, կարող ա բարձրացրեցին, ես իմ երկրի ու ժողովրդի նկատմամբ եմ ամենամեծ վստահությունը ստանձնել։
– Ոնց որ շուտով ԵԿՄ-ն է՞լ է լուծարվում, կարո՞ղ է դրա համար եք խորհրդարան եկել, որ անգործ, առանց կարգավիճակ չմնաք։
– Լավ, արդեն դու․․․ ես էսքան վախտ գործի, կարգավիճակի կռի՞վ եմ տվել, էլ չեմ ուզում պատասխանել։

Բաց մի թողեք
Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ
Ցավալի ու անհաղթահարելի փակուղի