Ահա եւ մեկնարկեց հերթական՝ 9-րդ գումարման Ազգային ժողովը։ Երկու օր է՝ մարդիկ ուշագրավ սերիալի նման հետեւում են խորհրդարանում ընթացող նիստերին։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած սպասումները շատ փոքր են, եւ ոչ մի բան չի հուշում այն մասին, որ այս խորհրդարանը նախորդից լավն է լինելու կամ ավելի լավ օրենքներ է ընդունելու, կամ ավելի խելացի ու կոմպետենտ է լինելու եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրներին կարողանալու է լուծումներ տալ։
Ցավալին այն է, որ, ըստ Սահմանադրության, խորհրդարանական կառավարման երկրում մենք ամենամեծ կեղծիքի հետ գործ ունենք․ մեր երկրում խորհրդարանը չէ կառավարող թիվ մեկ մարմինը, այն ընդամենը գործադիր իշխանության կցորդն է։ Եվ ինչպես նախկինում մեկ անձ՝ երկրի նախագահն էր որոշում ամեն ինչ, այնպես էլ հիմա մեկ անձ՝ վարչապետն է որոշում։
Բայց նախկինում գոնե մարդիկ ուղիղ ընտրության սկզբունքով իրենք էին ընտրում այդ անձին՝ նախագահին, հիմա քողարկված ու անուղղակի ընտրություն է ընթանում, եւ դա եւս խանգարում է, որ մարդիկ ընկալեն ընտրության նշանակությունն ու իմաստը։ Իհարկե, նախընտրական փուլում ՔՊ-ի քարոզչությունը հիմնականում մեկ անձի վրա էր կառուցված՝ Նիկոլ Փաշինյանի, բայց դրանով իսկ ոչնչացվում էր կուսակցական պայքարի, խորհրդարան ընտրելու գաղափարը։
Ստացվում է, որ անունը դրել ենք պառլամենտական կառավարում, բայց շարունակում ենք մեկ անձի կառավարման պայմաններում ապրել։ Այս պարագայում գրեթե միապետական կառավարում է երկրում հաստատվել, երբ ամեն ինչ որոշում է մեկ անձ՝ թույլ չտալով, որ որեւէ համակարգ ու պետական իշխանության մարմին իրականացնի իր առաքելությունը։
Այս կեղծիքին կարելի էր, իհարկե, վերջ տալ։ Կարելի էր իրականությունը համապատասխանեցնել օրենսդրական դաշտին կամ հակառակը՝ օրենսդրական դաշտը՝ իրականությանը։ Կարելի էր իրական փոխզսպման մեխանիզմներ գործարկել։ Կարելի էր թույլ չտալ, որ իշխանության գլխին գտնվող ուժն ու անձն անհավասար՝ արտոնյալ պայմաններում գտնվեն այլ կուսակցությունների հետ մրցապայքարում։ Կարելի էր փոխել Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ խորհրդարան չանցած ուժերի փոշիացրած ձայներն իշխանական ուժի կողմից կլանելու դրույթը փոխել։ Կարելի էր այնպես անել, որ ընտրություններից 6 ամիս առաջ իշխանության գտնվող ուժը բարեփոխումներ անելու եւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելու հնարավորությունից զրկվեր։ Շատ բան կարելի էր անել, բայց դա կարող է անել խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցությունը, որը դա երբեք չի անի, եւ, ըստ այդմ, մենք երբեք արդար ընտրություններ չենք ունենա, ինչպես նաեւ երբեք մեր իրականությունը չի համընկնի օրենսդրական դաշտին, եւ երբեք անձի իշխանությունը չի փոխարինվի համակարգերի իշխանությամբ։ Չեն անի, քանի որ մարդիկ ագահ են ու իշխանատենչ եւ պետականամետ մտածողություն չունեն։

Բաց մի թողեք
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ
Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին
Ծառուկյանի համար բանտախցում դաժան պայմաններ են ստեղծել